Կոչ եմ անում ստանալ պատվաստումները. Փաշինյանը հավաստիացրեց՝ Հայաստանը ձեռք կբերի ամենաորակյալ պատվաստանյութերը
Հայաստանն օգոստոսին նախատեսում է ձեռք բերելպատվաստանյութերի նոր խմբաքանակ. հարցը քննարկվել է կառավարությունում: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջերս մենք կառավարությունում որշում կայացրինք, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակ պետք է գնենք՝ ամենաորակյալը, որ այսօր առկա է առողջապահության ոլորտում: Բարձր որակի պատվաստանյութ գնելով՝ մեր երեխաներին ներարկում ենք լավագույնը: Օգոստոսին նախատեսվում է նոր խմբաքանակ ձեռք բերել, որը կլինի ամենաբարձր որակի պատվաստանյութը: Իմ երեխաներն` առանց բացառության, ստացել են բոլոր պատվաստումները: Փոքր երեխաներս դեռ շարունակելու են ստանալ: Դեպքեր եղել են, որ ջերմություն է բարձրացել, սակայն դա սովորական ռեակցիա է: Վստահ եղեք, որ իմ երեխաների համար հատուկ պատվաստանյութեր չեն ներկրվում: Պատվաստումներ նրանք ստացել են իմ վարչապետ լինելուց առաջ և դրանից հետո էլ նրանք կշարունակեն ստանալ նույն պատվաստումները, ինչ մնացած բոլոր երեխաները»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց և վստահեցրեց, որ երկրում առկա բոլոր պատվաստանյութերը բարձր որակի են և կոչ արեց բոլորին, որպեսզի պատվաստվեն. «Ես հասկանում եմ, որ հոռետեսություն կա պատվաստանյութերի հետ կապված, բայց ես կոչ եմ անում, որպեսզի բոլորը ստանան պատվաստումներ, քանի որ դա առողջապահական շատ կարևոր հարց է»:
«Ընդհանրպես և ցավոք սրտի աշխարհի ցանկացած երկրում կա վիճակագրություն` կապված պատվաստանյութերի բարդությունների հետ: Դեպքերն, իհարկե, շատ ցավալի են, բայց, այնուամենայնիվ, կոչ եմ անում անհիմն տեղեկություններ չտարածել»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ այդ դեպքերն, իհարկե, պետք է հետաքննվեն:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ եթե կան դեպքեր, որոնք հնարավոր կլինի հիմնավորել, որ որևէ բժիշկ ինչ-որ բան այնպես չի արել, ապա իրենք կզբաղվեն այդ հարցով: Վարչապետը նաև աբսուրդ է համարում այն լուրերը, որ վատ պատվաստանյութ է ներկրվում վնասելու համար:
Եզրափակելով խոսքը` Փաշինյանն ընդգծեց ու պատվաստանյութերի որակի վերաբերյալ մտահոգությունները հասկանում է և հարցի շուրջ իրենք պետք է շատ մեծ ուշադրություն գրավեն: