«Հայ-թուրքական կարգավորման համար նախ պիտի լուծվեն հայ-ադրբեջանական հարցերը». Թուրքիայի մեջլիսի նախագահ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ադրբեջանական «İctimai TV»-ի հետ զրույցում խոսել է արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունները մասին։

Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքերով, եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։

Առաջ քաշելով «օկուպացված տարածքների» մասին թուրք-ադրբեջանական անհիմն թեզերը՝ Յըլդըրըմն ասել է.

«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները մեկը մյուսից չենք տարանջատում։ Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախևառաջ պետք է լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը։ Թուրքիան էլ այդ ժամանակ կկարգավորի հարաբերությունները։ Հակառակը քիչ հավանական է։ Ադրբեջանի հողերը Հայաստանի կողմից օկուպացված են։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի։

Պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և ուրիշ միացյալ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է աշխատեն այս հարցը լուծելու համար։ Զուր է սպասել, թե առանց այդ հարցերը լուծվելու, հարաբերությունները կվերադառնան իրենց բնականոն ընթացքին։ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը շատ բարդ է։ ՄԱԿ-ը գնալով վերածվում է անարդյունավետ կառույցի։ Այն արդեն անհույս է միջազգային հարցերը լուծելու հարցում։ Պատճառը՝ ՄԱԿ-ի կառուցվածքն է։ Այդ կառուցվածքով խաղաղություն ապահովել հնարավոր չէ։ Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայել, որպեսզի տարածաշրջանում և ողջ աշխարհում հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել»։

Takvim

Տեսանյութեր

Լրահոս