Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ը խնայատուփ չէ ամբողջ աշխարհի համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլեւս խնայատուփ չի լինի ամբողջ աշխարհի համար: Հուլիսի 3-ին լրագրողների առջեւ այս խոսքով հանդես է եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին։
«Նախագահը պատրաստվում է այդ հանդիպումների ժամանակ հետեւել այն դիրքորոշմանը, որը ենթադրում է ամերիկացիների պաշտպանություն, մեր գործընկերների եւ դաշնակիցների աջակցություն: Բայց, ինչպես նա բազմիցս ասել է, նախկինում Ամերիկան շատ հաճախ խնայատուփ էր համարվում ամբողջ աշխարհի համար: Եվ դա անհրաժեշտ է դադարեցնել»,- պատասխանել է Սպիտակ տան ներկայացուցիչն այն հարցին, թե ԱՄՆ-ի ղեկավարն ինչի մասին կխոսի գագաթնաժողովում:
2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրների ղեկավարներն ընդունեցին հանձնառություններ 10 տարվա ընթացքում իրենց ռազմական ծախսերն ավելացնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսի նշագծից բարձր: Ներկայումս ՆԱՏՕ-ի սոսկ ութ անդամներ են պաշտպանության համար ծախսում ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելի: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 3,58 տոկոսը, Գերմանիայինը՝ 1,2 տոկոսը: Թրամփը խոստացել է այս հարցը բարձրացնել հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում, հաղորել է ՏԱՍՍ-ը: