«Քրեական գործ կհարուցեն, կքննվի, բայց վերջում ոչ արդարացման հիմքով գործը կկարճեն». Արա Ղազարյանը՝ Արմեն Գևորգյանի գործի մասին

168.am-ի զրուցակիցն է Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը

– Պարոն Ղազարյանը, երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ «Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը, և ինչքանո՞վ է ընդունված, որ նման հրապարակումները հիմք հանդիսանան քրեական գործ հարուցելու համար։

– Քննչական մարմինն ինքն է որոշում իր ապացույցի զանգվածը, տեսակը։ Փաստաթղթերը կարող են ապացույց ճանաչվել, բայց ամբողջ հարցն այն է, որ ապացույցներն առանձին-առանձին հանդես չեն գալիս, դրանք հանդես են գալիս համակցության մեջ։ Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորվի «Վիկիլիքսի» այդ հեռագրի արժանահավատությունը, որովհետև, ըստ էության, մեր ձեռքի տակ չկա հենց այդ հեռագրի օրիգինալը, դա ընդամենը համացանցային հրապարակում է, և ոչ էլ ԱՄՆ դեսպանատունը սիրահոժար դա կտա։

Այսինքն՝ դա ինքնին ապացույց համարելը շատ խնդահարույց է։ Համակցության մեջ դա պետք է ստուգվի։ Այնտեղ միայն Վալերի Պողոսյանի հայտարարությունն է, բայց եթե նա ցուցմունք տա, նրա ցուցմունքն էլ պետք է ստուգվի մեկ այլ անձի ցուցմունքով։ Այդ մյուս անձը ՀՀ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներից կարող է լինել, ում հետ, ենթադրաբար, Պողոսյանը գաղտնի հանդիպում է ունեցել։

Բայց պարզ է, որ նրանք չեն գա և ցուցմունք չեն տա, որովհետև նրանք դիվանագիտական իմունիտետ ունեն։ Բացի այդ, նրանք երբեք չեն էլ ցանկանա ինչ-որ կերպ միջամտել այս քրեական գործին։ Եթե այլ ապացույցներ չկան, նման ապացուցողականան զանգվածով շատ դժվար կլինի որևէ մարդու դատապարտել։ Հաշվի առեք նաև այն, որ այստեղ վաղեմության ժամկետի հարց էլ կա, դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, այս հանցագործության համար նախատեսված պատիժը 2-6 տարով է, այսինքն՝ վաղեմության ժամկետը վաղուց  անցել, ես չգիտեմ՝ վաղեմության ժամկետն ինչպես պետք է հաղթահարեն։

Սա այն իրավիճակը չէ, որ անձը փախուստի մեջ է գտնվել, և վաղեմության ժամկետը կասեցվում է։ Այստեղ պարզ է, որ վաղեմության ժամկետը գործում է։ Այսինքն՝ քրեական գործ կհարուցեն, կքննվի, բայց վերջում ոչ արդարացման հիմքով գործը կկարճեն։

– Այդ դեպքում նման գործ հարուցելու իմաստը ո՞րն է։

– Ես չգիտեմ, մանավանդ, որ այդ գործը քննվելու է Մարտի 1-ի ընդհանուր կոնտեքստում, արդյո՞ք նշանակում է, որ ապացույցների սուղ զանգվածը կփորձեն հիմնավորել Մարտի 1-ի ապացուցողական զանգվածով։ Դա, ես կարծում եմ՝ մի փոքր դեկլարատիվ կլինի, որովհետև քրեական իրավունքում կա շատ կարևոր սկզբունք՝ դա մեղքի անհատականացման սկզբունքն է։ Արգելվում է՝ ենթադրությունների հիման վրա, ընդհանուր կոնտեքստից ելնելով, մտահանգումների հիման վրա՝ մեղադրանք առաջադրել ու մարդուն դատապարտել։ Պետք է լինեն կոնկրետ ապացույցներ, և ապացույցները պետք է լինեն ոջամիտ, կասկածից վեր, այսինքն՝ոչ թե 1, 2, 3, այլ՝ ավելի շատ ապացույցներ պետք է լինեն, ընդ որում, յուրաքանչյուրն էլ պետք է և՛ արժանահավատ լինի, և՛ ընդունելի, և այլն։

– Այստեղ քաղաքական եթատեքստ տեսնո՞ւմ եք։

– Ավելի շուտ ես ոչ թե քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, այլ՝ քրեական քաղաքականության մեջ կուրսի փոփոխություն եմ տեսնում, որը լավ է ընդհանուր առմամբ։ Կիրառում են հոդվածներ, մեթոդներ, որոնք նախկինում երբեք չեն կիրառվել։ Սա նորմալ է, բայց եթե մենք հանկարծ տեսնենք կանխակալություն կոնկրետ անձի նկատմամբ, սա արդեն կարող է խնդրահարույց լինել։ Հիմա դեռ չեմ ուզում նման եզրահանգման գալ, սա դեռ նոր է, քննության սկիզբն է, բայց ամենակարևոր հարցն առայժմ վաղեմության ժամկետն է, երկրորդը՝ ապացույցների թույլ համակցումը։

– Երեկ ՀՔԾ պետը նաև հայտարարեց, թե կարծում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։ Ինչպե՞ս եք գնահատում Ս. Խաչատրյանի այս հայտարարությունը։

– Ընդհանուր էթիկայի կանոն կա, որ պետք է զսպվածություն ցուցաբերեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, մանավանդ վարույթի մասնակիցները։ Բնականաբար, Սասուն Խաչատարյանն ինքը հենց վարույթի մասնակից է, հենց նրա քննիչն է միջնորդություններ տանում, բնականաբար, քննիչի մոտեցումները հենց նաև Սասուն Խաչատրյանի մոտեցումն է, թեև մյուս կողմից էլ՝ քրեական դատավարության մեջ կա խնդիր, երբ Քննչական բաժնի պետն է միջամտում իր քննիչի աշխատանքին։ Ենթադրենք, սա գերատեսչության մոտեցումն է, բայց իրենց հրապարակավ հայտարարություններում պետք է զսպվածություն ցուցաբերեն, որ հանկարծ դատարանները չընկճվեն կամ չկաշկանդվեն։

Այստեղ, ընդհակառակը, կարծես մեկ օր առաջ ուղղակի հայտարարություններ են անում։ Որպես կանոն՝ նա հիմնարար իրավունք չի խախտում, որովհետև անմեղության կանխավարկածի խախտում չկա, բայց առաջարկվում է զսպվածություն ցուցաբերել իրենց հրապարակավ հայտարարությունների ժամանակ։ Եթե հիշում եք, Մանվել Գրիգորյանի կալանքի նիստից հինգ րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց։ Սա էլ արդեն վարչապետն է։ Դե, հիմա ո՞ր դատավորը կարող է չկաշկանդվել վարչապետի հայտարարությամբ։ Չենք կարող ասել, որ որպես կանոն՝ այդպես է, բայց ընդհանրապես պետք է հարգել քրեական դատավարությունն ու զսպվածություն ցուցաբերել։

Տեսանյութեր

Լրահոս