«Ամենագոն» կինոժապավենը պատմում է տեսախցիկների օգնությամբ անհատի կյանք ներխուժելու մասին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթում ներկայացված «Ամենագոն» կինոնկարի հերոսը` գրող և գովազդային գործակալության տեր Էմիլը, աստիճանաբար վերածվում է մոլագարի՝ լրտեսող տեսախցիկների օգնությամբ հետևելով իր ընտանիքի անդամներին, ընկերներին և աշխատողներին: Որպես անմեղ ժամանց սկսվածն ավարտվում է լիակատար աղետով, քանի որ լրտեսելու ընթացքում Էմիլը չարաշահում է իր նոր ուժը և, ի վերջո, գիտակցում, որ ավելի լավ է որոշ բաներ չբացահայտված մնան:
Կինոժապավենի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Իլիան Ջևելեկովը:
«Կինոնկարը հիմնված չէ իրական պատմության վրա, բայց արտացոլում է իրողություններ, որոնց մենք հաճախ ենք բախվում: Բարձրաձայնել եմ մի շարք հարցեր: Ամենակարևորը ներկայացնում ենք, թե որքանով է հնարավոր նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնել մեր կյանքը:
Եթե տարիներ առաջ միայն գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներն էին կարողանում օգտվել տեսախցիկներից, ապա այսօր մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ձեռք բերել դրանք և կիրառել առօրյայում` հետևելով մարդկանց, իր հարազատներին»,-նշեց ռեժիսորը:
Նրա խոսքով` ժապավենում բարձրացված կարևոր հարցն այն է, թե այս տեխնոլոգիաներով որքան հեշտ է մուտք գործել անհատի տարածություն և ստացած տեղեկությունը երբեմն օգտագործել հենց նրա դեմ:
Անդրադառնալով բուլղարական կինոարտադրությանը` Ջևելեկովը հաճույքով փաստեց, որ վերջին շրջանում իրենց կինոն զարգանում է, արժանանում մրցանակների և բարձր որակ ապահովում: «Այսօր կարող ենք մյուս եվրոպական երկրներին հավասար լավ կինո ցուցադրել աշխարհին»,-շեշտեց նա:
Խոսելով իր անձնական կյանքի մասին` ռեժիսորն ասաց, որ գուցե շատերիս հետաքրքրի այն իրողությունը, որ իր կինը կիսով չափ հայուհի է, Անրի Վեռնոյի զարմուհին: