«Նվաճեցինք փոխադարձ հարգանք մեր երկրի՝ ՏՏ մեծ նվաճումների նկատմամբ». First Global միջազգային մրցույթի մասնակից
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի մարզային թիմը, որն օրերս Մեխիկոյում մասնակցել է First Global ռոբոտների միջազգային մրցույթին, մասնակից շուրջ 180 երկրների շարքում ընդգրկվել է լավագույն 48-ի մեջ (ըստ միավորների՝ 15-րդ տեղ) և անցել է եզրափակիչ փուլ: Վիճակահանության արդյունքներով՝ եզրափակչում Հայաստանը թիմ էր կազմել Ճամայկայի և Մավրիկիոսի հետ. հավաքական թիմը իր մասնակցությունն ավարտեց այս փուլում:
Հայաստանյան թիմում ընդգրկված էին Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) և թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Ենոքյանը (Սիսիան, «ԱրՄաթի» խմբավար):
Այս տարի մրցույթի առանցքում վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ էին: Մրցութային դաշտում հողմային և ջերմային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ էին։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտեր հողմային կայանը, արևային պանելը մի կետից փոխանցեր մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեին և կախեին միացման օղակներում, որի արդյունքում էկրանի վրա ցույց էր տրվում պայմանական էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ Հայաստանը ներկայացնող թիմի ինժեներական բաղադրիչը բավականին ուժեղ էր, թիմն առանձնանում էր բանակցային հմտություններով:
«Մրցույթի բարդությունն ավելի շատ կայանում է նրանում, թե վիճակահանությամբ ո՞ր երկրների հետ են թիմակցում: Առավել հաճախ արմաթցի սաները դաշտում իրենց հասանելիք առաջադրանքը վերջացնելուց հետո հանձն են առել նաև թիմակից երկրների առաջադրանքը կատարելուն: Այսինքն՝ բավարար չէ միայն մի երկրի բարձր ցուցանիշը, այլ կարևոր է նաև թիմակից երկրների պատրաստվածությունը: Ասվածի օրինակն է նաև այն, որ անգամ եզրափակիչ չի անցել Ճապոնիայի թիմը, իսկ ԱՄՆ-ի՝ հավաքական երկրների թիմը եզրափակչի միայն առաջին առաջադրանքն է կատարել, ինչպես Հայաստանի, Ճամայկայի և Մավրիկիոսի միասնական թիմը»:
Հայկական թիմի ներկայացուցիչ Վահագն Զարգարյանը ևս նշում է, որ իրենց բախտն այնքան էլ չբերեց:
«Մեզ համար մասնակցությունն այնքան կարևոր չէր, ինչքան լինել մրցանակային տեղում: Ուղղակի եզրափակչում թիմերի ձևավորման ժամանակ մեր բախտն այնքան էլ չբերեց, որ հասնենք մեր նպատակին»:
Հայկական թիմի մյուս անդամ Լիլիթ Խաչիկյանը պատմում է, որ իրենք ունեցել են կոնկրետ խնդիր և կոնկրետ առաջադրանք՝ լավագույնս ներկայացնել իրենց 3 ամսվա համատեղ աշխատանքը:
«Նշեմ, որ բոլոր հնարավոր կերպով մեր ռոբոտը ֆունկցիոնալացված էր. անգամ ուներ էքստրա 4-րդ ֆունկցիա (այլ ռոբոտի կողմից գետնին ընկնելու պարագայում ետ է վերադառնում ֆիքսված դիրքի)։ Այս բոլոր 3 ամիսների ընթացքում մենք աշխատել ենք միասին, ու հպարտորեն նշում եմ, որ առանց մեզ սատարող մարդկանց՝ այս մեծ գործը մենք ավարտին չէինք հասցնի։
Ու հպարտորեն եմ ասում, որ չնայած (չ)բախտի բերմանը՝ չկարողացանք նվաճել բաղձալի առաջին տեղը, բայց խոր գիտակցումով նշում եմ, որ խաղալով թիմային խաղ, 60%-ով կախված լինելով թիմակիցներից ու բախտի բերումից, մենք կարողացանք հաղթահարել այն բոլոր խոչընդոտները, որ կամա թե ակամա հայտնվեցին մեր ճանապարհին: Կարծում եմ՝ 200 երկրի մեջ լինել 15-րդը՝ արդեն իսկ մեծ նվաճում է։
Սա զուտ մրցույթ չէր. սա կյանքի փորձ էր և մեր, և մեր «պատանի» Հայաստանի IT ոլորտի համար, որ մեկ անգամ ևս հպարտորեն հաստատեց, որ հա, մենք ճիշտ ուղի ենք ընտրել զարգացման, որ մենք ունենք բոլորից շատ կադրեր ու բոլորից շատ վառ գաղափարներ, որի կարիքը աշխարհը շատ ունի։ Ցուցադրելով մեր ռոբոտը (զինված ինժեներական լավագույն լուծումներով), ցուցադրելով մեր կամքն ու մեր նոր Հայաստանի զարգացման միտումները, նվաճեցինք փոխադարձ հարգանք ու մեծ զարմանք մեր երկրի պես փոքր երկրի՝ ՏՏ մեծ նվաճումների նկատմամբ։
Հայկական թիմի անդամ Նոնա Թելունցի խոսքով էլ՝ իրենք ունեցել են մարտական տրամադրություն մինչև վերջին խաղի վերջին վայրկյանները:
«Մրցույթին մասնակցելը, իհարկե, տվեց անփոխարինելի փորձ՝ ծանոթությունը աշխարհի առաջատար երկրների երիտասարդ կադրերին (ՏՏ ոլորտի), նրանց հմտություններին, գաղափարներին:
Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում 2 ամիս ռոբոտ պատրաստելու ընթացքում սովորեցի այնքան, որքան 5-օրյա այցի ընթացքում:
Նաև շատ հեռատեսական է օտարերկրյա պատանիների նորարարական գաղափարները մեր երկիր բերելն ու զարգացնելը և ՏՏ ոլորտում բարեփոխումներ իրականացնելը»:
Առաջիկայում թիմը պատրաստվում է մասնակցել ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությանը:
Նշենք նաև, որ ԱՏՁՄ-ն ծրագրում է Հայաստանը դարձնել ռոբոտների մրցաշարերի կենտրոն, որտեղ շեշտը կդրվի ինքնակառավարվող ռոբոտների վրա: Այս մասին Միությունը հանդես կգա առանձին հաղորդագրությամբ:
Սիրարփի Աղաբաբյան