Բաժիններ՝

«Այդ երևույթը միշտ գոյություն է ունեցել, նոր չէ, ուղղակի դա նոր թափ է առել». Քննարկում մեդիա-նոր իշխանություններ հարաբերությունների շուրջ

«Երկրում իրավիճակը, միանշանակ, փոխվել է, մամուլում՝ չի փոխվել, հասարակական ընկալումների մեջ մամուլի դերի մասին այս պահից սկսած փոխվում է, և մեր հասարակությունը, կարծում եմ, նոր պահանջ է դնում մամուլի նկատմամբ՝ ավելի որակյալ, ավելի մասնագիտական, ավելի կոմպետենտ մամուլ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց կինոռեժիսոր Արա Շիրինյանը։

Ըստ նրա՝ դա է վկայում մամուլի հրապարակումների նկատմամբ հասարակության արձագանքը։ Ա. Շիրինյանը նշեց, որ բացի վիրավորանքից՝ կա նաև առողջ բովանդակություն, վերլուծություններ, և պետք է երկուսն էլ նկատել, իսկ մամուլի նկատմամբ կա նոր պահանջ, որը, ցավոք, մամուլի ոչ բոլոր ներկայացուցիչներն են ընկալում։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով ևս՝ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և մինչև մարտի 23-ը դժվար էր պատկերացնել, որ երկրի առաջին դեմքն ուղիղ եթերով կպատմեր իր աշխատանքային օրվա, որոշումների մասին, և նախկինում ճիշտ հակառակն էր՝ երկրի ղեկավարը շփվում էր ընտրյալ ԶԼՄ-ների հետ, որոնք իրենց շատ շոյված էին զգում դրանից, փոխանակ ասեին, որ դա աշխատաոճ չէ։

8 ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հայտարարության վերաբերյալ Ա. Մելիքյանը նշեց, որ այժմ ուղիղ եթերների արդյունքում խնդիր կա, որ որոշ առումով պաշտոնյաներն իրենց վրա են վերցնում մամուլի քարտուղարների պարտականությունները, և հաճախ այդ պետական մարմիններում անտեսվում է այդ օղակների գործունեությունը, կամ դեռևս այնպես չի կազմակերպվել, ինչպես պետք է. «Բայց սա միակ կետն է, որ ես համաձայն եմ՝ այդ փաստաթղթում թվարկված խնդիրներից։ Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում վիրավորանքներին և սուր քննադատություններին, ապա սա բավականին վիճելի հարց է այն առումով, որ այդ երևույթը միշտ գոյություն է ունեցել, նոր չէ, ուղղակի դա նոր թափ է առել։ Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, հասարակությունը գերքաղաքականացված է, և ցանկացած քննադատություն սվիններով է ընդունվում։ Բայց այդ երևույթը միակողմանի չէ»։

Ա. Մելիքյանը նշեց, որ երկրում կան քաղաքական ճամբարներ՝ հեղափոխականների և նրանց աջակիցների, պարտված ուժի և նրա աջակիցների, և գոյություն ունի ընդդիմություն, որ արհամարհված է եղել և՛ նախորդ իշխանությունների օրոք, և՛ հիմա։ Այս բոլոր ուժերին, Մելիքյանի խոսքով, համակրող լրատվամիջոցների համակիրները Ֆեյսբուքը դիտում են որպես հարթակ՝ իրար հետ քաղաքական հաշիվներ մաքրելու, ընդ որում՝ դա միայն «Քաղաքացիական պայմանագրի» համակիրները չեն հակահարված տալիս, այլև՝ ՀՀԿ-ի ու մյուս քաղաքական ուժերի համակիրները։ Ըստ այդմ, նշեց Ա.Մելիքյանը, խմբագիրներն այդ երևույթին այնքան էլ համակողմանի չեն անդրադարձել։ Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել «ֆեյքերի» ասածներին, իսկ հայհոյանքների համար ֆիլտրներ կան, և լրատվամիջոցներն իրենք էլ ասում են՝ դուր չի գալիս, մի՛ կարդա։ Նա ԶԼՄ-ների գործընկերներին խորհուրդ տվեց մի կողմ դնել այդ հայհոյանքները և շարունակել որակյալ աշխատանքն ու լսարանի շահերի սպասարկումը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանի կարծիքով՝ իրավիճակի փոփոխությունը նորմալ է, և փոխվել է նաև նախկին ինքնագրաքննությունը, երբ սոցիալական ցանցում որևէ բան գրելուց առաջ երկար էին մտածում, իսկ հիմա ազատ արտահայտվում են։ Ըստ նրա՝ դա և՛ դրական է ազատ երկրի համար, և՛ բացասական, որովհետև նեգատիվ կոնտենտ կա՝ վիրավորանքներ և այլն։ Անգլախոս երկրներում, Ա. Փամբուխչյանի խոսքով, Ֆեյսբուքը դա ավտոմատ կֆիլտրեր, իսկ հայերենի դեպքում դա բավականին դժվար է. «Բայց միաժամանակ ես չեմ կարծում, որ կա այն աստիճան ատելության քարոզչություն, ինչպիսին փորձվում է ներկայացնել»։ Ա. Փամբուխչյանը նշեց, որ նախկինում էլ դա կար, ուղղակի չէր կարելի գնալ ոստիկանություն և հաղորդում ներկայացնել։

Կառավարության աշխատանքը մամուլի հետ Ա. Փամբուխչյանը համարում է զարգացած աշխարհի միտումներին հարմարվելու երևույթ, բայց ամեն ինչ չէ, որ պետք է կոմունիկացվի Ֆեյսբուքի միջոցով։ Նրա կարծիքով՝ այժմ մամուլի համար ճգնաժամային փուլ է, պետք է հարմարվել և ավելի շատ հեղինակային աշխատանք կատարել, իսկ այս ամենի արդյունքում մամուլը կմաքրվի։

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ ճգնաժամ է, եթե կառավարության ներկայացուցիչն է այդպես հայտարարում, և կառավարության շատ ներկայացուցիչներ տեղի ունեցողն անվանում են նաև տեղեկատվական պատերազմ. «Խոսքն ուժ ունի, եթե հայտարարում ես հանրայնորեն, որ տեղեկատվական պատերազմ է գնում, դու հայտարարում ես, որ դա ճգնաժամ է»։

Նրա կարծիքով՝ այստեղ կան օբյեկտիվ պատճառներ՝ փոխվել են իշխանություն-մամուլ, մամուլ-մամուլ հարաբերությունները, և դաշտն ինչ-որ առումով ապամոնտաժվել է, դժվար է հասկանալ, թե ուր է պետք շարժվել։ Այս իրավիճակը, փորձագետի կարծիքով, կշտկվի, բայց նաև կա տեղեկատվական հակամարտություն, որովհետև կան կենտրոններ, որոնք ակտիվ օգտագործում են մամուլն ու սոցցանցերը քարոզչական նպատակների համար, ինչը, թեև նոր չէ Հայաստանի համար, բայց կենտրոններն են շատացել ու գնալով շատանալու են՝ նախընտրական փուլ մտնելուն զուգահեռ։

Ս. Մարտիրոսյանը նշեց, որ 100 հազար դրամով կարելի է 100 ֆեյք ստեղծել. «Փողին մուննաթ։ Ֆեյքն էժան երևույթ է, բայց ազդեցիկ, առավել ևս՝ մենք ունենք մի նոր գործոն։ Ֆեյքերը միշտ եղել են, բայց նախորդ իշխանություններն առանձնապես ուշադրություն չէին դարձնում քննադատությանը՝ որոշ բացառություններով, իսկ ներկայիս իշխանությունները փաստացի ավելի թուլացած վիճակում են, ավելի բաց են աշխատում, հաշվի են առնում հասարակության կարծիքը, և մտել են սոցիալական ցանցեր, անձնապես և փաստացի հորիզոնական կապեր են ստեղծել օգտագործողների հետ։ Եվ ներգրավվելով ֆեյքերի օնլայն պատերազմների մեջ, իրենք փաստացի լեգիտիմացնում են այդ ֆեյքերին, նրանց տալիս են բարձր ստատուս ու աշխատացնում իրենց դեմ։ Հիմա փաստացի կառավարությունը զբաղված է թրոլլերին գուրգուրելով, կերակրելով»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կարևորեց հասկանալ, թե ինչում է նոր իրավիճակի էությունը։ Ըստ նրա՝ մենք սովորում ենք ազատության պայմաններում աշխատել, նախկինում մեկ կենտրոնից կառավարվում էր համակարգը՝ դատական, քաղաքական, նաև տեղեկատվական դաշտը, և ազատ խոսքի արտահայտման միակ վայրը սոցիալական ցանցերն էին։ Նա տարօրինակ է համարում ԶԼՄ-ների ղեկավարների հայտարարությունը՝ նշելով, որ նրանք մոռանում էին նախկինում մյուսների նկատմամբ «թարախը» և ծրագրավորված վարկաբեկման փորձերը, ավելին՝ իրենք էին տիրաժավորում. «Հիմա չգիտեմ՝ ինչու են աղմկում։ Սովորեք, պարոնայք, տիկնայք, աշխատել ազատության պայմաններում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս