«Մենք մշակել ենք «Կասպերսկի օպերացիոն համակարգ», որը ցանկացած սարքավորում դարձնում է անխոցելի». Սերգեյ Զեմկով
«Կասպերսկի լաբորատորիայի» 2018թ. բազայում մոտ 600 միլիոն վնասաբեր ֆայլ է եղել։ Այս մասին Մոսկվայի «Կասպերսկի լաբորատորիա» ճանաչողական այցի մեկնած լրագրողներին տեղեկացրեց Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «Կասպերսկի լավորատորիայի» գործադիր տնօրեն Սերգեյ Զեմկովը։
Նրա խոսքով՝ «Կասպերսկի լաբորատորիայի» արտադրանքի ավելի քան 20 միլիոն ակտիվացում է լինում տարվա ընթացքում. «Այս պահին 400 միլիոն անհատ օգտատեր և 270 հազար ընկերություն ամբողջ աշխարհում պաշտպանված են մեր տեխնոլոգիաներով: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում մեր վաճառքի աճը կազմել է 34 %։ Դեռևս մեզ մոտ վաճառքների մասով ամեն ինչ հրաշալի է»։
Ի՞նչն է սպառնում բիզնեսին
Այնուհետև նա պարզաբանեց, թե ինչն է սպառնում բիզնեսին, ում են իրենք պաշտպանում և ինչից։ «Յուրաքանչյուր ընկերություն Ռուսաստանում ամեն տարի գոնե մեկ անգամ բախվել է ինֆորմացիոն անվտանգության միջադեպի հետ: Բայց սա միայն Ռուսաստանին չէ հատուկ, ինձ թվում է՝ յուրաքանչյուր ընկերություն աշխարհում տարվա ընթացքում բախվում է ոչ թե մեկ, այլ մի քանի պատահարի, որոնք կարող են բիզնեսի կորուստի պատճառ դառնալ։
Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա փոքր բիզնեսի համար նման հարձակման ժամանակ կարող է լինել 4.3 միլիոն ռուբլի կորուստ, իսկ մեծի համար՝ 14.3 միլիոն ռուբլի: Այդ վնասը կարող է լինել հասարակ շրջանառությունից, երբ ձեզ թվում է, թե փոխանցում է կատարվում, բայց իրականում գումարները հոսում են այլ ուղղությամբ, ինֆորմացիայի կորուստից, և այլն։ Փոքր բիզնեսի համար գուցե դա այդքան էլ սարսափելի չէ, բայց մեծ բիզնեսի համար շատ վտանգավոր է, երբ նա պետք է բացատրի, թե ինչու դա այդքան վտանգավոր չէ ընկերության հաճախորդների համար, և այլն: Խոշոր և մանր բիզնեսները սպառնալիքների տակ են անընդհատ՝ անկախ նրանից, թե որտեղ են աշխատում և որքան եկամուտ ունեն։
Ամենատարածված կիբերսպառնալիքները
Ամենատարածված կիբերսպառնալիքը, ըստ նրա՝ վնասաբեր ծրագրային ապահովումն է, որը վարակում է ընկերության սարքավորումները. «Ընկերության աշխատակիցների անձնական սարքավորումները ևս պետք է անվտանգ լինեն, դրանք նույնպես սպառնալիք են կորպորատիվ անվտանգության համար։ Պատահարների հիմնական պատճառը թիրախավորված հարձակումն է, ինչը նշանակում է, որ այդ հարձակումը հատուկ ուղղված է այն ընկերության վրա, որը բախվել է այդ պատահարներին։ Դա ոչ թե մասսայական հարձակում է, որից պատահական տուժել է ընկերությունը, այլ թիրախավորված, այսինքն՝ չարագործները հասկանում են, թե անվտանգության ինչ համակարգեր եք օգտագործում, ինչ բացեր կան ձեր կորպորատիվ անվտանգության համակարգում»։
Հայաստան. վիճակագրական տվյալներ
Ինտերնետի ակտիվ օգտատերերի թիվը Հայաստանում 2018թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը կազմել է 37.75%: «Կասպերսկի լաբորատորիայի» տվյալներով՝ նույն ժամանակահատվածում լոկալ սպառնալիքների հարձակումների ենթարկվել է օգտատերերի 43.85%-ը։ Լոկալ սպառնալիքները համակարգչին միացվող տարբեր սարքերից փոխանցվող սպառնալիքներն են (USB, արտաքին կոշտ սկավառակներ և այլն)։ Ինտերնետի կորպորատիվ օգտատերերի թիվը 19.01% է, լոկալ սպառնալիքներից հարձակման ենթարկվել է կորպորատիվ օգտատերերի 27.83 %-ը։ Ֆիշինգային հարձակումների է ենթարկվել օգտատերերի 13.97 %-ը։ Ըստ վիճակագրության՝ «Կասպերսկի լաբորատորիայի» օգտատերերը նմանատիպ որևէ հարձակման չեն ենթարկվել։
Սմարթֆոնների անվտանգությունը
Զեմկովի խոսքով՝ եթե նախկինում մարդիկ հասկանում էին, որ անձնական համակարգչի անվտանգությունը պարտադիր է, որպեսզի նորմալ աշխատեն ինտերնետում՝ պաշտպանելով իրենց անձնական տվյալները, ապա այժմ սմարթֆոնների և պլանշետների դեպքում այդպես չէ. «Մարդիկ դեռ չեն գիտակցում, որ սմարթֆոնները նույնպիսի համակարգ են, ինչպես համակարգիչները, այսինքն՝ իրենց անձնական տվյալները, տարբեր տեղեկություններ կարող են վերցնել, ինչպես համակարգչի դեպքում։ Ավանդական սարքավորումների քանակը կրճատվում է՝ համակարգիչ, նոութբուք, և սմարթֆոններն են ավելանում, դրա համար փորձում ենք բացատրել, որ անձնական տվյալները պետք է պաշտպանել՝ անկախ նրանից, թե որտեղ եք այն պահում:
Եթե 2006թ. պաշտպանություններն ու հարձակումները կապված էին միայն անձնական կամ կորպորատիվ համակարգիչների հետ, ապա այժմ սպառնալիքների տեսակները, որակներն ու ծավալներն այնքան են փոխվել, որ ավելի լայն մոտեցումներ են պետք։ 2018թվականին 2006 թվականի համեմատ՝ մոտ 700 անգամ ավելի շատ սպառնալիք կա»։
«Կասպերսկի օպերացիոն համակարգ»
Նրա կարծիքով՝ ցանկացած ընկերություն կարող է հարձակման ենթարկվել, այլ հարց է, թե երբ. «Մենք հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ մեր ընկերությունում կամ տանը եղած բոլոր սարքավորումները կարող են թիրախավորվել և կիբերհարձակման ենթարկվել: Սպառողներն իրենց կիբերանվտանգության համար վճարել չեն ցանկանում: Մենք մշակել ենք «Կասպերսկի օպերացիոն համակարգ», որը ցանկացած սարքավորում դարձնում է անխոցելի: Մենք հասկանում ենք, թե սարքավորումն ինչ անօրինական բան է ցանկանում անել: Սա կորպորատիվ անվտանգության համար է հիմնականում: Կորպորատիվ հաճախորդների և անհատ օգտատերերի համար կիբերանվտանգության համար ներդրումները շատ կարևոր են»։
Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ թիրախավորված հարձակումներից հնարավոր չէ պաշտպանվել. «Ոչ մի արտադրող չի կարող դա հարյուր տոկոսով երաշխավորել, բայց կարելի է հայտնաբերել, որ այդ հարձակումը գալիս է, և բոլոր միջոցները գործադրել՝ այն արդյունավետ չեզոքացնելու համար»։
Մոսկվա-Երևան