«Ռուսական ուղերձ է այն մասին, որ ՀՀ քայլերը դժգոհություններ են առաջացրել»

«Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները, ըստ իս, ՀԱՊԿ անդամ երկրների համար վհատեցնող են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ գրավի դիմաց ազատ արձակմանը:

Ռուս վերլուծաբանն ասաց, որ դժվար է արձագանքել այս զարգացումներին, քանի որ դրսից մանրամասներին ոչ ոք ծանոթ չէ: Ռուսաստանը, ըստ նրա, չի արձագանքի որևէ կերպ տեղի ունեցողին, քանի որ դա գործ է, որը վերաբերում է Հայաստանի ներքին կյանքին և նախկին իշխանություններին:

«Կա նրբություն՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, նա լուրջ պաշտոն է զբաղեցնում ՀԱՊԿ-ում, և կարծում եմ` նրա  հետ կապված զարգացումներն անակնկալ էին ՀԱՊԿ-ի և անդամ երկրների համար, սա, կարծում եմ, վհատեցնող է: Նրա դեպքում կարելի էր այլ լուծումներ գտնել մինչ հարցաքննությունը, քանի որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ի դեմքն է, այդ կառույցը վերջին տարիներին լուրջ խնդիրների է բախվում, Ռուսաստանը մտահոգ է այդ կառույցի հեղինակության հարցով, ուստի նրբազգացություն պահանջող հարց էր սա ՀԱՊԿ անդամ երկրների համար, քանի որ Խաչատուրովը ներկայացնում է նաև նրանց իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում»,- ասաց Մալաշենկոն:

Սակայն նա ընդգծեց, որ սա իր անձնական կարծիքն է, և, որ այլ լուծումներ հարկավոր չէր գտնել: «Մոսկվան գուցե պաշտոնական մակարդակով որևէ դժգոհություն չհայտնի, քանի որ այս հարցը Հայաստանի  որոշումների տիրույթում է, սակայն վերաբերում է անձի, որը  պաշտոնյա է ՀԱՊԿ-ում: Դժգոհություններ ամեն դեպքում կհայտնեն փորձագետներ և վերլուծաբաններ սյունակագրերի միջոցով՝ արտացոլելով այդ հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը»,- ասաց նա:

Ռուս քաղաքական վերլուծաբանն ասաց, որ արտաքին դերակատարներն այս հարցում որևէ անելիք չունեն, բացի հետևելը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Անդրադառնալով այսօր ռուսական ՏԱՍՍ-ի հրապարակմանը` Մալաշենկոն ասաց. «Բնականաբար, չեմ կարող ենթադրել, թե ինչ աղբյուր է, կապ ունի՞ ՌԴ ԱԳ նախարարության հետ, թե՞ ոչ: Եթե կապ ունի, ապա հասկանալի է, որ նման, աղբյուրի որակմամբ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցմանն արձագանքելուց կարելի էր խուսափել և չհանրայնացնել, բայց սա  երևի թե ուղերձ է այն մասին, որ այս թեմայի հետ կապված ՀՀ քայլերը դժգոհություններ են առաջացնում: Սա, իհարկե, կարող էր կարգավորվել ԱԳՆ մակարդակով շփումների արդյունքում, որը հանրային չէր դառնա, նման ձևով շատ հարցեր են լուծվում, սակայն աղբյուրն ակնարկեց, որ ՀԱՊԿ-ը երկար սպասել է գլխավոր քարտուղարի թեկնածուին, իսկ հիմա պետք է հրաժարվի և այլ թեկնածուի փնտրտուքով զբաղվի, որը ՀԱՊԿ-ի համար տհաճ իրադարձություն է, և սա անակնկալ էր, որը տհաճ է: Այսինքն` կար ցանկություն՝ հրապարակային արձագանքելու, որը երևի թե պաշտոնապես հնարավոր չէր լինի անել»,- ասաց փորձագետը:

Ըստ նրա՝ սա երկկողմ հարաբերությունների վրա հետևանքներ չի թողնի: Պարզապես, Մալաշենկոյի խոսքով, այս միջադեպից կողմերը պետք է որ հետևություններ անեն:

Հիշեցնենք, որ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ռուսաստանը ոչ  պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու՝ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը: «Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն իրենց ձեռնտու չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ին պետք է համապատասխան գրավոր ծանուցում ուղարկվի, և միայն դրանից հետո կսկսվի պաշտոնական գործընթացը, և ոչ թե՝ «գլխավոր քարտուղարի փոխարինման», այլ նրա իրավասությունների դադարեցման»,- նման դիտարկում է արել գործակալության աղբյուրը:

 

Տեսանյութեր

Լրահոս