Ուրիշ ի՞նչ պաշտոնյաներ են ներգրավված Մանվել Գրիգորյանի գործում՝ որպես կասկածյալներ կամ մեղադրյալներ

Ազգային ժողովում քննարկվում է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ: Մ. Գրիգորյանի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենք ունեն տեղեկություններ, թե այս 2.5 տարվա մեջ արջերն ինչքա՞ն են կերել, ու ինչքա՞ն մասն է մնացել։

Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ հայտնաբերվել է սնունդի մի մասը, բայց քննությամբ կպարզվի, թե ընդհանուր ինչքան է եղել և ինչքանն է հիմա մնացել։

Նա նշեց, որ իրենք Պաշտպանության նախարարությունից տեղեկություն են ստացել, որ 2016-2018 թվականների ընթացքում բանակի կողմից 190 միլիոն դրամի արժողության համապատասխան սննդամթերք կամ այլ պարագաներ են տրվել ԵԿՄ-ին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց, թե Մ. Գրիգորյանից բացի՝ ուրիշ ի՞նչ պաշտոնյաներ են ներգրավված այս գործում՝ որպես կասկածյալներ կամ մեղադրյալներ։

Ի պատասախան՝ Ա. Դավթյանն ասաց, որ արդեն կան որոշակի անձինք, որոնք մեղադրյալներ և կասկածյալներ են, ու իր հանձնարարականով՝ երկու քննչական մարմիններ խումբ կստեղծեն, ու առանց բացառության՝ բոլոր հանգամանքները քննության կենթարկվեն։

«Ելք»-ի մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Կոնջորյանն էլ Գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա չի կարծում, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ մինչև հիմա տեղեկատվության չունենալը ՀՀ իրավապահ համակարգի հանցավոր անգործության հետևանք էր։

Ի պատասան՝ Ա. Դավթյանն ասաց, որ իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու համար պետք է առաջնորդվեն առկա համապատասխան հիմքերով։

Նա նաև նշեց, որ պարտադիր քննության առարկա է դառնում որևէ պաշտոնյայի՝ այդ դեպքի առնչությամբ ավելի վաղ տեղեկություն ունենալ-չունենալը, իր պարտականությունները պատշաճ կատարած լինել-չլինելը։

Տեսանյութեր

Լրահոս