«Այն գործողությունները, որ Ռոբերտ Քոչարյանն իրականացրել է 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին, չեն բխել իր կարգավիճակից». Փաստաբան
168.am-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը
– Պարոն Նորիկյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրան կալանավորելու դատարանի որոշումն ապօրինի են համարում։ Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում այստեղ։
– Բնական եմ համարում Քոչարյանի պաշտպանական կորպուսի կողմից արտահայտված դիրքորոշումներն իրենց պաշտպանյալի անմեղության, մեղադրանքի անհիմն լինելու վերաբերյալ։ Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը պետք է պնդի, որ դա քաղաքական հաշվեհարդար է, որ դա շինծու քրեական գործ է, որ ինքը որևէ աղերս չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, բայց իրականությունը բոլորովին այլ է, որ 2008 թվականի փետրվար ամսին ՀՀ այդ ժամանակվա գործող նախագահը, չունենալով սահմանադրական լիազորություններ, որորոշում է կայացրել Զինված ուժերի օգտագործման մասին, որի իրավունքն այն ժամանակ ինքը չուներ։
2005 թվականի խմբագրմամբ՝ Սահմանադրության 55-րդ հոդվածով ամրագրված են հետևյալ դրույթները. 13-րդ կետը հստակ արձանագրում է, որ ԶՈՒ-ի օգտագործման վերաբերյալ կարող է որոշում կայացվել բացառապես այն դեպքում, եթե ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, իսկ 14-րդ կետով հստակ ամրագրված է, որ ՀՀ-ում սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում ՀՀ նախագահը, խորհրդակցելով ԱԺ նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Սրանցից կարելի է հանգել հետևության, որ ՀՀ տարածքում ԶՈՒ-ի օգտագործումն այդ առումով կարող է բացառապես իրականացվել մի դեպքում՝ եթե հայտարարվում է ռազմական դրություն։
Ակնհայտ է, որ այդ ժամանակ ռազմական դրություն Ռոբերտ Քոչարյանի կողմից չի հայտարարվել, և ՀՀ-ում ռազմական դրություն չի եղել։ Իսկ փետրվարի 23-ին Միքայել Հարությունյանի կողմից կայացված 0038 հրամանում հստակ նշված է՝ ՀՀ-ի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները լուծելու համար ստեղծել Երևանի կայազոր և կայազորի պետ նշանակել ՊՆ-ի տեղակալ Յուրի Խաչատուրովին։ 2008 թվականի փետրվարի 23-ին Ազատության հրապարակում իրականացվում էր խաղաղ հանրահավաք, ժողովուրդը պարում էր, և ոչ մի անմիջական վտանգի սպառնալիք սահմանադրական կարգին գոյություն չուներ։
Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում հենց այս հանգամանքներն են դրված, ակնհայտ է, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, որի արդյունքում ԶՈՒ-ի օգտագործման վերաբերյալ կայացրել են որոշումներ ու ներգրավել են քաղաքական պրոցեսներին՝ չունենալով դրա համար անհրաժեշտ սահմանադրական լիազորություններ, որի հիման վրա երկրի սահմանադրական կարգը տապալվել է։ Այս առումով՝ ես առավել քան հիմնավոր եմ համարում Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մեղադրանքը։
– Ձեր ասածից ստացվում է՝ եթե երկրորդ նախագահն իր սահմանադրական լիազորություններից դուրս է գործել՝ նախագահի անձեռնմխելիության հարցն է այստեղից առաջ գալիս։ Այսինքն՝ կարո՞ղ էին նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
– Այդ հարցի վերաբերյալ էլ կան բազմաթիվ շահարկումներ։ 2005 թվականի խմբագրմամբ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ ամրագրված է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։ Գործող Սահմանադրության 140-րդ հոդվածը նույն բովանդակությունն է պարունակում։
Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող քրեական պատասխանատվության կամ որևէ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ենթադրենք, իքս անձին վարչապետ նշանակելու համար նա չի կարող ենթարկվել պատասխանատվության, բայց ինքը պատասխանատվության կարող է ենթարկվել իր կարգավիճակից չբխող գործողությունների համար։
Այն գործողությունները, որ նա իրականացրել է 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, չեն բխել իր կարգավիճակից, ինքը գերազանցել է այդ կարգավիճակից բխող գործողությունների իրականացման սահմանագիծը, որի պատճառով էլ նա այսօր ենթակա է քրեական հետապնդման։
– Ռոբերտ Քոչարյանին կալանվորելու հիմքերն ինչքանո՞վ են առկա։
– Կալանավորման հիմքերն ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով։ Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդության բովանդակությանը, չգիտեմ՝ վարույթն իրականացնող մարմինն ինչպիսի հիմնավորումներ է դրել Քոչարյանի կալանավորման միջնորդության հիմքում։ Ենթադրում եմ, որ միջնորդության հիմքում կարող են լինել քննությունից խուսափելու, այլ անձանց վրա հնարավոր ճնշում գործադրելու հանգամանքները։
– Դուք առաջին իրավաբաններից էիք, ովքեր նշում էին, որ մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանին չէր կարող մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, քանի որ հոդվածն ավելի ուշ է ընդունվել։ Հետագայում այդ հարցի վերաբերյալ պարզաբանում եղավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից, որը նշեց, որ սահմանադրական կարգի տապալումը քրեորեն հետապնդելի է եղել 2008 թվականին, պարզապես նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով։ Այս պարզաբանումից հետո դարձյա՞լ գտնում եք, որ այդտեղ խնդիր կա, ու եթե՝ այո, խնդրում եմ ավելի պարզ բացատրեք՝ ինչո՞ւմն է խնդիրը։
– Ես առաջին իրավաբանն եմ եղել, որն իրավական պարզաբանում է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ։ Այո, ես պնդում եմ, որ այդտեղ խնդիր կա, ու վաղ թե ուշ վարույթն իրականացնող մարմինը պետք է անդրադառնա այդ խնդրին։ Սա նեղ մասնագիտական վեճ է, ես մանրամասն վերլուծության եմ ենթարկել այդ իրավական նորմերը։ ՀՔԾ-ն այս պահին գտնում է, որ այս հանցակազմը եղել է նաև 2008 թվականին։
Ես հանցակազմի մասին չեմ խոսում, ես Քոչարյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքում դրված հանգամանքները չեմ վիճարկում։ Ավելին, գտնում եմ՝ նրա արարքում կա հանցավոր արարք, և այդ մեղադրանքները, որ ներկայացվել են Քոչարյանին, առավել քան հիմնավոր են։ Ես` որպես իրավաբան, այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումն ունեմ, ու այդ առումով՝ որևէ փոփոխություն իմ դիրքորոշման մեջ չի եղել։
– Դուք այս պարագայում ի՞նչ լուծում եք տեսնում, եթե խնդիր կա։
– Խնդիրը հետևյալն է, հիմա հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քրեական հետապնդում և նախաքննություն, վարույթն իրականացնող մարմինը որևէ ձևով կաշկանդված չէ՝ քննության որևէ փուլում վերաորակի անձին առաջադրված մեղադրանքը, այդ մեղադրանքից հրաժարվի, այլ մեղադրանք առաջադրի։
Սա նեղ մասնագիտական վեճ է։ Կարող է՝ ինչ-որ փուլում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվի, նրան նոր մեղադրանք առաջադրվի։
Ես մանրամասն ուսումնասիրել եմ 2008 թվականի գործող Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշները. այնտեղ տալիս է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները։
Հիմա Սասուն Խաչատրյանն ասում է՝ այն ժամանակ այդ հոդվածի մեջ եղել է այդ հանգամանքը, իսկ 2009 թվականին նույն բանն է՝ համարն է փոխվել։ Ես մի փոքր այլ կարծիք ունեմ այդ հարցի վերաբերյալ։
Ես գտնում եմ, որ այստեղ ոչ թե մեղադրանքի հիմքում առկա փաստական հանգամանքների կամ հանցակազմը կասկածի տակ դնող խնդիրներն են, այլ ուղղակի այս կամ այն հոդվածի վերաբերյալ մոտեցումների տարբերությունն է, բայց դա չի փոխում Քոչարյանին առաջադրված մեղադրանքի էությունն ու բովանդակությունը։