«Կարող է պատմական հանդիպում տեղի ունենալ. Հայաստանը պետք է նոր օրակարգ ներկայացնի». Սուրեն Սարգսյան
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօրվա ասուլիսին կարծիք հայտնեց, որ, եթե սեպտեմբեր ամսին կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, պետք է նոր օրակարգ ներկայացնի։
«Այս հանդիպումը կարող է պատմական լինել, մանավանդ, եթե հայկական կողմը նոր օրակարգ ներկայացնի երկկողմ հարաբերությունների համար։ Մենք նոր օրակարգով պետք է խոսենք ԱՄՆ ղեկավարության հետ, Թրամփը հաջողակ բիզնեսմեն է, նրան հետաքրքրում են տնտեսական հարաբերությունները։ Դա էական նշանակություն կունենա Հայաստանի համար, եթե ԱՄՆ-ի հետ բիզնես հարաբերությունները զարգանան և խորանան»,- պարզաբանեց նա։
Ս. Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ը նաև Թուրքիայի դեմ է պատժամիջոցներ կիրառում, և միայն այդ մասին հայտարարելուց հետո թուրքական լիրան սկսել է արժեզրկվել, ինչը, ըստ նրա՝ տնտեսական հարված է Թուրքիային.
«Թուրքիան փորձում է տարածաշրջանում ինքնուրույն խաղալ, չնայած՝ համարվում է ՆԱՏՕ-ի անդամ։ Հիմա թուրք-ամերիկյան հարաբերությունները հասել են մի մակարդակի, որ Թուրքիան չի ցանկանում ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները շարունակել։ Երբ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները լարված են, ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում այլ ռազմավարական դաշնակիցներ գտնել և փորձում է հարաբերությունները խորացնել վաղեմի դաշնակից Վրաստանի և նոր դաշնակից Ադրբեջանի հետ, որովհետև հասկանում է, որ տարածաշրջանում Թուրքիան կարևոր նշանակություն ունի։ Աֆղանստանի համար ԱՄՆ-ը օգտագործում է Ադրբեջանը, որպեսզի իրենց զորքերը տեղափոխեն Աֆղանստան։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ջերմանում են ռուս-թուրքական հարաբերությունները»։
Ինչ վերաբերում է Լավրովի այցին Անկարա, ապա նա չի կարծում, թե դրա ընթացքում կքննարկվի Արցախի հարցը. «ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ այս հարցը թուրք գործընկերների հետ չեն քննարկում, որովհետև Հաայստանը բազմիցս հայտարարել է, որ որքան Թուրքիան հեռու մնա բանակցային գործընթացից, այդքան օգտակար կլինի դա հենց բանակցային գործընթացի համար։ Միգուցե թուրքական կողմն անդրադառնա, ինչպես մի անգամ եղել է, երբ թուրքական կողմն այդ հարցը բարձրացրեց, բայց ռուսական կողմը չանդրադարձավ, և Էրդողանը բողոքեց։ Կարծում եմ՝ նույնը կլինի, եթե հարցը բարձրանա, թուրքական կողմը մտքեր հայտնի, ռուսական կողմը՝ որպես ՄԽ համանախագահ, այդ հարցին չի անդրադառնա»։
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին, փորձագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է սկսի բարեփոխումների ճանապարհով շարժվել. «Բոլոր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա, կոռուպցիայի դեմ պայքարը միակը չէ, որտեղ պետք է աշխատել։ Հայաստանին գնահատական չեն տալու միայն հեղափոխության փաստի հիման վրա։ Հայաստանը հիմա միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է գտնվում՝ հատկապես խոսքի ազատության առումով, որպեսզի ճիշտ գնահատական տրվի, թե արդյո՞ք հեղափոխութունից հետո լրատվամիջոցները ստացել են բավականաչափ ազատություն, պաշտպանվածություն, թե՞ այլ ընթացք է տեղի ունեցել։
Տրվելու են նաև տնտեսական գնահատականներ, այնպես որ, հիմա ՀՀ կառավարությանը գնահատել չեն կարող, որովհետև դեռևս չկան ուսումնասիրություններ, վերջնարդյունքներ։ Երբ դրանք լինեն, կլինի համապատասխան գնահատական։ 100 օրը չափազանց քիչ ժամանակ է, որ մեր գործընկերները կարողանան հստակ գնահատականներ տալ։ Ավագանու ընտրությունները, կտեսնենք, թե որակի առումով ինչպիսին կլինեն, այդտեղ հստակ գնահատականներ կլինեն, թե Հայաստանում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել»։