Բաժիններ՝

Արմեն Ամիրյանը պատասխանել է Հովհաննես Գալստյանին. ի՞նչ բանավեճ է ծավալվել նրանց միջև

Օրեր առաջ 168.am-ը զրուցել էր կինոռեժիսոր և պրոդյուսեր, «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ: Զրույցը մասնավորապես վերաբերում էր «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծից 2017 թվականին Մշակույթի նախարարության և Ֆիլմ հանձնակատարի կողմից շորթված 7 մլն դրամին և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ֆիլմի գերմանացի և բուլղարացի արտադրողների՝ նույն գումարի վերադարձի մասին նամակներին չպատասխանելուն, ինչի մասին վերջին ամիսներին իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն բարձրաձայնում էր Հ. Գալստյանը: Կինոնախագծի համառեժիսորն ու համապրոդյուսերը հարցազրույցից մի հատված մեջբերելով՝ հունիսի 18-ին այն տարածել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում, և այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը մեկնաբանությամբ պատասխանել է Հովհաննես Գալստյանին՝ գրելով.

«Հովիկ, նախ սկսենք նրանից, որ Կաննի կինոփառատոնին ավելի մեծ տաղավարով հանդես գալու գաղափարը քոնն էր, որի համար հանձնարարվել էր կինոկենտրոնի այն ժամանակվա տնօրենին լուծել ֆինանսական հարցերը:

Ավելի ուշ, երբ տեղեկացա, որ դու և կինոկենտրոնի նախկին տնօրենը ֆինանսավորման մի մասը ֆիլմի միջոցով եք արել, խիստ բարկացա և քեզ էլ ասացի, որ մի լուծում կգտնենք: Ի դեպ, նախապես պլանավորված քո ֆիլմի ֆինանսավորումն ամբողջությամբ արված էր, սակայն ֆիլմն այդպես էլ մինչև օրս պատրաստ չէ…

Ինչ վերաբերում է TSD-ի հիմնադիր Վահան Շաքարյանին, ապա նա իմ ընկերն է և իմ խնդրանքով էր ֆինանսավորել Կաննի կինոփառատոնի նաև քո մեկնելու ծախսերի մի մասը, այլ ոչ թե քեզ կամ քո ֆիլմը: TSD-ին ֆինանսավորել էր, որպեսզի Կաննի կինոփառատոնում մեր տաղավարում ունենար ներկայացվածություն:

Ափսոսում եմ, որ չհասցրի պահանջել 2010-2014թթ.-ին պետության կողմից 93 մլն դրամի ֆինանսավորված, ընդամենը 3-4 պլան նկարահանված քո «Թողություն» ֆիլմի հաշվետվությունը: Վստահ եմ, կինոկենտրոնի նոր տնօրինությունը կպահանջի այդ հաշվետվությունը:

Հ.Գ. Բառերն արտասանելուց առաջ մտածիր, թե ում է սազական այդ բառը… Գուցե քեզ…»,- Հ. Գալստյանի ֆեյսբուքյան էջում գրել է նախկին նախարարը:

Մեկնաբանությունից րոպեներ անց պատասխան մեկնաբանությամբ է հանդես եկել Հ. Գալստյանը.

«Արմեն Ամիրյան, «Թողություն» ֆիլմի ամբողջական հաշվետվությունը ներկայացված է կինոկենտրոն։ Հաշվետվությանը կցված է գրեթե 90 րոպե նկարահանված նյութ։ 3-4 պլանի մասին անհեթեթ պնդումը այս ֆիլմի շուրջ կառուցված ապատեղեկատվական արշավի մի բաղադրիչն էր։ Դա սուտ պնդում է։

Կաննի կինոշուկայի համար գումարը ֆիլմից տալու հանձնարարականը եղել է քոնը։ Գումարը վերցվել է ֆիլմից։ Չի վերադարձվել։ Արդյունքում՝ ֆիլմի 2017թ.-ի արտադրական պլանը խափանվել է, իսկ միջազգային ֆինանսավորումը՝ հետաձգվել։

Շաքարյանի փոխանցած գումարը ոչ մի կապ պետք է չունենար Կաննի հետ, համաձայն քո խոստման, պետք է կոմպենսացներ ֆիլմից վերցված գումարը։ Բայց էլի քո հորդորով ուղղվել է դեպի Կանն։

«Տատիկիս Վարսերը» չէր կարող ավարտվել 2017թ.-ին, քանի որ ազգային կինոկենտրոնը մասնակցության նամակ էր ստորագրել 2016-2018թթ.-ին ֆիլմին աջակցելու մասին։
Սա անձնական խնդիր չէ։ Սա միջազգային կինոնախագծի հանդեպ գործած հանցագործության և ներդրումները խափանելու մասին իրողության բարձրաձայնում է։ Ես պատասխանատու եմ իմ ամեն բառի համար, այո, դու ասել ես՝ կանեմ, կգտնեմ հնարավորություն, կլուծեմ հարցը… մի տարի շարունակ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ։ Չես արել։ Կա միջազգային նախագծին հասցված ֆինանսական վնաս, որի համար պատասխանատվության խնդիր կա։ Ես, կրկնում եմ, չեմ հավատում քեզ, ցանկություն չունեմ բանավեճի մեջ մտնել»։

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս