Բաժիններ՝

Փաստաբանը դրական է գնահատում ԲԴԽ-ի կողմից ընտրված Սնանկության դատարանի դատավորների թեկնածուների ցանկը

Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը դրական է գնահատում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված Սնանկության դատարանի դատավորների թեկնածուների ցանկը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այն հղումը, թե այս կամ այն դատավորը փորձ չունի ոչ մի քննադատության չի դիմանում, որովհետև յուրաքանչյուր ոք ինչ-որ պահի պետք է սկսի իր աշխատանքը:

Բեքմեզյանը վստահ է, որ այս դեպքում փորձը այդքան էական չէ, ինչքան անձի լավ իրավաբան լինելու, ինչպես նաև տնտեսագիտական բնագավառում լավ կրթություն ունենալը:

«Շատ հարաբերական է ասել, թե ով է ավելի լավը: Իսկ, թե ով է ավելի լավը, ցույց են տալիս պրակտիկան և նրանց անցած ուղին: Խնդիրը հետևյալն է, արդյոք նոր նշանակվող դատավորները կկարողանա՞ն սնանկության գործընթացում ըստ արժանվույն իրենց պարտականությունը ճիշտ կատարել: Ժամանակը այդ հարցին ճիշտ պատասխան կտա»,- ասաց փաստաբանը:

Կարևորելով Սնանկության դատարանի դերը ցանկացած երկրի տնտեսության մեջ՝ Բեքմեզյանը, կարծում է, որ տվյալ դեպքում չենք կարող բողոքել Բարձրագույն դատական խորհրդի որոշումից հենց այդ հիմքերով, թե անփորձ են:

«Ընտրվել են ավելի երիտասարդ դատավորներ, իսկ դա, իմ կարծիքով, շատ դրական է»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ անձամբ ճանաչում է թեկնածուներից երկուսին և չի կասկածում նրանց օբյեկտիվությանը:

Խոսելով Սնանկության դատարանների դերի մասին՝ Բեքմեզյանը նշեց, որ Սնանկության դատարանը ցանկացած պետության համար ամենակարևոր ինստիտուտներից մեկն է հանդիսանում:

«Ցավոք, մեր երկրում «սնանկություն» ասելով՝ հասկացվում է միայն մեկ բան՝ ընկերության վերջնական լուծարում, սակայն սնանկության գործընթացը չի ենթադրում անպայման լուծարում, այլ կարող է ենթադրել նաև ընկերության առողջացում: Երբ ընկերությունը հնարավոր չէ առողջացնել, ապա գոնե այնպիսի գործողություններ կատարել, որ պարտատերերի պահանջները հնարավորինս բավարարվեն: Այսինքն` կատարել այնպիսի իրավական միջոցառումներ, որ ընկերության անվճարունակության հետևանքով հնարավորինս քիչ անձինք տուժեն»,- ասաց Բեքմեզյանը:

Ըստ փաստաբանի՝ եթե սնանկության արդյունքում ընկերությունը առողջանում է՝ դա լավագույն տարբերակն է, որովհետև բոլորն են շահում դրանից. և՛ պետությունը, և՛ ընկերության բաժնետերը, և՛ պարտատերերը:

«Կարծում եմ, որ սնանկության գործեր քննող դատավորը որպես օբյեկտիվ, անաչառ և ընդհանրապես գիտակ անձ շատ կարևոր է այն առումով, որ ինքը հսկողություն է իրականացնում իր իրավասության սահմաններում սնանկության գործընթացի նկատմամբ, և այդ հսկողությունը նաև ուղղված է հետևելու, որ սնանկության գործընթացի մասնակիցները գործեն օրենքի շրջանակում, հատկապես՝ կառավարիչները կատարեն իրենց վրա դրված ամբողջական պարտականությունները, ընդ որում՝ կատարեն բոլոր հնարավորը ընկերության աղբյուրները հետ բերելու և պարտատերերի շահերը պաշտպանելու համար: Այսինքն՝ դատավորը կլինի օբյեկտիվ մի անձ, որը շահ պետք է չունենա այդ գործընթացի ժամանակ և կարողանա հետևել օրենքը ինչքանով է կիրառվում»,- եզրափակեց Բեքմեզյանը:

Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է անցկացրել Սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ:

Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվել էր Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին:

Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս