Բաժիններ՝

«Ինձ համար տարբերություն չկա նախարար Ամիրյանի ցուցադրական ցինիզմի և նախարար Մակունցի ժպիտի տակ թաքցրած անտարբերության միջև». Հովհաննես Գալստյանը՝ Լիլիթ Մակունցի հետ հանդիպման մասին

«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի շուրջ ստեղծված խնդիրների կծիկը շարունակում է իր ընթացքը: Ամեն ինչ սկսվեց ֆիլմի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության հիմնադիր-անդամ, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի ֆեսյսբուքյան գրառումներից, որոնք վերաբերում էին «Տատիկիս վարսերը» կինոնախագծից 2017 թվականին Մշակույթի նախարարության և Ֆիլմ հանձնակատարի կողմից շորթված 7 մլն դրամին և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ֆիլմի գերմանացի և բուլղարացի արտադրողների՝ նույն գումարի վերադարձի մասին նամակներին չպատասխանելուն: 168.am-ի հետ զրույցում տվյալ իրավիճակի մանրամասների բացահայտմանը հաջորդեց ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պատասխանը Հովհաննես Գլաստյանի մեղադրանքներին ֆեյսբուքյան մեկնաբանության տեսքով:

Հաջորդ քայլը կատարեց «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի բուլղարացի համապրոդյուսեր Վասիլիյ Շարկևիչը, ով մեզ հետ զրույցում բացահայտեց, թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հովհաննես Գալստյանի կինոնախագիծը:

Այս ամենի արդյունքում օրեր առաջ վերջապես տեղի է ունեցել «Տատիկիս վարսերը» կինոնախագծի համառեժիսոր և սցենարիստ Մարինե Զաքարյանի և համառեժիսոր, համապրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Իսկ թե ինչ մթնոլորտում են անցել քննարկումները և ինչ արդյունք են դրանք տվել, 168.am-ին է պատմել Հովհաննես Գալստյանը:

– Պարոն Գալստյան, ի՞նչ մթնոլորտում անցավ ՀՀ մշակույթի նախարար Լ.Մակունցի հետ հանդիպումը:

– Մթնոլորտը ճիշտ այնպիսին էր, ինչպես Ամիրյանի օրոք։ Ես իմ կյանքում հանդիպել եմ հինգ թե վեց մշակույթի նախարարի, արդեն չեմ հիշում որքան փոխնախարարների ու, գիտեք, նրանցից որևէ մեկը անկանխատեսելիությամբ աչքի չի ընկել։ Ես նախարարի օգնականին ի պահ տվեցի մշակույթի նախարարության «ոսկե մեդալը», որովհետև բարոյական չէ պահել այն կառույցի պարգևը, որն այս պահին տապալում է քո ֆիլմը ու իր գողացածը վերադարձնելու համար առաջարկում է դիմել դատարան։

– Ի՞նչ սպասելիքներ ունեիք Մակունցի հետ հանդիպումից, և արդյո՞ք դրանք արդարացան:

– Որևէ հատուկ ակնկալիք չունեի, բացի նրանից, ինչ ակնկալում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ՀՀ մշակույթի նախարարից՝ պատվախնդիր լինել հայկական ժամանակակից մշակույթի հանդեպ և աջակցել արվեստի ստեղծմանը։ Հենց դրա համար է նախարարությունը մտածված ու դրա համար է այդ հսկայական մեքենան վարձատրվում։ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ կատարվել է հանցագործություն։ Ընդ որում պետական աջակցություն ունեցող միջազգային ֆիլմի հանդեպ այդ հանցագործությունը արել է մշակույթի նախարարությունը։ Ամենաքիչը, ինչ նախարարը պետք է աներ, դա համատեղ հանդիպման հրավիրելն էր խնդրին առնչվող երեք կողմերին՝ մշակույթի նախկին նախարար Ամիրյանին, ազգային կինոկենտրոնի նախկին, ներկա տնօրեններին, ֆիլմ հանձնակատարին և մեզ՝ ֆիլմի հեղինակներին։ Քառորդ ժամը բավական էր կողմերին լսելու և վերջնական կարծիք ունենալու համար։ Մինչդեռ նախարարը ֆորմալ հանդիպում էր «բեմադրել», որպեսզի մեզ հայտնի իր «իմաստուն» որոշումը՝ դիմեք դատարան։

– Արդյո՞ք նախարարն ինքը չուներ ինչ-որ հանգուցալուծման առաջարկ «Տատիկիս վարսերը» կինոնախագծից շորթված 7 միլիոնի հարցի վերաբերյալ:

– Հանգուցալուծում առաջարկել նշանակում է ստանձնել պատասխանատվություն։ Նշանակում է՝ ես հասկացա խնդիրը, առաջարկում եմ այսպիսի հանգուցալուծում։ Իմ պատկերացմամբ հենց այդպես պետք է վարվեր մեկը, ում մշակույթի ոլորտի կառավարում են վստահել։ Բայց նախարարն ընտրեց Պիղատոսի լուծումը և լվաց ձեռքերը։ Սկզբում, նա նույնիսկ փորձեց խնդիրը տեղափոխել անձնական կոնֆլիկտի դաշտ՝ իմ և Ամիրյանի միջև։ Սա հարցի շատ վտանգավոր ու մակերեսային ընկալում է։ Եթե նախկին իշխանությունների օրոք Հայաստանը կուտակել է պարտքեր համաշխարհային ֆինանսական կազմակերպություններն, վարչապետ Փաշինյանը չի կարող նրանց ասել՝ «դա մեր ժառանգությունը չէ», ինչպես մեզ ասաց Մակունցը՝ «դիմեք դատարան»։ Սա նախարար Մակունցի խնդիրն է։ Անգամ, եթե ֆիլմին հատկացված պետական գումարը իմ գրպանից գողանար մի իքս գրպանահատ, դա նույնպես պետք է դառնար նախարար Մակունցի խնդիրը։ Նա պետք է իր երկրի կինոարտադրողի կողքին կանգներ և պահանջեր իրավապահ մարմիններից խնդրի արդարացի լուծում։ Ցավոք նախարարը, գուցե փորձի պակասի, գուցե ոլորտից հեռու լինելու պատճառով, իսկ գուցե այս երկուսը միասին, չի ընկալում իր դերակատարումը՝ արվեստի ստեղծագործության հանդեպ հոգատարության հարցում։ Ինձ համար տարբերություն չկա նախարար Ամիրյանի ցուցադրական ցինիզմի և նախարար Մակունցի ժպիտի տակ թաքցրած անտարբերության միջև։ Դա պետական մեքենայի կողմից կինո ստեղծող մարդու ու նրա ֆիլմի հանդեպ նույն ցինիզմի դրսևորումն է։

– Պատրաստվո՞ւմ եք խնդրի մասին բարձրաձայնել ավելի բարձր մարմիններում: Խնդրի ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում, դատարանը հավանակա՞ն տարբերակ է:

– Մակունցը այնքան ջանադրաբար էր առաջարկում դիմել դատարան, որ ես, որպես դրամատիկ արվեստի հետ կապ ունեցող մարդ, տեսնում էի նրա նախապես կատարած աշխատանքը այդ տեքստը արտաբերելու վրա։ Տպավորություն կար, որ նրան անհրաժեշտ է նախորդ իշխանության ներկայացուցչի վրա դատական գործ հարուցել՝ ուրիշի ձեռքով։ Հարցը ունի պարզ լուծում՝ կազմակերպեք հանդիպում՝ Ամիրյանի, կինոկենտրոնի տնօրենի ու իմ միջև, կստանաք լուծումը։ Բայց ոչ՝ այս պահին պետք է շոու, որը հոյակապ համալրում է նոր իշխանության հետապնդումների ու բացահայտումների էյֆորիկ դրամատուրգիան։ Ես ինքս բեմադրիչ եմ ու եթե պետք է շոու՝ ես դրա մի քանի սցենար կպատրաստեմ։ Բայց խնդիրը հարթելու բոլոր տարբերակները դեռ սպառված չեն։ Մենք բավարար ապացույցներ ունենք, բայց չունենք վստահություն Հայաստանի դատական համակարգի հանդեպ։

Դատական պրոցեսը ծախսեր է ենթադրում, իսկ մենք փոքր ընկերություն ենք, մեր ռեսուրսները սահմանափակ են։ Սակայն ամենաէական մտահոգությունը՝ ֆիլմի արտադրությանը չվնասելն է։ Օգոստոսին ֆիլմը ներկայացվելու է երկու կարևոր ֆինանսական ինստիտուտների՝ Շվեյցարիայում և Բուլղարիայում։ Ֆիլմի հիմնական արտադրողի և պետական կառույցի միջև դատական պրոցեսը կարգելափակի ֆինանսավորման հնարավորությունները։ Հիմնադրամները նախագծին աջակցելու ամենակարևոր ցուցիչներից մեկը համարում են ֆիլմի իրականացման իրատեսական պլանը։ Ի՞նչ պլան կարող են առաջարկել իմ գործընկերները, եթե մշակույթի նախարարությունը չի վերադարձրել 2017 թվականին ֆիլմից վերցրած գումարը, չի հաստատել 2018 թվականի ֆինանսավորումը և այս պահին գտնվում է դատական պրոցեսի մեջ ֆիլմի հետ։

– Որո՞նք են լինելու հետագա գործողությունները և որքա՞ն եք պատրաստ շարունակել պայքարը:

– Սա «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությունը տապալելու ծրագիր է։ Ֆիլմ, որը մշակույթի նախարարության կողմից արգելքի բացակայության դեպքում 2019-ի մայիսին կհայտնվեր միջազգային էկրաններին՝ որպես պատմության մեջ առաջին՝ Հայաստանի, Բուլղարիայի և Գերմանիայի համատեղ արտադրություն։ Բայց, հավանաբար, նախարար Մակունցի պլաններն այդքան հեռուն չեն հասնում։ Հաջորդ տարվա մայիսին հայկական ֆիլմի պրեմիերան նրան ավելի քիչ է հուզում, քան այս պահին իր նախորդի արածի համար իր ղեկավարած կառույցի դեմ հարուցված դատը։ Մենք կդիմենք դատարան մեզ անհրաժեշտ պահին, ոչ թե Ամիրյանի դեմ, այլ մշակույթի նախարարության։ Ոչ թե իմ, այլ ֆիլմի միջազգային արտադրողների անունից։ Մենք դա կանենք այն պահին, երբ բոլոր մյուս ճանապարհները հասնեն փակուղի։ Ինձ համար իշխանությունը միշտ հրեշ է, անգամ եթե հրեշտակի ժպիտով խոսում է «երջանիկ քաղաքացու» մասին։ Դատարանի միջոցով, թե բանակցությունների, միևնույն է կգտնենք վնասի վերականգնման, արտադրությունը շարունակելու և ֆիլմը հանդիսատեսին հասցնելու ուղիներ, որովհետև այս աշխարհում չկա ավելի անցողիկ բան, քան իշխանավորի «փառքը» և այնքան կայուն բան, որքան սերը՝ արվեստի հանդեպ։

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս