«Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր». Ռուբեն Սաֆրաստյան
«Մոտակա տարիներին Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն։ Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր. ստացավ ժողովրդի մանդատը՝ իր հայտարարած վերափոխումներն իրականացնելու համար, իսկ դրանց արդյունքում, ինչպես ինքն է բազմիցս հայտարարել, պետք է ի հայտ գա նոր Թուրքիան, որը մոտակա 5 տարիների ընթացքում պետք է փորձի դարձնել իրականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախագահի պաշտոնում է վերընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ գործող նախագահն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն ստացել է 293 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն՝ 146, ԺԴԿ-ն՝ 67, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, «Լավ» կուսակցությունը՝ 44: տացած քվեների արդյունքում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ պատգամավորական մանդատներ, որպեսզի միայնակ կառավարություն ձևավորի: Ընտությունների արդյունքների հրապարակումից հետո՝ ուշ երեկոյան, Էրդողանն Անկարայում ԱԶԿ գլխավոր գրասենյակի դիմաց ելույթ է ունեցել կողմնակիցների առաջ: Արձանագրելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այն չեն, ինչն ինքն ակնկալում էր, Էրդողանը նշել է, որ ընտրություններում հաղթանակ է տարել ժողովրդավարությունը:
Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների մյուս կարևոր հանգամանքը Սաֆրաստյանը համարում է այն, որ չնայած՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ աննախադեպ ճնշումներ իրականացվեցին Թուրքիայում, կուսակցության ղեկավարության մեծ մասը գտնվում է բանտերում, կուսակցության առաջնորդը նույնպես բանտում է, բայց այս աննախադեպ ճնշումների արդյունքում կուսակցությունը կարողացավ մտնել խորհրդարան և ստանալ նույնիսկ 1 տոկոս ավելի ձայն, քան նախորդ ընտրություններում. «Սա նշանակում է, որ քրդական հարցը Թուրքիայում ոչ միայն պահպանում է իր սրությունը, այլ մոտակա տարիներին այս հարցի հետ կապված բավականին լուրջ սրացումներ կտեսնենք»։
Թուրքագետը կարևորում է նաև այն, որ Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ն, չնայած՝ հաղթեց ընտրություններում, բայց արձանագրեց ձայների 7 տոկոս անկում, ինչը նշանակում է, որ այս կուսակցության հեղինակությունը Թուրքիայում սկսում է անկում ապրել. «Էրդողանը սա գիտակցեց, դրա համար գնաց արտահերթ ընտրությունների։ Սա պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին տնտեսական աճի տեմպերը թուլացել են, սոցիալական վիճակը երկրում ավելի վատն է դարձել՝ բնակչության լայն խավերի համար»։
Թուրքագետի կարծիքով՝ այժմ մենք գործ ունենք ոչ թե՝ 1, այլ՝ 3 Թուրքիայի հետ. «Ընտրությունների արդյունքների աշխարհագրությունը բացահայտ ցույց է տալիս, որ Թուրքիան բաժանված է 3 հատվածի։ Մեծ մասը, որը ձայն տվեց Էրդողանի կուսակցությանը և դաշինքին, կենտրոնական շրջաններն են, որոշ չափով՝ սևծովյան ծովեզրյա շրջաններն ու արևելյան ծովեզրյա շրջանները։ Աշխարհագրական առումով երկրորդ Թուրքիան արևմտյան ծովեզրյա շրջաններն են, մասնավորապես՝ խոշոր քաղաք Իզմիրը։ Երրորդ Թուրքիան քրդաբնակ շրջաններն են։ Այս աշխարհագրական բաժանումն իր հետ բերում է նաև քաղաքական բաժանում։ Էրդողանյան Թուրքիան իսլամամետ Թուրքիան է, որոշ չափով դա սկսում է ձեռք բերել պանթյուրքիստական ուղղվածություն։ Արևմտյան շրջաններն աշխարհիկ Թուրքիան է, որը չի ընդունում Էրդողանի կուսակցության իսլամամետ միտումները»։
Հետևաբար, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ առաջիկա տարիներին Էրդողանը պետք է կարողանա այս 3 Թուրքիան ոչ միայն՝ միանձնյա ղեկավարել, այլև՝ դարձնել նոր Թուրքիա, ինչպես իր տեսլականն է. «Դա նշանակում է, որ Թուրքիան տարածաշրջանային ուժի կենտրոն լինելուց պետք է բարձրանա և դառնա համաշխարհային ուժի կենտրոն։ Էրդողանն իր երեկվա հաղթական ճառում, երբ ինքն իրեն հայտարարեց հաղթող, երբ հրապարակված չէին ընտրությունների արդյունքները, պարզ հայտարարեց, որ նոր Թուրքիան պետք է մտնի աշխարհի 10 հզորագույն պետությունների մեջ»։
Նոր Թուրքիան, նրա խոսքով՝ պետք է շարունակի Էրդողանի արկածախնդիր արտաքին քաղաքականությունը. «Այդ ելույթում Էրդողանը հստակ ասաց, որ Թուրքիան շարունակելու է իր առաջխաղացումը Սիրիայում, որ ազատագրի Սիրիայի տարածքներն ու հնարավորություն տա Թուրքիայում գտնվող 2-3 միլիոն փախստականներին՝ վերադառնալ իրենց բնակավայրերը։ Այսինքն՝ մոտակա տարիներին տեսնելու ենք ծավալապաշտական և արկածախնդիր քաղաքականություն վարող Թուրքիա»։