
Զորամասի հրամանատարը, ծառայության պետը, պահեստապետը, դիվիզիոնների հրամանատարները՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դրանց կատարմանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել՝ գործողությունները։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի հրամանատարը, կոչումով՝ գնդապետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով նույն զորամասի վառելիքաքսուքային ծառայության պետ, կոչումով մայորի հետ, 2018 թվականի փետրվարին հրահանգել է համապատասխան աշխատակիցներին՝ զորամասի զինտեխնիկաները շահագործել սահմանվածից քիչ, ինչի արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում տնտեսված դիզելային վառելիքը վաճառել է, ինչի արդյունքում յուրացվել է իրենց վստահված ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող շուրջ 24 տոննա դիզելային վառելիքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ 8.856.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի հրամանատարին, ՎՔՆ ծառայության պետին, ՎՔՆ ծառայության պահեստապետին, զորամասի 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիոնների հրամանատարներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , իսկ նույն զորամասի վարորդին և էլեկտրամեխանիկին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 8.856.000 ՀՀ դրամի գույքային վնասը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: