«Հայկական կողմը չի մտահոգվում, չէ՞, երբ Պուտինը հանդիպում է Թրամփի հետ». Ռուբեն Մեհրաբյան

Հարցազրույց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

– Պարոն Մեհրաբյան, հուլիսի 11-12-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի Վեհաժողովի առիթով: Սակայն Փաշինյանն ասել է, որ Վեհաժողովին կմասնակցի, եթե դրա հռչակագրի վերջնական տեքստում «արտառոց բան չպատահի»։ Ինչի՞ մասին է խոսքը։

– Խոսքը վերաբերում է տարածքային ամբողջականության անվերապահ պաշտպանության թեզին, որը, իմ կարծիքով՝ կարող է Թուրքիան առաջադրել։ Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը նույն զամբյուղի մեջ դրվի Մերձդնեստրի և մյուսների հետ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել հայկական դիվանագիտության համար։ Կարծում եմ, համաժողովին ընդառաջ՝ հայկական դիվանագիտությունը պետք է քայլեր անի, որպեսզի Մերձդնեստրի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ մի զամբյուղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չհիշատակվի։

– Կա՞ նման նախադեպ, երբ ՆԱՏՕ-ն մի զամբյուղում է դրել։

– Ժամանակին եղել է, բայց նաև եղել են ՆԱՏՕ-ի հռչակագրեր, որտեղ ուղղակի սատարում է հայտնվել Մինսկի խմբի եռանախագահության՝ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ջանքերին։ Ես կարծում եմ, որ երկրորդ տարբերակը ձեռնտու կլինի հայկական կողմին, և կարծում եմ, որ բոլոր նախադրյալները կան նման ձևակերպման հասնելու համար։

– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել։

– Հայաստանի անվտանգության համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ունի առանցքային նշանակություն, և ես կարծում եմ, որ այն մաքսիմալը, ինչի հնարավոր է հասնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում, դա Հայաստանը պետք է կարողանա վերցնել, բայց նաև Հայաստանը պետք է լինի անվտանգության դոնոր Եվրաատլանտյան տարածքում, և Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին այդ իմաստով չափազանց կարևոր է։ Եվ, ես կարծում եմ, որ այդ իմաստով Հայաստանը հստակեցնելու հարցեր ունի ՆԱՏՕ-ի հետ։ Եվ այս առաջիկա համաժողովին ընդառաջ ծավալվող երկխոսության ժամանակ այդ հարցերը նույնպես պետք է արծարծվեն։

– Վեհաժողովին ընդառաջ՝ ռուս վերլուծաբանները մտահոգություն են հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցի և Վեհաժողովին մասնակցության կապակցությամբ, նշվում է, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը չի համապատասխանում ՀԱՊԿ կազմում մնալու Հայաստանի ձգտմանը: Կա՞ մտահոգվելու իրական առիթ։

– Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչն է մտահոգում ռուս վերլուծաբաններին։ Անկախ նրանց մտահոգվելուց կամ չմտահոգվելուց՝ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ունեն առանցքային նշանակություն Հայաստանի անվտանգության համար, և նրանց մտահոգություններն էլ որևէ ձևով արդարացված չեն, որովհետև նույն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կարգավորել ձգտում է Ռուսաստանը։ Հայկական կողմը չի մտահոգվում, չէ՞, երբ Պուտինը հանդիպում է Թրամփի հետ։ Նույն ձևով էլ ռուսները թող բարի լինեն առանձնապես չմտահոգվել, իսկ եթե մտահոգվելու են, կարող են մտահոգվել՝ ինչքան ուզում են։

– Հնարավո՞ր է, որ Վեհաժողովի ժամանակ քննարկվի նաև Ադրբեջանի սպառազինության ավելացման ու բազմազանության հարցը։

– Չեմ կարծում, դա ՆԱՏՕ-ի Վեհաժողովի օրակարգային հարցերի մեջ չի կարող մտնել։

– Օրինակ՝ ամերիկյան ուղղաթիռների հայտնվելն Ադրբեջանում։

– Այդ հարցին ամերիկյան կողմը պատշաճ պատասխան տվել է, որ դրանք ռազմական ուղղաթիռներ չեն, ցանկացած ոք կարող է այդ ուղղաթիռներից ձեռք բերել, դրանք ազատ վաճառքում կան, և ԱՄՆ-ը չի խախտել իր էմբարգոն Ադրբեջանի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս