Տնտեսական ականներից մաքրվելու ճանապարհը
Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկը եղել և մնում է տնտեսությունն առանց ցնցումների պահելը։ Իսկ քաղաքական նման լուրջ փոփոխությունների պարագայում դա բավականին դժվար գործ է և երբեմն անհրաժեշտ է լինում անել հայտարարություններ կամ քայլեր, որոնք կարող են միանշանակ չընկալվել հեղափոխության աջակիցների կողմից։
Այդ հարցերը, պայմանականորեն, կարող ենք ականներ համարել, որոնք «պայթեցնելու» համար աշխատում են բազմաթիվ շահագրգիռ կողմեր։
Ամենաթարմ ու կարևոր ականներից մեկը կուտակային կենսաթոշակային համակարգն էր, որի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից արդեն ուժի մեջ է։ Հիշեցնենք, որ քաղաքական «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում խոստանում էր չեղարկել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
Հետո հաջողվեց փոխզիջման գալ. կառավարությունը 5%-5% հարաբերակցությունը փոխելով՝ պարտադիր բաղադրիչը թողեց ուժի մեջ և խոստացավ առաջիկայում լրջորեն բարեփոխել կենսաթոշակային համակարգի մասին օրենքը։ Զանգվածային բողոքի ակցիաներ չեղան, և թեման, այսպես ասած, «սառեց»։
Այս պահին արդեն գործարկված ամենալուրջ ականը, թերևս, Ամուլսարի ոսկու հանքն է։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այստեղ նախատեսվող 440 մլն դոլարից արդեն կատարել է մոտ 380 մլն դոլարի ներդրումներ։ Հանքի շահագործման դեմ ուղղված բողոքն այն աստիճանի է թեժացել, որ բողոքողները՝ չանսալով վարչապետի կոչին, շարունակում են փակ պահել դեպի Ամուլսար տանող ճանապարհները։
Իսկ երեկ կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում արդեն «Լիդիանի» աշխատակիցները՝ պահանջելով ապահովել իրենց նորմալ աշխատելու հնարավորությունը։
Բողոքի գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը տվել է նախկին «հանցագործ ու կոռումպացված» կառավարությունը՝ աչք փակելով բնապահպանական լուրջ վտանգների վրա։ Հիմա նոր կառավարություն է, որը խոստանում է մանրամասն ուսումնասիրել Ամուլսարի խնդիրն ու վերջնական որոշում կայացնել։
«Մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, անհերքելի փաստերի վրա: Մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել, և վերջնական եզրակացությունը կլինի»,- օրերս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշեց, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, «որը պետք է այդ խմբում ընդգրկի բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ բնապահպաններին և այն մարդկանց, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում «Լիդիանի» հասցեին, որպեսզի գնանք և տեղում հասկանանք՝ այդ մեղադրանքներից որո՞նք են և որքանո՞վ են համապատասխանում իրականությանը։ Մենք չգիտենք օբյեկտիվ գնահատական և պատկեր Ամուլսարի վերաբերյալ։ Որպեսզի կայացնենք վճիռ, մեզ պետք է օբյեկտիվ գնահատական»։
Սակայն բնապահպաններին դա չի հանգստացնում։ «Ամուլսարում հանք չպետք է լինի, և վերջ»,- ասում են նրանք՝ հիշեցնելով, որ խաղաղ անհնազանդություն կազմակերպելն ու ճանապարհ փակելն իրենց իրավունքն է։
Կառավարությունն այս հարցում իրոք դժվարին վիճակում է։ Ընդդեմ Ամուլսարի թափ առնող հասարակական կարծիքին դեմ գնալը բացասաբար կազդի նոր իշխանության վարկանիշի վրա և առաջիկա ընտրություններին կնվազեցնի նրանց ձայները։
Անգամ, եթե օբյեկտիվ փորձաքննությունը պարզի, որ Ամուլսարի դեպքում ամեն ինչ համապատասխանում է նորմերին, և ընկերությանը լիցենզիայից զրկելու հիմքեր չկան։
Իսկ դեմ չգնալը և «Լիդիանին» լիցենզիայից զրկելը մեծագույն հարված կլինի երկրի տնտեսությանը՝ մի քանի առումներով։ Նախ, ընկերությունը կարող է դատի տալ Հայաստանի Հանրապետությանն ու փոխհատուցում պահանջել, որն ավելի մեծ կլինի, քան ընկերության ներդրած 380 մլն դոլարը։ Երկրորդ, Ամուլսարն այսօր միակ խոշորամասշտաբ օտարերկրյա ներդրումային ծրագիրն է, որը պետք է ամիսներ անց հարկային մուտքեր ապահովի Հայաստանի համար՝ գումարած աշխատատեղերն ու մնացած մուլտիպլիկատիվ էֆեկտները։
Ու վերջապես, «Լիդիանին» առանց հիմքի Հայաստանից վռնդելն ամենաէֆեկտիվ հակագովազդը կլինի պոտենցիալ ներդրողների համար, որոնց համար Հայաստանը կկորցնի վստահելի գործընկերոջ համբավը, և կընկալվի՝ որպես մի երկիր, որտեղ կառավարությունն առաջնորդվում է ոչ թե օրենքներով ու ստանդարտներով, այլ հանրության մի մասի կարծիքով։
Չնայած այս բարդությանը, կարծում ենք՝ կառավարությունն առաջիկա օրերին կվնասազերծի այս ականը՝ բացելով բոլոր փակագծերը, որի մասին ակնարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Վերջինս իր հարցազրույցում բավականին բազմանշանակ ակնարկ արեց՝ ասելով, որ «Ամուլսարի հարցը, համենայնդեպս, այդքան պարզ ու զուլալ չէ, ինչպես հաճախ մատուցվում, այդ թվում՝ շահագրգիռ կողմերի և այլ շահեր ներկայացնող խմբերի կողմից»։
Միրզոյանը նաև տարակուսանք հայտնեց, որ «Լիդիանին» մեղադրող կողմը հրաժարվում է այդ հանդիպումներից ու համատեղ քննարկումներից։ «Բոլոր մասնակիցների առումով (իզուր չեմ ասում, որ շատ պղտոր ջրի է նմանվում), շատ հետաքրքիր կոնֆիգուրացիաներ կարող է բացահայտվեն։ Սա շատ հետաքրքիր հարց է, և ես ուղղակի խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց ներսում վերջնական որոշում կայացնելուց առաջ մի պահ մտածեն, որ այնտեղ բաներ կան, որ մենք դեռ չգիտենք։
Այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան, որ դեռ հասարակությունը չգիտի, մենք չգիտենք»,- ասաց նա։ Այնպես որ, չի բացառվում, որ Ամուլսարի շուրջ կրքերը հանդարտվեն որոշ բացահայտումներից հետո։
Դանդաղ գործողության ականներից մեկն էլ, որ այս պահին ականազերծված չէ, ՀՀ Հարկային օրենսգիրքն է։ Խոսքը հատկապես շրջանառության շեմի մասին է։ Ինչպես գիտեք, շրջանառության հարկի շեմն այսօրվա 115 մլն դրամից 2019 թվականի հունվարի 1-ից կնվազի մինչև 58.3 մլն դրամ։ Մոտ 2 շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն առաջարկեցին վերանայել այդ դրույթը և շրջհարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ։ Կառավարությունը, սակայն, մերժեց այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ այս հարցին դեռ կանդրադառնան ամբողջական ու համակողմանի լուծմամբ։
Մյուս կողմից, կառավարությունը, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, ակտիվ պայքարում է ստվերային շրջանառության դեմ, և բոլորին, այդ թվում՝ փոքր գործարարներին, ստիպում ցույց տալ իրական շրջանառությունը՝ ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Այն, որ շրջանառության իրական ծավալներն իրականում մի քանի անգամ մեծ են ցույց տրվողից, և պատկերը ճշգրտելու կարիք կա, միանշանակ է։
Սակայն ամբողջությամբ ստվերից դուրս գալու դեպքում փոքր գործարարներից շատերը գերազանցելու են տարեկան 58.3 մլն դրամի շեմը և հայտնվեն ԱԱՀ-ի դաշտում։ Այդ ժամանակ սկսվելու են բողոքի ակցիաները։ Այսինքն՝ կառավարությունը կա՛մ պետք է շեմը վերանայի, կա՛մ պետք է շրջհարկի դրույքաչափը նվազեցնի, կա՛մ պետք է ինչ-որ այլ լուծում գտնի (օրինակ՝ Հրանտ Բագրատյանն առաջարկում էր մինչև 115 մլն դրամը հարկել շրջհարկով, 115 մլն դրամը գերազանցող մասը՝ ԱԱՀ-ով)։ Ու, որ կարևոր է, կառավարությունը պետք է այդ լուծումը տա կամ գոնե դրա մասին հայտարարի մինչև տարեվերջ։
Ականազերծման պրոցեսը բարդ է, սակայն լրիվ իրագործելի, քանի որ կառավարությունն ունի վստահության ու լեգիտիմության մեծ պաշար։ Առանցքային կետն այստեղ պետք է լինի ոչ պոպուլյար քայլերից չհրաժարվելը։
Անհրաժեշտ է իրո՛ք երկխոսել ու քննարկել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ ու կայացնել կշռադատված ու հիմնավորված որոշումներ։ Նշված հարցերից բոլորի դեպքում էլ, անկախ կայացրած որոշումներից, միշտ կլինեն դժգոհողներ։
Սակայն կարևորն այն է, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ կառավարությունն ընտրել է հենց ա՛յն լուծումը, որը առավելագույն օգուտ և նվազագույն վնաս է ենթադրում։ Կարճ ասած, չպետք է վախենալ հարկ եղած դեպքում կտրուկ ու «տհաճ» որոշումներից՝ մտածելով, որ գալիք ընտրություններում պոտենցիալ ձայները մի քանի հազարով կկրճատվեն։