Թուրքիայում կամրապնդվի ավտորիտար համակարգը
Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով ջախջախիչ հաղթանակ է գրանցել Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիբ Էրդողանը և նրա ղեկավարած կուսակցությունը:
Թուրքիայի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության ձայները: ԿԸՀ-ն արձանագրել է Թուրքիայի գործող նախագահի հաղթանակը: Քվեաթերթիկների 99,2 տոկոսի հաշվարկի համաձայն՝ նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթում է 52,6 տոկոսով, երկրորդ տեղում է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն` 29,6 տոկոսով: ««Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները ստացել է՝ ձայների 7,4, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) բանտարկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը` 7,1 %-ը»,- տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այլ է իրավիճակը խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների հաշվարկում։ Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, համաձայն նոր սահմանադրության, անցկացվում են նույն օրը։ Ըստ այդմ, «Ժողովրդական դաշինքը», որի կազմում են ԱԶԿ-ն և «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ստացել է 56,06 % ձայն (ԱԶԿ` 44,4 %, ԱՇԿ` 11,6 %):
Ըստ ստացված տոկոսների հարաբերակցության` 600 պատգամավորական մանդատ ունեցող մեջլիսում ԱԶԿ-ն ստանալու է՝ 303, իսկ ԱՇԿ-ն` 51 պատգամավորական մանդատ: «Ազգային դաշինքը», որի կազմում են ՀԺԿ-ն, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ստացել է 32,62 % ձայն (ՀԺԿ` 21,4 %, «Լավ» կուսակցություն` 9,7%, «Երջանկություն» կուսակցություն` 1,4 %), իսկ ՀԺԿ-ն ունենալու է 138 պատգամավորական մանդատ, «Լավ» կուսակցություը` 45: «Երջանկություն» կուսակցությունն այս պահին պատգամավորական մանդատ չունի: Քրդամետ ԺԴԿ-ն ձայների նախնական հաշվարկով կարողացել է հաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը` հավաքելով 10,04 %, ինչը նրան տալիս է 63 պատգամավորական մանդատ: Հատկանշական է, որ այս ընտրություններն առաջինն են երկրում 2017թ. սահմանադրական հանրաքվեից հետո:
Ընտրությունների արդյունքում երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարում նախագահական կառավարման համակարգի: Ընտրություններից հետո նախագահի ձեռքում են կենտրոնանալու ավելի շատ լիազորություններ. նախագահն իրավունք է ստանալու նշանակելու պետական բարձրագույն պաշտոնյաներ, օրինակ՝ նախարարներ ու փոխնախագահներ, հրամաններ ստորագրելու լիազորությունը կառավարությունից անցնում է նախագահին: Այսպիսով Էրդողանը դառնում է սուպերնախագահ: Հայ համայնքի համար ուրախալի լուրն այն է, որ թուրքական Մեջլիսը հայ պատգամավորներ կունենա: Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի՝ նախկին երեքի փոխարեն:
Նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը: 2015թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:
Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին, Հայաստանին հուզող հարցերը, սիրվելով թե Թուրքիայի հայ համայնքի, թե հայաստանաբնակների կողմից:
Նա աչքի է ընկել իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016թ. հունիսին ԵԽԽՎ-ում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽ ԽՎ-ում տապալվել էր:
Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ` Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով Մեջլիսում չեն լինի:
«168 Ժամի» հետ զրույցում թուրքաբնակ հայ խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ չնայած հայ պատգամավորների ներկայությունը Մեջլիսում առարկայական արդյունքների չի հանգեցրել, քանի որ, օրինակ, Գարո Փայլանի կարևոր օրենսդրական առաջարկները մերժվում էին, սա հարթակ է, որը թույլ է տալիս հնչեցնել հայ համայնքի խնդիրները, հայ հասարակությանն անհանգստացնող հարցերը նման բարձր ամբիոնից, որը մեծ տարածում է ստանում աշխարհում: Ըստ նրա՝ այս տեսանկյունից հայ պատգամավորների ներկայությունը կարևոր է:
«Թեև այդ գործով զբաղվել է և կզբաղվի միայն Փայլանը: Ուրախ ենք, որ նա կրկին Մեջլիսում է, ցավալի է, որ հայ պատգամավորների թիվը քիչ է լինելու, չնայած հայ համայնքը Թուրքիայում բավականին մեծ ներկայացվածություն ունի, շատ խնդիրներ ունի, որոնք ուշադրություն են պահանջում»,- նման տեսակետ հայտնեց Բագրատ Էստուկյանը:
Նա ցավով արձանագրեց, որ Թուրքիայում պետք է շարունակվի այն բռնապետությունը, որը ստեղծել է Էրդողանը: «Հայ համայնքն իր ձայները տվել է Ինջենին ու Դեմիրթաշին, իսկ կուսակցություններից՝ ԺԴԿ-ին, քանի որ Փայլանն այդ կուսակցությունից է: Փայլանի հետ հայ համայնքը միշտ դրական հույսեր է կապում, քանի որ նա է բարձրացնում հայ համայնքի խնդիրները մեծամասնությամբ, կարողանում դրանց հնչեղություն հաղորդել: Կարևոր է դա»,- ասաց Էստուկյանը:
Նրա խոսքով, այս ընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում դրական տեղաշարժեր չեն խոստանում, քանի որ ամրապնդվելու է Էրդողանի բռնապետությունը, ընդլայնվելու են լիազորությունները:
Մեզ հետ զրույցում թուրք հրապարակախոս Թաներ Աքչամը, ով իր գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ փաստական տվյալներ է ներկայացրել, ասաց, որ Թուրքիայում տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր և ինչը վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահի ձգտումն էր:
Թեև, նրա խոսքով, շատերը սպասում էին այս արդյունքներին, հասկանալու համար` լինելո՞ւ է արդյոք արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ Էրդողանի և Ինջենի միջև, թե՞ ոչ, քանի որ դա առանցքային հարց կարող էր դառնալ Թուրքիայի ներկայիս պատմության մեջ, երբ իշխանությունները ԺԴԿ-ին ճանաչեին՝ որպես քաղաքական ուժ:
Սրանից, ըստ նրա, կարող էր սկսվել այլ փուլ Թուրքիայի կյանքում, կարող էր կոտրվել ավտորիտար վարչակարգը:
«Բայց մենք ականատեսը դարձանք նրան, ինչ ես ակնկալում էի` ամրապնդվեց այդ համակարգը, կշարունակի ամրապնդվել, առճակատումը խնդրահարույց ուղղություններով կխորանա: էրդողանը ստացավ վերահսկողություն բոլոր մարմինների նկատմամբ, որի նպատակով էլ նախաձեռնվել էին սահմանադրական փոփոխությունները: Հիմա և վերջին շրջանում խորացել էին երկրում բռնաճնշումները մտավորականների, լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ, պարզ է, թե ուր է տանում այս ամենը»,- ասաց Աքչամը:
Նա արձանագրեց, որ արտաքին քաղաքական և մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ առաջընթաց չի գրանցվելու: «Առաջընթաց չէր գրանցվելու նաև այն պարագայում, եթե չհաղթեր Էրդողանը, քանի որ նրա մրցակիցներն էլ ավելի ազգայնական են, հույսեր չէր ներշնչում, որ նրանց հաղթանակը, որը բացառված էր, որևէ փոփոխություն կբերի»,- ասաց Աքչամը:
Նա արձանագրեց, որ քանի դեռ Թուրքիան կախված է Ադրբեջանից, որևէ փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում չի կարող լինել, քանի որ ադրբեջանական թելադրանքի ազդեցությունը բավականին ուժեղ է: «Այս դեպքում էական չէ, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի: Ժխտողականությունն ամենաբարձր մակարդակով հովանավորվում է»,- ընդգծեց նա: