«Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանավորներին ու հրահանգներ ստացող դատավորներին

«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից։ Եվ ես ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,- այսօր Հանրապետության հրապարակում կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ կարևոր է դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենալ և որոշում կայացնել՝ արդյոք չպե՞տք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծել, որովհետև անցումային արդարադատության մարմինները կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը, այլև այն պատճառով, որ ՀՀ օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտնել 2017 թ. հունիսի 1-ից, և ֆորմալ առումով դրանից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել։

Ն.Փաշինյանը նշեց, որ կա նաև մեկ այլ խնդիր՝ ՀՀ նախկին շատ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր, որի անունը չցանկացավ նշել, միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 մլն դոլար.

«Էս որ երեկ մեկը կար, ասում էր՝ բա չեն հարցնելո՞ւ չգիտեմ ում 50%-ները։ Հարցնելու ենք, և մե՛նք ենք հարցնելու, իսկ դուք լինելու եք պատասխան տվողը։ Չկասկածե՛ք»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ։ Վարչապետը նշեց, որ ՀՀ օրենքների տեսակետից չափազանց դժվար է այդ 30 մլն-ի հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը պետական պաշտոնյա չի եղել, հայտարարագիր չի ներկայացրել, և ֆորմալ առումով կան դժվարություններ՝ հետաքննելու և օրենքով առգրավելու համար։

Նրա համոզմամբ՝ դա է պատճառը, որ պետք է մտածել անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին։ Սակայն, զգուշացրեց Ն.Փաշինյանը, դա պետք չէ շփոթել արտակարգ դատարանների հետ, որովհետև անցումային արդարադատության մարմինները միջազգային հանրությանը հայտնի մարմիններ են, շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, և միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան։

Նա նշեց, որ շատ գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանին օտարերկրյա պետություններում և օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները բացահայտելու, սառեցնելու և ՀՀ վերադարձնելու հարցում. «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս