Կրկեսի վերածելու հայրենիք. առողջապահության նախարարի պահվածքն ավելի է անլրջացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սեւանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ եւ անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալուն` հորդորել էր զերծ մնալ նման վայրերում լողալուց:

Նախարարությունը նաեւ մանրամասն տեղեկացրել էր, թե այդ վայրերում լողալն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա, ինչ ախտանշաններ կարող են առաջանալ:

Բայց դրանից չորս օր անց նախարարը հատուկ լողում էր Սեւանում ապացուցելու, որ ջուրը մաքուր է եւ որեւէ վտանգ չի ներկայացնում: Ասել է թե` Թորոսյանը պարզապես որոշել էր իր գործողություններով հերքել իր իսկ ղեկավարած կառույցի հայտարարություն-նախազգուշացումը:

Կմտածեք՝ մի քանի օրվա ընթացքում Սեւանա լճի ջուրը մաքրվել է, եւ վտանգը չեզոքացվել: Պարզվում է՝ ոչ:

Բնապահպան Կարինե Դանիելյանը, թերթի հարցին ի պատասխան, երեկ ասել է. «Չորս օրում հնարավոր չէ` ջուրը մաքրվեր, ուղղակի ափեր կան, որտեղ ջրիմուռներ չկան, եւ մաքուր է։ Հավանաբար նախարարը այդ մաքուր ափերից մեկում է լող տվել։ Ափերը մաքրելու համար լուրջ աշխատանք է պետք անել, հավանաբար մինչեւ օգոստոսի կեսերը ջրիմուռները անցնեն ջրի հատակը, այնտեղ քայքայվեն։ Բայց բոլոր դեպքերում դա ցուցանիշ է, որ լճի վիճակը շատ վատ է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս