«Թավշյա հեղափոխությունը չէր լինի, եթե նման անվստահություն չլիներ». Ալվինա Գյուլումյան

«Ինչպես ընտրությունների պարագայում է ասվել, որ դրանք խախտումներով են անցել, նույնը, ցավոք, նաև Սահմանադրության պարագայում է։ Մենք ամեն անգամ ասում ենք, որ հանրաքվեն կարծես չի արտացոլում հանրության կամքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ-ից ընտրված առաջին դատավոր (2003-2014թթ.) Ալվինա Գյուլումյանը՝ ընդգծելով, որ առ այսօր չկա որևէ փաստաթուղթ, որը Սահմանադրությունը կամ ընտրությունները համարել է խախտումներով ընդունված։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը բավականին մանրակրկիտ սահմանել է մարդու իրավունքներն ու սահմանափակման հիմքերը. «Թե գործնականում որքանով է դա ապահովված, լրիվ այլ հարց է։ Սահմանադրությունը մարդու իրավունքների առումով բավականին երաշխավորող նորմեր է սահմանել, մնացածն իրավակիրառ պրակտիկայի և պետական մարմինների գործունեության խնդիր է»։

Գյուլումյանը վստահ է, որ ՍԴ բոլոր որոշումներում հաշվի են առնվել մարդու իրավունքների երաշխավորվածության և դրա իրացման հնարավորությունները. «Ինչ-որ մի տեղ որոշակի խզում և անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ մեր հասարակությունում կա, այլապես թավշյա հեղափոխությունը չէր լինի, եթե նման անվստահություն չլիներ։ Դա պայմանավորված է, առաջին հերթին, ընտրական համակարգի նկատմամբ մեր ունեցած անվստահությամբ և այդտեղ տեղի ունեցած որոշակի խախտումներով։ Ես 1995թ. արդյունքների հետ կապված վեճեր եմ քննության առել՝ որպես միանձնյա դատարան, և՛ 1996թ., մասնակցություն չեմ ունեցել միայն  2003-2014թթ. ընթացքում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված վեճերին, երբ գտնվում էի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բայց այնտեղ էլ մի քանի գործ ունեցանք՝ կապված հետընտրական գործընթացների հետ»։

Դատավորն ընդգծեց, որ դատական համակարգի նկատմամբ ևս անվստահություն կա. «Դատարանները դեռ շատ աշխատանք պետք է տանեն, որ վստահության մակարդակը բարձրանա։ Մյուս պետական ինստիտուտների նկատմամբ ևս անվստահություն կա։ Այսինքն՝ քաղաքացին երբ համոզված չէ, որ այդ իշխանությանն ինքն է ընտրել, չի կարողանում նրան հավատալ, դադարում է դա իրենը համարել»։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ավելի հաճախ են կատարվում, քան անհրաժեշտ է. «Այդ փոփոխությունների նպատակը ո՞րն է՝ ինձ համար դժվար է ասել։ Կարծես ավանդույթ է դարձել՝ ամեն տասնամյակը մեկ Սահմանադրություն փոփոխել»։

Տեսանյութեր

Լրահոս