«Այդ սահմանափակումը հանելով՝ երկիրը և խորհրդարանը կտանենք պերմանենտ ցնցումների». ԱԺ-ում բուռն քննարկվում է ԸՕ փոփոխությունների հարցը

Այսօր Ազգային ժողովում շարունակվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը։ ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք առաջարկում են վերացնել այն սահմանափակումը, որ միասին կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժեր։ Նա ասաց, որ իրենք ընդհանրապես ուզում են հանել սահմանափակումը, ու կոալիցիա կարող են կազմել այնքան ուժեր, ինչքան ցանկանում են։

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք բացասական կարծիք ունեն այս դրույթի հետ կապված. «Եթե խոսում ենք խորհրդարանական կառավարման մոդելի մասին, մեխանիզմներ են ներդրվել, որ այն լինի կայուն։ Իմ խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները բերում են անկայուն մոդելի»։

Ըստ նրա՝ կարելի է քննարկել 3-ը 4-ով փոխարինելու հարցը, բայց սահմանափակումը հանելը ճիշտ չէ. «10 տոկոսանոց ձայն ունեցող խմբակցություններ միավորվեցին, այո, նրանք կլինեն մեծամասնությունը, բայց եթե նրանք 10 ուժեր են, նրանք կայուն չեն, բավական է՝ մեկ ուժ դուրս գա նրանից, ու այդ կոալիցիան փլուզվում է։ Եթե կա 13 տարբեր քաղաքական ուժ, այն, որ 13-ը համակարծիք չեն լինի մի հարցի վերաբերյալ, ու կոալիցիան կփլուզվի, հավանականությունն ավելի մեծ է, քան 3-ի կամ 4-ի պարագայում»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք դեմ են ցանկացած սահմանափակումների, և գտնում են, որ ճիշտ կլինի սահմանափակումը վերացնելը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ կարծում է՝ արգելք չպետք է լինի, ու որևէ սահմանափակում, ըստ նրա, արդարացված չէ։

Կարդացեք նաև

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց իրենց խմբակցության ներկայացուցչի հետ։ Ըստ նրա՝ այդ սահմանափակումը հանելով՝ երկիրը և խորհրդարանը կտանեն պերմանենտ ցնցումների. «Այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ ժողովուրդը նրան է տալիս քվե լուծել երկրի խնդիրները»։

Ն. Զոհրաբյանը նկատեց, որ 3-4 տոկոս ստացած ուժերը կմիավորվեն ու կդառնան մեծամասնություն, «աջաբսանդալ» կսարքեն, ու դա չի բխի արդարության սկզբունքներից։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ չպետք է այնպես անեն, որ որևէ կուսակցություն չկարողանա իշխանական բուրգին միանալ. «Մենք այդպես չենք անում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Ելքը» հավերժ մնան իշխանության»։ Նա կողմ է, որ սահմանափակում չլինի։

Տեսանյութեր

Լրահոս