«Այդ շրջանն Արցախի հարցի ռազմական լուծման համար իդեալական ժամանակահատված էր, բայց դա տեղի չունեցավ». Անդրեյ Սուշինցով

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական ռազմավարություններ խորհրդատվական գործակալության նախագահ Անդրեյ Սուշինցովն այսօրվա քննարկման ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները դիտարկեց միջազգային համատեքստում, և փորձեց նկարագրել այն ընդհանուր տենդենցներն ու խնդիրները, որոնց միաժամանակ բախվում են Հայաստանն ու Ռուսաստանը։

«Եթե ինձ հարցնեիք՝ ո՞րն է գլխավոր միջազգային խնդիրը, ես կասեի՝ անորոշությունը, որը վատ է պետության համար, որովհետև թույլ է տալիս պետությանը գործել՝ առանց երկարաժամկետ պլանավորումների։ Ոչ ոք երկարաժամկետ պլանավորում չի կատարում, և տարվա մեջ լինում են մի քանի միջազգային իրադարձություններ, որոնք ազդում են մեր պլանավորումների վրա։ 5 տարի առաջ իրադարձություններն այսքան արագ չէին զարգանում։ Դա վերաբերում է ոչ միայն փոքր և միջին, այլև մեծ պետություններին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անորոշ է միջազգային ուժերի բալանսը։

Ըստ նրա՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական կոնֆլիկտների դեպքում ստաբիլություն չկա. «Մերձավոր Արևելքում ժողովրդավարություն հաստատելու բարի նպատակները բերեցին նրան, որ այնտեղ քաոսային վիճակ ստեղծվեց։ Տեխնոլոգիական մարտահրավերը նույնպես սպառնալիք է ստաբիլության համար։  Հիմա խոշոր, զարգացած պետություններն իրենց ռազմական և քաղաքական կառավարման հիմքում դնում են ինֆորմացիոն համակարգերը։ Դրա շնորհիվ հնարավոր է պետությանը կուրացնել և 21-րդ դարից հասցնել 20-րդ դար։ Երրորդ անորոշությունը միջազգային համաձայնությունների անորոշությունն է։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը այստեղ չունեն երկաթե դիմակայություն՝ այդ միջազգային հարաբերությունների վերանայման հարցում»։

Վերոնշյալի դրական կողմը, ըստ Սուշինցովի՝ այն է, որ մենք դեռևս ապրում ենք բավականին անվտանգ աշխարհում. «Շատ քիչ են դեպքերը, երբ մեծ պետությունները լայնածավալ պատերազմ են մղում՝ իրավիճակը կարգավորելու համար։ Լայնածավալ պատերազմն այլևս չի դիտարկվում՝ որպես հարցի լուծման միջոց։ Գերտերությունները կարծում են, որ դրանով ավելի կվատթարացնեն իրավիճակը։ Բայց դա չի բացառում, որ առանձին աշխարհագրական կետերում մինչև հիմա  կան իրավիճակներ, որ կողմերն իրավիճակի լուծումը տեսնում են պատերազմի միջոցով։ Արցախի հիմնահարցը դրանցից մեկն է, այդ պատճառով այն պահանջում է ավելի մեծ ուշադրություն, ավելի մեծ պատասխանատվություն»։

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ, եթե Արցախի հարցը ռազմական լուծում ունենար, ապա դա կարվեր ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման շրջանում. «Այդ շրջանն Արցախի հարցի ռազմական լուծման համար իդեալական ժամանակահատված էր, և դա տեղի կունենար։ Բայց դա տեղի չունեցավ»։

Հայ-ռուսական հարաբերությունները, ըստ նրա՝ գտնվում են մի քանի խոշոր դիմակայությունների ազդեցության ներքո. «Մի կողմից՝ դա ռուս-արևմտյան բարդ հարաբերություններն են, որտեղ շատ անորոշություններ կան։ Դա հայ-ռուսական հարաբերություններում ուղիղ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի աշխարհագրական դիրքը, որ չունենք ընդհանուր սահման, հաշվի առնելով այն, որ Հայաստանի մյուս առևտրային խոշոր գործընկեր Իրանը նույնպես միջազգային ճնշումների տակ է, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է Հայաստանը։ Դա ստեղծում է յուրահատուկ աշխարհաքաղաքական համատեքստ՝ այդ երկկողմ հարաբերություններում։ Երբ Ռուսաստանն ընկնում է պատժամիջոցների տակ, դա զգացվում է Հայաստանում»։

Նա նաև նշեց, որ Մոսկվայում բարձր են գնահատել իշխանության անցման խաղաղ գործընթացը Հայաստանում, հատկապես այն, որ այդ ամենը տեղի է ունեցել Սահմանադրության սահմաններում. «Դա բավականին հազվագյուտ երևույթ է, և այն, որ նախորդ իշխանությունները փոխանցեցին իշխանությունն առանց սաբոտաժի, ցույց է տալիս Հայաստանի քաղաքական էլիտայի հեռատեսությունը, ինչը միշտ վստահություն է ներշնչում»։

Տեսանյութեր

Լրահոս