Բաժիններ՝

«Մասնագիտություններս անընդհատ փոխում եմ, որ չդառնամ դրանց ստրուկը». Սամվել Մարտիրոսյան

«Մարդ չպետք է աշխատի աշխատավարձի համար։ Ես ռոմանտիկ չեմ և չեմ համարում, որ, եթե սոված ես, պետք է աստղերի լույսից սնվես, կամ եթե շատ սոված ես՝ արեգակի լույսից։ Աշխատավարձ պետք է ստանաս՝ ապրելու համար, բայց ոչ՝ կատարածդ աշխատանքի համար։ Սխալ մոտեցում է, եթե աշխատավարձ ես ստանում քո կատարած աշխատանքի համար, դա մի քիչ ստրկատիրական տարրեր է մտցնում գործատուի և աշխատողի հարաբերությունների մեջ»,- հունիսի 22-ին «Հաջողության բանաձև» նախագծի ժամանակ այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ իր պատմությունն ավելի շատ անհաջողությունների մասին է, քանի որ որևէ ոլորտում երկար չի մնացել, որ հաջողություններ գրանցի։

«Ես ահավոր ծույլ եմ, ինձ որ թողնես՝ ամբողջ օրը միայն գիրք կկարդամ, ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվի։ Դրա համար սկզբում մտածեցի, որ կարդալը կարելի է վերցնել՝ որպես դուրեկան զբաղմունք, և նաև փող աշխատել։ Ես որոշեցի շնորհքով ներխուժել աշխատանքային կյանք և զբաղվել այն բաներով, որոնք իմ դուրը գալիս են, բայց փորձել կյանքը ձևավորել իմ ուզածով։ Իմ մոտեցումն այն է, որ մարդ պետք է ինչ-որ ժամանակ զբաղվի այն գործով, որը փող է բերում, մյուս ազատ ժամանակը պետք է զբաղվի այն մասնագիտությամբ, որը հաջորդը պետք է լինի։ Այստեղ նորից անձնական խնդիրն է»,- ընդգծեց նա։

Մեդիափորձագետը պատմեց, թե ինչպես է տարբեր մասնագիտություններ փոխել. «2000-ականների սկզբում իրավապաշտպան էի, հետո հասկացա, որ ինձ դուր է գալիս լրագրողի գործը, և որոշեցի լրագրող դառնալ։ Հետո մեկն ասաց՝ քեզ պե՞տք է, ուրիշների ասածներն ես գրում, քո մտքերը գրի առ, ու որոշեցի դառնալ վերլուծաբան։ Իմ կյանքի այդ շրջանում ինչ հավանում էի՝ մի քանի գիշեր ուսումնասիրում էի ու դառնում տվյալ մասնագետը։ Հետագայում այլ գիտափորձ կատարեցի. որոշեցի ոչ թե ինձ հետաքրքրող մասնագիտություններով զբաղվել, այլ ստեղծել մասնագիտություններ։ Տեղեկատվական անվտանգությունն այն ժամանակ չկար, ինչ-որ կոնկրետ բան էր նշանակում 2005-06թթ.։ Ես որոշեցի, որ դա պետք է մասնագիտություն լինի, հոդվածներ գրեցինք, դա բերեց նրան, որ ինչ-որ պահի պետությունը տեղեկատվական անվտանգության մասին փաստաթուղթ ընդունեց։ Այդ պահին հասկացա, որ նեղ մասնագիտականը որոշ հարցերում այդքան էլ կարևոր չէ. կարելի է մասնագիտությունները խառնել»։

Սամվել Մարտիրոսյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ լրագրողները ևս օգնել են իրեն՝ տարբեր մասնագիտություններով հայտնի դառնալու հարցում.

Կարդացեք նաև

«Ես մեկ տարի գիտափորձ եմ արել. երբ լրագրողները մոտենում ու հարցեր են տալիս, վերջում հարցնում են՝ ձեզ ո՞նց ներկայացնենք, ու ես հասկացա, որ այդ պահին ինչ ասես՝ կգրեն։ Այդպես մեկ տարի գիտափորձ եմ արել՝ ամեն անգամ տարբեր ձևերով էի ներկայանում՝ հրապարակախոս, մշակութաբան, վերլուծաբան և այլն, ու ամեն անգամ գրում էին։ Մի անգամ մեկը հարցրեց՝ ո՞նց դառնամ տեղեկատվական անվտանգության  մասնագետ, ասացի՝ ուղղակի, երբ հարցնում են՝ քեզ ոնց ներկայացնենք, ասում ես ու դառնում, ուղղակի պետք է հետո կարողանաս տակից դուրս գալ։ Սա իմ ամենամեծ խորհուրդն է»։

Վերջում Մարտիրոսյանն ընդգծեց՝ մասնագիտություններն անընդհատ փոխում է, որ չդառնա դրանց ստրուկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս