ԱՀ ԱԺ նախագահն Արցախի հասարակությունում ավելի մեծ զգուշավորություն է տեսնում Հայաստանի փոփոխություններից հետո
Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Արցախի հասարակությունն ավելի զգուշավոր է ներքին կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերում։ Այս մասին նշել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Արցախի հանրությունը միանշանակ ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ եւ արատավոր երեւույթների դեմ ՀՀ իշխանությունների քայլերը։ Անկախության տարիներին Արցախի եւ մայր Հայաստանի միջեւ հարաբերություններն ինտեգրման այնպիսի մակարդակի են հասել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող արձագանք չգտնել Արցախում, եւ հակառակը։ Այս համատեքստում, սակայն, անկարելի է չընդունել, որ ներկա իրողությունների պայմաններում Արցախի հասարակությունն ավելի զգուշավոր է ներքին կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերում։ Հունիսի սկզբների եւ դրան հետեւած երկու ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, թե հասարակությունը որքան զգայուն է ներքաղաքական իրավիճակը սրելու փորձերի հանդեպ։ Միեւնույն ժամանակ, գերակայող կարծիքն այն է, որ Արցախն ունի ձևավորված սահմանադրական մշակույթ, եւ ցանկացած քաղաքական գործընթաց պետք է տեղավորվի այդ տրամաբանության մեջ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Արցախի ԱԺ նախագահի խոսքով`Արցախի խորհրդարանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհուրդը ևս մեկ քայլ կլինի հանրային ներգրավվածության ժողովրդավարական սկզբունքին ընդառաջ:
«Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարն առաջացավ ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում, որոնք ցույց տվեցին, որ այսօրվա քաղաքական դաշտը ոչ ամբողջովին է արտացոլում հանրության բոլոր շերտերի հետաքրքրությունները։ Հաշվի առնելով հանրությանը հուզող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու եւ դրանց համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը՝ իշխանությունների եւ նախաձեռնող խմբի անդամների միջև պարբերաբար խորհրդատվություններ են տեղի ունենում ձևավորվելիք Հանրային խորհրդի կառուցվածքի, իրավական կարգավորումների և հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Այս պահին դժվար կլինի խոսել նման կառույցի արդյունավետության մասին, քանի որ մեծ նշանակություն են ունենալու դրանում ընդգրկված մարդկանց մասնագիտական պատրաստվածությունն ու աշխատելու պատրաստակամությունը։ Կարող ենք արձանագրել, որ դրանով մենք եւս մեկ քայլ ենք կատարում հանրային ներգրավվածության ժողովրդավարական սկզբունքին ընդառաջ»,- ասել է Աշոտ Ղուլյանը: