«Ռուսաստանը չի կարող միջամտել ՀՀ դատական համակարգում կայացվող որոշմանը». Տարասով

«Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ոչ մի դեպքում չէի համարի արտաքին շահառու ունեցող որոշում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանում ակտիվորեն շրջանառվող տեսակետներին, թե Մոսկվայի միջամտության արդյունքում է ազատ արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։ Սակայն կան նաև տեսակետներ, որ Քոչարյանի ազատ արձակումը Մոսկվայի ճնշման հետևանք է: Նման կարծիքների մի որոշ մասը հենվում է այն հայտարարության վրա, որը վերջերս արել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կոշտ քննադատություն հնչեցնելով ՀՀ ներկայիս իշխանությունների` 2008 թվականի Մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների բացահայտման գործողությունների վերաբերյալ:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, բնականաբար, Մոսկվան հետևում է Երևանում զարգացող իրադարձություններին, որին նաև պաշտոնական կոշտ արձագանք եղավ, քանի որ կալանքի որոշում կայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի նկատմամբ, թեև խափանման միջոցն անմիջապես փոխվեց:

«Ավելի վաղ ևս ես ասել էի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ներգրավմանն այս գործով չէր կարող վրիպել ո՛չ միայն Մոսկվայի, ո՛չ էլ Հայաստանի ՀԱՊԿ մյուս գործընկերների ուշադրությունից: Ինչպես մենք տեսանք, այս հարցը ամենաբարձր մակարդակով քննարկվում է ՀԱՊԿ նախագահների կողմից: Օրերս հարցը քննարկեցին Պուտինն ու Նազարբաևը, այն իսկապես խնդիր է դարձել ՀԱՊԿ-ի համար, որից, իհարկե, ՀԱՊԿ անդամ երկրները կցանկանային խուսափել: Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ հայտնեց Մոսկվայի դժգոհությունն այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև իր մտահոգությունը հայտնելով այն հարցի վերաբերյալ, որ ՀՀ իշխանությունները հայտարարել էին, թե պատիժներ չեն լինելու, բայց հակասություն է նկատվում: Ոմանք գուցե տողատակում նաև կարողանան աջակցություն փնտրել ՀՀ երկրորդ նախագահի համար, քանի որ հայտարարության մեջ անուններ չկային:

Այնուամենայնիվ, ՌԴ-ն ՀՀ նախկին նախագահի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի կարող անել և չարեց, քանի որ Քոչարյանը պաշտոնաթող նախագահ է, ուստի տեսակետները, թե Մոսկվան միջամտել է, ևս տեղին չեն:

Եթե նույնիսկ կա դրական կամ բացասական վերաբերմունք նախկին կամ ներկա որևէ գործչի նկատմամբ, դա չի կարող արտահայտվել պետական քաղաքականության մեջ: Նախկին նախագահները, բնականաբար, կարող են կապեր ունենալ Կրեմլում, ամենայն հավանականությամբ, ունեն շփում որոշ շրջանակների հետ, սակայն դա չի նշանակում, որ այդ շրջանակները կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ ՀՀ դատական համակարգում կայացվող որոշման վրա: Ուստի ես սա ոչ մի դեպքում չէի համարի արտաքին շահառու ունեցող որոշում, ՀՀ դատարանը որոշում է կայացրել՝ հիմնվելով ՀՀ օրենքների վրա, ինչպես կարող էր դրա վրա ազդեցություն ունենալ Մոսկվան, կամ ինչու պետք է փորձեր ազդեցություն ունենալ: Ես դա բացառում եմ»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը` վստահեցնելով, որ նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավական գործընթացներին է Մոսկվան զգուշորեն վերաբերվում:

Նա նշեց, որ որքան էլ որ տհաճ էր տեղեկանալ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու փաստի մասին, սա Հայաստանի ներքին զարգացումն է, ավելին, իրավական գործընթաց է, որի նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել:

«Այնուամենայնիվ Մոսկվան հետևում է ուշադիր, որովհետև գործընկեր երկրում, որի հետ նաև միությունների մեջ է Ռուսաստանը, բուռն իրադարձություններ են ծավալվում, իրադարձությունները դեռ զարգացման փուլում են, և դրանք ըստ էության ստվերում են Հայաստանի համար ոչ պակաս կարևոր ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը»,- ասաց Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս