Ինչով է սպառնում կալիումի անբավարար մակարդակը
Կալիումը կարևոր տարր է, որի անբավարար մակարդակն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Econet.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է հետևել սննդակարգին՝ օրգանիզմին անհրաժեշտ քանակով կալիումով ապահովելու համար:
Կալիումն անհրաժեշտ է մկանային հյուսվածքների, սրտի ռիթմի, pH-ի մակարդակի կարգավորման, բջիջներին սննդարար նյութեր հասցնելու, ինչպես նաև օրգանիզմում հեղուկի մակարդակը կարգավորելու համար: Որպես կանոն՝ այս հանքանյութի մակարդակն օրգանիզմին չի բավականացնում վատ սնվելու, ինչպես նաև մեծ քանակով աղի մթերք օգտագործելու հետևանքով:
Կալիումի մակարդակի նվազման պատճառ կարող են դառնալ նաև.
- երիկամների հիվանդությունները
- դեղամիջոցների, հատկապես՝ միզամուղների և հակաբիոտիկների օգտագործումը
- ջրազրկումը առատ քրտնարտադրության, դիարեայի կամ փսխման հետևանքով
- մագնիումի անբավարար մակարդակը:
Օրգանիզմում նկատվող որոշ նշաններ կարող են օգնել հասկանալ, որ կալիումի մակարդակը նորմայից ցածր է:
- Հոգնածություն: Ուժերի անկում, հյուծվածություն, էներգիայի բացակայություն… այս վիճակի պատճառ կարող է դառնալ նաև կալիումի անբավարար մակարդակը, քանի որ այս հանքանյութն ապահովում է ջրի և էլեկտրոլիտների հավասարակշռությունը, էներգիայի արտադրումը, դրա փոխանցումը բջիջներին:
- Ճնշման բարձրացում: Կալիումն օգնում է հանգստացնել արյունատար անոթները, նատրիումը հեղուկը պահում է օրգանիզմում: Երբ օրգանիզմում կալիումի մակարդակը նվազում է, բարձրանում է նատրիումի մակարդակը, ինչի արդյունքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, բարձրանում է զարկերակային ճնշումը:
- Մկանային թուլություն, ջղաձգումներ: Կալիումը կարևոր է մկանների աշխատանքի համար: Որքան մեծ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այնքան շատ կալիում է կորցնում օրգանիզմը:
- Առիթմիա: Կալիումը հատկապես կարևոր է սրտի աշխատանքի համար: Երկար ժամանակ այս հանքանյութի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների:
- Փորկապություն: Նյութափոխանակության համակարգի նորմալ աշխատանքի համար կարևոր է մկանների աշխատանքը, իսկ կալիումը պատասխանատու է մկանների կրճատման համար: Այս հանքանյութի անբավարար մակարդակը կապված է աղիների անցանելիության խնդիրների և նյութափոխանակության վատացման հետ:
- Վերջույթների թմրածություն, ծակոցներ: Նյարդային ազդակների փոխանցման խանգարումը վերջույթների թմրածության ու ծակոցների պատճառ է դառնում:
- Գլխապտույտ: Կալիումի ցածր մակարդակը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա, ինչի արդյունքում գլխուղեղը բավարար քանակով թթվածին չի ստանում: Արդյունքում՝ գլխապտույտ է առաջանում:
- Այտուցվածություն: Կալիումի անբավարար մակարդակի վրա ազդող էական գործոններից մեկը վերամշակված սննդի օգտագործումն է: Որպես կանոն՝ դրանցում մեծ քանակով նատրիում է պարունակվում: Արդյունքում՝ օրգանիզմում հեղուկ է կուտակվում:
Ինչպես վերականգնել կալիումի մակարդակը
Կալիումը մակարդակը հեշտությամբ կարող է վերականգնվել սննդի միջոցով: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.
- ավոկադո
- կանաչ բանջարեղեն
- գազար
- կարտոֆիլ
- լոբազգիներ
- ցիտրուսային մրգեր
- սունկ
- տանձ
- բանան
- սև սալոր
- չամիչ
- ձմերուկ
- պիստակ
- տավարի միս
- ձուկ
- կաթ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը