Բաժիններ՝

«Բարձր տեխնոլոգիական կռվի մեջ դուխը կապ ունի, բայց եթե դու հավասար զինված ես». Կարեն Վարդանյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը համոզված է, որ ռազմաարդյունաբերությունը պետք է օր առաջ բանակից դուրս բերվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես առաջնահերթություն է հայտարարել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը, բայց իրենք բոլոր կառավարություններից տարիներ շարունակ լսել են միևնույն հայտարարությունները։

«Երբ կավարտվի այս քաղաքական եռուզեռը, արդեն երրորդ-չորրորդ ամսվանից կերևա՝ դա առաջնահերթությո՞ւն է, թե՞ ոչ»,- ասաց բանախոսը։

Կ. Վարդանյանը կարծում է՝ ռազմաարդյունաբերությունը պետք է բանակից օր առաջ դուրս բերվի.

«Օրինակ, Ադրբեջանում ռազմաարդյունաբերությունն առանձին նախարարություն է ու իր ստատուսով ոչ ավելի թույլ է, քան՝ Պաշտպանության նախարարությունը»։

Կարդացեք նաև

Կ. Վարդանյանի խոսքով՝ հիմա մեզանում այդ պահանջը մնում է։

Նա նկատեց, որ բանակի գեներալները միշտ նախորդ պատերազմում են կռվում ու շատ լավ պատկերացնում են՝ նախորդ պատերազմում տվյալ վարչությունն ինչ զենք, զինատեսակ է կիրառել։

«Բայց այսօր մենք տեսնում ենք, որ զինատեսակները 180 աստիճան փոխվում են, դառնում են բարձր տեխնոլոգիական, շատ մեծ գիտական ներուժով, և մենք պետք է ոչ միայն հետևից հասնենք, այլև՝ առաջ անցնենք։ Այստեղ մի կարևոր բան էլ կա. հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում մարդիկ, որոնք իրավիճակը լուրջ չեն հասկանում։ Ասում են՝ «նրանք ո՞վ են, մենք նրանց դուխով, ճիպոտով կլարենք», և այլն։ Իսկապես, կարող է՝ մի երկու գյուղ ճիպոտով լարես, բայց պատկերացրեք՝ Բաքվում նստած է մի իսրայելական բարձրաստիճան սպա, որը ղեկավարում է այդ մեծ անօդաչու թռչող սարքը, որը թռչող շտաբ է։

Ինքը՝ հյուրանոցում իր համար, սուրճը խմելով, կարող է՝ անգամ մի աղջիկ կա կողքին, այսպես հանգիստ ռեժիմով քշում է դա, բարձրացնում է 10 կիլոմետր, մեզ տեսնում է, հետո այդ աղջկան ասում է՝ «մի հատ չխփե՞մ», ասում է՝ «խփի», ու խփում է…  Ու այդտեղ գնում՝ դուխով տղերքը մահանում են, ու այդ ոչխարությունը, չհասկանալը պետք է հանենք մեր մեջից, որովհետև բարձր տեխնոլոգիական կռվի մեջ դուխը կապ ունի, բայց եթե դու հավասար զինված ես։ Մենք մեր էրեխեքին չասենք՝ դուք խրամատում դուխով եղեք, հես ա իսրայելական ռակետը գալիս է, հետո մենք ձեզ դուխով կթաղենք…

Այս հանրային մտայնությունը պետք է հանել, դուխը լավ բան է, բայց դու զինատեսակների առումով առնվազն հավասար կամ ավելի ուժեղ պետք է լինես կամ ունենաս քո հակազդեցություններն այդ պարագայում»,- նշեց Կ. Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս