«Տեղական օլիգարխներն այդ մի բիզնեսն էլ հայ գյուղացու ձեռքից խլեցին. դրա մասին ոչինչ չի խոսվում». Հրաչ Բերբերյան

«Կառավարությունը նորից նվեր է արել գործարաններին և գյուղացուն հատկացվող սուբսիդավորման վարկերը նորից տվել են նրանց։ Նույն պատմությունը կրկնվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով խաղողագործների բողոքի ակցիային, ովքեր այսօր վաղ առավոտից փակել են Երևան-Արմավիր ճանապարհը և բողոքում են մթերման գներից։

Ագրարագյուղացիական միավորման նախագահը դեմ է, որ սուբսիդավորման վարկերը գործարաններին տրվեն. նա նշում է, որ դրանք գյուղացու համար են. «Բայց նախարարությունն էլի այդ վարկերը գործարաններին է տալիս։ Գյուղացին պետք է շահույթ ստանա։ Նախարարությունը հայտարարում է, թե վճարման հարցը լուծել են, բայց շատ կներեք, եթե մի քանի գործարան որոշում են մի գին, որը մոնոպոլ վիճակի է բերում, Գյուղատնտեսության նախարարությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի՝ գնագոյացման հետ կապված։ Եթե կասկած կա, որ գործարանները փոխադարձ պայմանավորվածությամբ են այդ գները թելադրում, դրա համար կա հակամենաշնորհային ծառայություն»։

Շարունակելով մենաշնորհների թեման, Բերբերյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ շրջում էր գյուղմթերքի շուկաներում, զարմանք արտահայտեց, որ հիմնականում ջերմոցի լոլիկն է վաճառվում.

«Արդյո՞ք դա ձեզ տարօրինակ չի թվում, որ օգոստոս ամսին, որը դաշտի լոլիկի վաճառքի շրջանն է, հիմնական վաճառքը եղել է ոչ թե դաշտի, այլ ջերմոցի արտադրանքի մասով։ Պատճառը հետևյալն է. արդեն 5 տարի պայքարում ենք մորմազգի ցեցի դեմ, որ գյուղացին կարողանա լոլիկ մշակել։ Գյուղատնտեսության նախարարությունը համառորեն չի անում այդ ծրագիրը. ամեն ինչի համար գումար ունեն, դրա համար չունեն։ Այստեղից գալիս ենք եզրակացության, որ Գյուղատնտեսության նախարարությունը, կամա թե ակամա, հովանավորում է խոշոր ջերմոցատերերին, որոնք ամռանը չգիտեն՝ իրենց արտադրանքը որտեղ վաճառեն, և բերում են շուկաներ։

Եթե դաշտի լոլիկը 100 դրամով լիներ շուկաներում, նրանք այսօր 250 դրամով չէին կարող խանութները լցնել ջերմոցային լոլիկով։ Միանշանակ կասկած կա, որ այստեղ կազմակերպված ձևով հայ գյուղացու ձեռքից լոլիկի արտադրությունը խլում են։ Դա պատահական չեմ ասում, այդ խոշոր ջերմոցատերերը դրան կգնան, որովհետև այս սեզոնին ջերմոցի լոլիկը պահանջարկ չունի»։

Նա նկատեց՝ խոշոր ջերմոցները լծակներ ունեն և կարող են ազդել կառավարման որոշ համակարգերի վրա. «Այդ ջերմոցատերերը հանրապետությունում ազդեցիկ մարդիկ են, և բնականաբար, այստեղ մենք կունենանք այդ վիճակը։ Տեղական օլիգարխներն այդ մի բիզնեսն էլ գյուղացու ձեռքից խլեցին, որի մասին ոչինչ չեն խոսում»։

Տեսանյութեր

Լրահոս