«Զինակոչիկների բուժհետազոտումը կիրականացնի տարածքային պոլիկլինիկային կից զորակոչային հանձնաժողովը». Գեղամ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե մինչ այժմ զինակոչիկի բուժհետազոտումը, փորձաքննությունն իրականացնում էին զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները, ապա հիմա օրենքով այդպիսի իրավասություն է վերապահվել նաև տարածքային պոլիկլինիկաներին կից զորակոչային հանձնաժողովներին։
«Սրա մեջ որոշակի տրամաբանություն կա, այստեղ տեսնում եմ հիմնական խնդիրներից մեկի՝ առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության խնդրի լուծման որոշակի տրամաբանություն։ Չնայած մեր բոլորիս ձեռնարկած ջանքերին՝ մենք ունենք դժգոհություններ, վրիպումներ, այս հարցերը մնում են օրակարգային։ Տարբեր քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման համար, բայց անհատական լուծումն այն է, որ առաջնային բժշկությունը շատ ուշադիր զբաղվի դեռահաս տղաների առողջական խնդիրներով, որ 18 տարեկանում նոր հիվանդություններ չբացահայտվեն։ Եթե դա կլինի նոր բացահայտում, ապա պետք է լինի բժշկորեն հիմնավորված»,- ասաց նա։
Հարությունյանը կարևորում է նաև զորակոչիկների և ծնողների կողմից նախաձեռնվող մասնավոր հետազոտությունները.
«Պետությունն անվճար իրականացնում է զորակոչիկների բժշկական հետազոտություն, բայց երբեմն առաջանում են իրավիճակներ, երբ զորակոչիկը ցանկանում է նոր հետազոտություն իրականացնել, ստուգիչ հետազոտություն իրականացնել, բայց ուղեգիր չեն տալիս։
Այս դեպքում ո՞րն է ելքը, մենք կարո՞ղ ենք ծնողին ասել, որ՝ որևէ քայլ չպետք է անես երեխայիդ առողջական վիճակը ճշտելու, հետազոտական տվյալները ստուգելու և դրանց հիման վրա կայացած փորձաքննական եզրակացությունն ընդունելու կամ չընդունելու ուղղությամբ։ Նման սահմանափակում լինել չի կարող։ Դրա համար մենք միշտ խրախուսել ենք զորակոչիկների և ծնողների մասնակցությունը հենց այս առումով՝ նրանց կողմից մասնավոր հետազոտությունների նախաձեռնումը»։
Բայց, նրա խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն բժշկական հաստատությունը հրաժարվում է նման հետազոտություն կատարել՝ պատճառաբանելով, թե դիմողը զորակոչիկ է.
«Այդ պատճառաբանություններն անհեթեթ են և անընդունելի, սահմանափակում են ՀՀ քաղաքացու իրավունքը։ Ես չեմ կարծում, թե Առողջապահության նախարարությունը գրավոր կամ բանավոր որևէ հանձնարարություն է հնչեցրել, բայց ամեն դեպքում սա ընդունելի վիճակ չէ։ Սա շատ կարևոր է, որովհետև, օրինակ՝ անցյալ զորակոչին մենք արել ենք 97 միջնորդություն, նրանց ավելի քան 30-ը հիմնված է եղել քաղաքացիների կողմից կատարված մասնավոր հետազոտությունների տվյալների վրա։ Ավելին, մեր միջնորդությունների արդյունքում ընդունված 31 որոշումից 10-ը հենց այդ հետազոտության արդյունքում են եղել։
Ես կարծում եմ, որ խնդիրն ավելի շատ պատասխանատվությունից խուսափելու մեջ է, չեն ուզում գլուխները դնել ցավի տակ, որովհետև այդ հետազոտական փաստաթղթերը հետագայում կարող են դառնալ լուրջ քննարկման խնդիր»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում