Բաժիններ՝

Երևան-2800. Երևանը միջնադարում

Միջնադարյան Երևանի վաղ շրջանի  պատմությունն ուսումնասիրելու համար արժեքավոր տեղեկություններ են տալիս եկեղեցական և ճարտարապետական հուշարձանները: Նոր տիպի կենտրոնագմբեթ եկեղեցիները՝ ինչպիսիք էին Պողոս-Պետրոսը (5-6 դդ.), Ավանի և Պտղնիի տաճարները (6-7 դդ), ամենամեծ վկաներն են  Երևանի վաղ միջնադարյան ժամանակաշրջանի պատմության:

Նշված եկեղեցիներից մեկը՝ Պողոս-Պետրոսը, որն այսօրվա ուսումնասիրությունների արդյունքում համարվում է Երևանի ամենահին եկեղեցին, շատ արհավիրքներ տեսնելով, բայց  նորից հառնելով և վերանորոգվելով, հասել էր մինչև 20-րդ դար: Այն գտնվում էր Երևանի կենտրոնում, ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում:

Քաղաքի վերակառուցման տարիներին եկեղեցին քանդվեց, որովհետև նոր իշխանությունների կարծիքով չէր համապատասխանում   ժամանակակից Երևանի նկարագրին: Սակայն 17-րդ դարի շինություն համարվող այդ «անհրապույր» կառույցը քանդելուց հետո (1931թ.) բացվեցին հնագույն շերտեր, որոնց ուսումնասիրությունը եկեղեցու կառուցումը տարավ վաղ միջնադար՝ 5-րդ դար:

Եկեղեցին մեծ վնասներ էր կրել 1679թ. Երևանի հայտնի երկրաշարժի ժամանակ, բայց մի քանի տարի անց՝ 1690թ. հիմնովին վերականգնվել էր: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա իր ներքին մասում, ինչպես ասել է հնագետ Աշխարհաբեկ Քալանդարյանը, «հարազատորեն պահել էր 5-րդ դարի բազիլիկայի առանձնահատկությունները»: Եկեղեցին քանդելուց առաջ մանրամասնորեն նկարագրվեց, չափագրվեց և ուսումնասիրվեց նրա արտաքին և ներքին տեսքը, վիմագիր արձանագրությունները (17-19-րդ դարեր):

Կարդացեք նաև

Ներսում հայտնաբերվեցին վեց շերտ որմնանկարներ, ամենավերին շերտում նաև կտավի վրա արված նկար: Ինչպես պարզեցին  ուսումնասիրությունները որմնանկարների առաջին և երկրորդ  շերտերը շատ հին ծագում ունեին (5-6-րդ դարեր) և այս տեսակետից մշակութային մեծ արժեք էին ներկայացնում (աշխատանքներին մասնակցելու համար Մոսկվայից հրավիրվել էր հայտնի նկարիչ-վերականգնող Չիրիկովը), իսկ Երևանի պատմության այս շրջանն ուսումնասիրելու տեսակետից ուղղակի անգին էին:

Վաղ միջնադարից մեզ հասած միայն այս մեկ կառույցով լուսաբանվեցին Երևանի  պատմության նշված ժամանակաշրջանի բազմաթիվ հարցեր:

Որքան ամբողջական կլիներ այդ ժամանակաշրջանի լուսաբանումը, եթե պահպանված  լինեին գոնե մի քանիսը: Դրանք վկաներն են այն ճշմարտության, որ վաղ միջնադարում Երևանը ոչ միայն պահպանել է իր գոյությունը, այլև եղել է մշակույթ ունեցող քաղաք, և մշակութային շերտերը դարեդար, փոխարինելով մեկը մյուսին, հասել են մինչև մեր օրերը:

9-13-րդ դարերը Հայաստանի համար համեմատաբար երկարատև խաղաղության ժամանակաշրջան էին: Այս շրջանում Երևանը հիշատակվում է ոչ միայն վիմագիր արձանագրություններում, այլև պատմական երկերում: Հաճախակի դարձած այդ հիշատակությունները վկայում են, որ նշված ժամանակաշրջանում սկսվել էր Երևանի գյուղաքաղաքից՝  միջնադարյան տիպիկ քաղաքի վերածվելու գործընթացը, որի համար քաղաքն  ուներ անհրաժեշտ նախադրյալները. դարձել էր ընդարձակ մի գավառի կենտրոն, հայտնվել էր առևտրական տարանցիկ ճանապարհի վրա:

Ընդհանրապես միջնադարյան քաղաքների աճի և զարգացման համար կարևոր պայման էր վարչական կենտրոն լինելը: Այդպես էր Դվինի, Անիի, Կարսի, Լոռիի և միջնադարյան  մյուս հայտնի քաղաքների դեպքում:  13-րդ դարի գրիչ Վարդան վարդապետի «Աշխարհացույց»-ից  տեղեկանում ենք, որ 10-13-րդ դարերում Երևանը դառնում է Կոտայք գավառի կենտրոնը: Ժամանակաշրջանն ուսումնասիրող պատմաբանների կարծիքով այն քաղաք է դառնում 12-13-րդ դարերում և հենց այդ շրջանից սկսած էլ ի հայտ են գալիս որոշ ուղղակի և անուղղակի տեղեկություններ նրա վարչական վիճակի մասին:

Ըստ Մաթեոս Ուռհայեցու և Մխիթար Այրիվանեցու տեղեկությունների` 11-րդ դարում Երևանի իշխանությունը գտնվել է Ապիրատ իշխանի ձեռքին, ով ուներ 12000 հեծյալ, համարվում էր «մեծ իշխան» և ապստամբելով  Հովհաննես-Սմբատ Բագրատունու դեմ՝ անցել էր Աշոտ 4-ի կողմը: Ապիրատ իշխանին է վերագրվում  1031թ.  ջրանցքի (Երևանի առու) կառուցումը, որն ուսումնասիրողները նույնացնում են Երևանի հայտնի Մամռի առվի հետ: Համաձայնենք, որ նշված ժամանակաշրջանում ջրանցք կառուցելը հեշտ չէր և բավական միջոցներ էր պահանջում, որից էլ կարելի է ենթադրել, որ Երևանը պատկանել է Ապիրատին, իսկ բնակչությունը հարկատու է եղել նրան:

Ապիրատից առաջ Երևանը՝ Կոտայք գավառով  պատկանել է նրա հորը՝ Հասան մագիստրոսին:  Հետագայում, Ապիրատի ժառանգներն անցնում են Հովհաննես-Սմբատի կողմը և տեր դառնում ուրիշ գավառների (նրա թոռներից մեկը Ամենայն հայոց կաթողիկոս  Բարսեղ Անեցի Ապիրատյանն է):

(շարունակելի)

Պատրաստեց Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոր պատմություն» բաժնի վարիչ
 «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս