Բաժիններ՝

«Խոշոր բիզնեսը ստիպված է ադապտացվել նոր իրողություններին և փորձել դառնալ ավելի ճկուն». Ատոմ Մարգարյան

Հարցազրույց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ

– Պարոն Մարգարյան, երեկ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց կառավարության գործունեության 100 օրը, որի ընթացքում ներկայացվեցին նաև տնտեսական ցուցանիշներ: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ ցուցանիշները և վարվող տնտեսական քաղաքականությունը։

– Այն գնահատականը, որ սովորաբար հեղափոխական կամ քաղաքական ցնցումներին հաջորդում են տնտեսական անկումներ, բայց Հայաստանում նման բան տեղի չի ունեցել, այդ մասին խոսում է վիճակագրությունը։ Աճողական են հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, կայունությունն ընդհանուր առմամբ պահպանվել է, տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ շատ բարձր մակարդակի վրա, հունիսի առաջին կիսամյակի արդյունքները՝ 8.9 տոկոս, դա իսկապես բարձր է, և փաստորեն շարունակվում է անցյալ տարվա տրենդը։

Եթե այս տեմպերը պահպանվեն, ապա տարվա արդյունքներով առնվազն 6.5-7 տոկոս տնտեսական աճ կունենանք, սա փաստ է։ Մյուսը, որ համակարգային այս փոփոխությունների պայմաններում, փաստորեն, ֆինանսական համակարգը չի ցնցվել, դրամի փոխարժեքը կայուն է, բյուջեի եկամուտներն առաջանցիկ աճում են, և նաև պետական ներքին և Հայաստանի արտարժութային պարտատոմսերը շարունակում են պահանջարկ ունենալ, դրանց ռիսկերը նվազել են, այսինքն՝ մակրոտնտեսական ինդիկատորները, որոնք ցույց են տալիս իրավիճակը, դրական են։

Այն թվերը, որոնք երեկ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես՝ կապիտալի զուտ հոսքերի մասով, որ Հայաստանում այս 3 ամսվա ընթացքում դրական տարբերությունը կազմում է 116 միլիարդ դրամ կամ 250 մլն դոլար, նաև բանկերի վարկային պորտֆելները, այսինքն՝ ներդրումները վարկերի տեսքով, 99 մլրդ դրամով աճել են, սա իսկապես խոսում է տնտեսական աշխուժության հոսքերի մասին, որը երևում է։ Անշարժ գույքի շուկայում նույնպես կա որոշակի աշխուժացում՝ գներն են աճում, պահանջարկն է մեծացել, նաև հարկային ոլորտում խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից և սկսել է ավելի շատ հարկեր վճարել, քան ընդհանուր հարկագանձումների աճի տոկոսն է։ Այնպես որ, թվերի առումով բավականին տպավորիչ է, և քանակական առումով այդ փոփոխություններն ակնհայտ են։

Մյուս կողմից՝ այն  օրակարգը, որ սահմանել է այս կաբինետն իր ծրագրով, թեկուզ՝ կարճաժամկետ, որտեղ առանցքային ինստիտուցիոնալ փոխակերպման հենասյուներ են ընտրված բիզնեսի և իշխանության տարանջատումը, մենք տեսնում ենք, որ դա ընթացքի մեջ է։ Մյուսը, որ բիզնեսն ազատվում է կոռուպցիոն պարտավորություններից, և փաստորեն մրցակցության մեխանիզմներն են սկսում աշխատել, և ոչ այն, ինչ ունեցել ենք տասնամյակներ շարունակ՝ արտոնությունների համակարգը։

Խոշոր բիզնեսը ստիպված է ադապտացվել նոր իրողություններին և փորձել դառնալ ավելի ճկուն, փորձել գոնե դիվերսիֆիկացնել իր ներդրումների պորտֆելը, այլապես, առանց արտոնությունների մեկ կամ մի քանի արտադրանքի ներմուծման վրա խարսխված բիզնեսն այս պայմաններում երկար չի կարող կենսունակ և մրցունակ լինել։

Այնպես որ, այս փոփոխությունների մակրոտնտեսական շրջանակը տպավորիչ է, իհարկե, կան ռիսկեր, որոնք արտաքին շուկաներից են գալիս, հատկապես՝ ռուսական շուկայից՝ ռուբլու արժեզրկման հետ կապված, նաև՝ իրանական շուկայից՝ իրանական արժույթի արժեզրկման հետ կապված։ Այդ երկրներում տնտեսական իրավիճակի վատթարացման իրողությունները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում, այդ թվում նաև՝ գնաճային ճնշումներ, բայց մեր տնտեսական քաղաքականության կարգավորման մարմինները, հատկապես՝ Կենտրոնական բանկը, շարունակում է կայուն վիճակում պահել մեր արժույթը։ Իհարկե, դրանք որոշ չափով ճնշումներ են երկրի պահուստային արժույթների վրա, բայց դրանք թույլատրելի միջակայքում գործողություններ են։

– Շուկայում նկատվող գնաճն ինչի՞ հետևանք է։

– Այն, ինչ հնչում է քաղաքական գործիչների շուրթերից, և այն, ինչ պաշտոնական վիճակագրությունն է, տրամագծորեն տարբեր են։ Առանձին շուկաներում, այո, կան որոշ գնային բարձրացումներ, բայց գնաճի մակարդակն ընդամենը 2.3 % է, և դա թիրախավորված այս տարվա ցուցանիշի նվազագույն  մակարդակն է։ Այսինքն՝ որպես այդպիսին՝ գնաճ չունենք, սա է իրականությունը։ Բայց, ենթադրենք, եթե Վերին Լարսի անցակետի փակման կամ թողունակության նվազման հետևանքով ուղևորափոխադրումների սակագներն ավելացել են, և դա ազդել է տրանսպորտի սակագնի վրա, որտեղ ունենք 8.4 % գների բարձրացում, բայց զամբյուղի մեջ՝ սպառողական գների ինդեքսի վրա ազդեցության տեսանկյունից այլ ուղղություններում իջեցումները բերել են հավասարակշռման, և գնաճ գոյություն չունի։ Այնպես որ, «գնաճ» տերմինն օգտագործելիս՝ պետք է լինել վերին աստիճանի զգույշ։

– Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է քննարկել անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հարցը, և արդեն կարծիքներ կան, որ դա, սովորաբար, բացասական է ազդում երկրի տնտեսության վրա, մասնավորապես՝ ներդրողները սիրում են կայուն դատական համակարգ, իսկ այս դեպքում ներդրումները կտրուկ կդադարեն, եղած ներդրողներն էլ կհեռանան։ Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք։

– Ես այդ կարծիքը չեմ կիսում։ Այո, որոշ ընդդիմախոսներ այդպես են արտահայտվում, բայց մենք հո գիտե՞նք, թե ինչ վիճակում է մեր դատական համակարգը, և արդարադատության սիստեմն ինչպես է ձևավորվել, ինչպիսի կառուցվածքավորման մակարդակներ ունի, և ինչ դեմքեր են այդ համակարգում գործել։ Եվ այս փուլում, այո, իշխանությունը, կառավարությունը, վարչապետը չի միջամտում դատական համակարգի գործողություններին և ընդունած որոշումներին, սա լավ է, բայց մյուս կողմից՝ այն արժեքային համակարգը, որ դրված է եղել դատական համակարգի և ընդհանրապես իրավական և օրինականության ապահովման հիմքում, մեղմ ասած՝ հեռու են կատարյալ լինելուց, բանականությունից։ Այդ համակարգը, առանձին բացառություններով, սուբյեկտներով, վերից վար եղել է կոռումպացված համակարգ։ Եվ այն, որ ներդրումների կորագիծը շարունակաբար իջել է, և շատ թույլ ներդրումային ակտիվություն է եղել Հայաստանում, եթե համեմատենք թեկուզ մեր հարևան երկիր Վրաստանի հետ, նույնիսկ համեմատելու հիմքեր չկան։

Վերջին շրջանի իրադարձությունները՝ Մարտի 1-ի քրեաիրավական հարթության վրա ընթացող պրոցեսները, խոսում են մի բանի մասին, որ դատական համակարգն ուղղակի ադեկվատ չէ իրավիճակին, և օր օրի մեր հանրությունը համոզվում է, որ այս տարրերի կիրառմամբ է հնարավոր այս փուլը հաղթահարել։

Անցումային արդարադատություն՝ չի նշանակում՝ արտակարգ դատարանների համակարգի ստեղծում, ինչպես փորձում են մատուցել, այլ դա այնպիսի մեխանիզմ է, որը թույլ է տալիս այդ ոլորտ ներգրավել մաքսիմալ մաքուր, անկողմնակալ, հնարավոր է նաև՝ դրսից փորձագետների, փաստաբանների։

Եվ հենց սա է, որ ներդրողներին հարկավոր է։ Այնպես որ, բոլոր դեպքերում մենք չենք լսել խոշոր ներդրողից, որ դատական վեճում խնդիրներ ունի, և այս իմաստով ինչ-որ վճիռներ են կայացվել։ Բոլոր դեպքերում, սա մեխանիզմ է, որը կարելի է փորձարկել։ Ընտրական պրոցեսում նման համակարգի առկայությունը շատ ավելի նախընտրելի կլինի, բայց դա ժամանակավոր լուծում է։ Դատական համակարգը պետք է վերափոխվի, մոդեռնիզացվի, նոր չափանիշերով գործի, երդվյալ դատավորների ինստիտուտը, ժամանակն է, որ ներդրվի։ Սա քաղաքակիրթ մեխանիզմ է՝ դատական համակարգը արդիականացնելու, և կարծում եմ՝ այս ճանապարհով էլ այս իշխանությունը կգնա։

– Պարոն Մարգարյան, հանրահավաքի ժամանակ խոսվեց նաև տնտեսական մոդելը փոխելու մասին, ասվեց, որ հեղափոխություն պետք է լինի նաև տնտեսական ոլորտում։ Ի՞նչ տնտեսական մոդել կարելի է ներդնել Հայաստանում։

– Այս տնտեսական մոդելն իրապես իրեն սպառել է, խոսքը բացառող տնտեսական աճի կամ զարգացման մոդելի մասին է, որը բերել է բնակչության եկամուտների և ըստ ունեցվածքի ծայրահեղ բևեռացմանը։ Մենք ունենք այնպիսի բևեռացված հասարակություն, որի շատ փոքր թվով ընտանիքներ տնօրինում են ազգային հարստության մինչև 80%-ը, եկամուտների՝ մինչև 60%-ը, և ունենք չքավոր, աղքատ բնակչության ավելի, քան 30%, և ըստ էության, ոչ բարվոք սոցիալական կացության մեջ գտնվող բնակչության մինչև 60-70%։

Սա անընդունելի իրավիճակ է և հետևանք է այս տնտեսական աճի և զարգացման այն մոդելի, որը տասնամյակներ շարունակ իշխել է Հայաստանում։ Այսօր հայտարարվում է, որ պետք է տնտեսական աճը և զարգացումը լինի ներառական, այսինքն՝ այնպիսի ինստիտուցիոնալ ապահովում ունենա տնտեսական քաղաքականությունը, որ տնտեսական աճի և զարգացման պտուղներից օգտվի բնակչությունը, և այդ բևեռացումը պետք է նվազի, մեծամասնություն կազմի միջին խավը, սա պետք է լինի զարգացման գլխավոր օրակարգը հաջորդ ժամանակաշրջանի համար։

Հարկային, դրամավարկային, ինովացիոն, ինստիտուցիոնալ քաղաքականության գործիքներն ու գործիքակազմերը պետք է նպատակամղված լինեն այս մոդելի արմատավորմանն ու զարգացմանը, դա հիմնական ուղերձներից մեկն էր։

– Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել, որքանո՞վ է այն արդյունավետ։

– Այստեղ էլ կառավարությունը հավատարիմ է իր օրակարգին։ Այո, այսօր բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիոներներ չեն, չեն եղել կոռուպցիոն սկանդալների մեջ, և դա անհրաժեշտ պայման է՝ կոռուպցիան արմատախիլ անելու համար։ Բայց դա բավարար չէ. անհրաժեշտ է, որ հասարակությունը ևս ձեռնպահ մնա կոռուպցիոն վարքագծից։ Նկատի ունեմ՝ կենցաղային կոռուպցիան, հարցեր լուծելու պատրաստակամությունը, այսպես ասած՝ մաղարիչներով։ Բայց մենք անզեն աչքով տեսնում ենք, որ շատ ոլորտներում նվազել է զանգվածային կոռուպցիան՝ ՃՈ ոլորտում, վարորդական վկայականներ ստանալու պրոցեսում, և այլն, որն արդեն մտածելակերպի փոփոխության խնդիր է։ Հեղափոխությունը վերաբերում է ոչ միայն քաղաքական ինստիտուտներին, այլև մտածողությանն  ու արժեքային համակարգերին։ Այդ փոփոխությունները եթե լինեն, ժամանակի ընթացքում կունենանք դրական արդյունքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս