«Եթե վերջնական քննարկումների արդյունքում որոշեն չեղարկել այդ համակարգը, ապա ոչ ոք ոչինչ չի կորցնի». Նիկոլ Փաշինյանը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ

«Անկախ Հայաստանի գոնե վերջին 2 տասնամյակներում ես չեմ հիշում գոնե մի կառավարություն, որ Տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարած չլինեին որպես գերակայություն»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Սինոփսիս Արմենիա» կատարած այցի ժամանակ ասաց ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Նա նշեց՝ այն մեսիջները, որ իրենք ստացան նոր կառավարության ծրագրից, ինչպես նաև վարչապետի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթներից,  իրենք փոքր-ինչ այլ մոտեցումներ ունեն.

«Որովհետև նախկինում մենք միշտ ասել ենք, որ, եթե չխանգարեք, ապա, միևնույն է, ոլորտն ինքնաբուխ զարգանալու է, այսօր մենք դա չենք ասում, որովհետև սպասելիքները շատ ավելին են, և կարծում եմ՝ մեր սպասելիքներն անպայման կարդարացվեն»։

Հ. Մուսայելյանն անդրադարձավ երկու «նուրբ» հարցի, որոնք, ըստ նրա, հետաքրքրում են ոչ միայն՝ իրենց աշխատակիցներին, այլև՝ ընդհանրապես ՏՏ ոլորտի աշխատակիցներին.

«Խոսքը վերաբերվում է անցյալ տարի շրջանառության մեջ դրված Եկամտահարկի մասին օրենքին և կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչին։ Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ մեր աշխատակիցները, լինելով սպիտակ դաշտում գործունեություն ծավալած ընկերությունների աշխատողներ, իրենց մակարդակը կարող է իջնել, որովհետև հարկային բեռն է ավելանում, այստեղ շատ լուրջ վտանգ եմ ես տեսնում երկրի մրցունակության առումով, որովհետև երկիրը պետք է գրավիչ լինի գործատուների, օտարերկրյա ներդրողների համար։

Եթե գործատուն իր վրա վերցնում է այդ բեռը, ապա այդ բեռն ինքը պետք է ինչ-որ ձևով հանի այդ ինտելեկտուալ պրոդուկտի ինքնարժեքից։ Ժամանակի ընթացքում երկիրը սկսելու է կորցնել իր գրավչությունը։ Իմ խնդրանքն այն է, որ հետայսու նմանատիպ օրենքների քննարկումների ժամանակ անպայման դրանք արժանանան լուրջ մոնիտորինգի, հետազոտական, փորձագիտական անալիզների՝ նաև ՏՏ ոլորտի հիմնական խաղացողների հետ հանդիպումների արդյունքում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝  նշեց՝ ինքը տեղյակ է, որ այդ փոփոխությունները շատ լուրջ խնդիրներ ու քննարկումներ են առաջացնում.

«Ուզում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է այսօր կառավարությունը որոշել նման ճանապարհով գնալ՝ կապված կուտակային կենսաթոշակների հետ։ Մենք ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, ընդ որում, ժառանգել էինք մի իրավիճակ, որտեղ հուլիսի 1-ից արդեն կոնկրետ օրենք պետք է մտներ ուժի մեջ, այսինքն՝ մենք ունեինք չափազանց քիչ ժամանակ որևէ բան անելու համար։ Այն լուծումը, որը մենք առաջ ենք բերել, ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ՝ ունի մի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի՝ քննարկելու։

Դուք գիտեք, որ կառավարությունում էլ կան շատ հարգելի, հեղինակավոր նախարարներ, որոնք պնդում են, որ այդ համակարգն ընդհանրապես սահմանադրականության հետ կապված խնդիր ունի։ Մեր մոտեցման անկյունաքարն այն է, որ մենք սրանով ժամանակ ենք շահում, որպեսզի խնդիրը հանդարտ պայմաններում քննարկենք և կարողանանք հասնել համաձայնության, համաձայնեցված որոշումների»։

Ըստ նրա՝ եթե վերջնական քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում իրենք որոշեն չեղարկել այդ համակարգը, ապա ոչ ոք ոչինչ չի կորցնի, բոլորը կստանան իրենց գումարները մինչև վերջ, ներառյալ՝ տոկոսները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս