ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը կոչ է անում ներքաղաքական խնդիրների լուծումը որոնել խորհրդարանական հարթությունում

Հանրապետությունում առկա ներքաղաքական իրավիճակի և դրա հանգուցալուծման վերաբերյալ «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդարանական «Հայրենիք» խմբակցությունն այսօր՝ հունիսի 16-ին, հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին ժամանակներում Արցախի քաղաքական դաշտը հագեցած է բոլորիս հայտնի իրադարձություններով:

Մենք կարծում ենք, որ հանրապետության քաղաքական դաշտում գործունեություն ծավալող բոլոր, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերը պարտավոր են ավելի ակտիվ և ավելի կառուցողական պատրաստակամությամբ լծվելու երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալուն:

Յուրաքանչյուրիս է հայտնի, որ մեր պետականության առջև ծառացած խնդիրներից զատ կան նաև մարտահրավերներ, որոնց դիմակայելն այլընտրանք չունի, և հատկապես ա՛յս հարցում արդյունավետությունը պահանջում է բոլոր ուժերի և ջանքերի համատեղում ու համադրում, քանզի ձախողման դեպքում նորից փորձելու, հետամուտ լինելու շանս կարող ենք և չունենալ: Ի դեպ, գրեթե համանման մոտեցում ունի նաև հայաստանյան քաղաքական դաշտն ամբողջությամբ:

Ինչ խոսք, չի կարելի աչք փակել այն խնդիրների վրա, որոնք բարձրաձայնում են մեր խորհրդարանական գործընկերները, այդ թվում՝ «Վերածնունդ» խմբակցությունը, և մեր արտախորհրդարանական գործընկերները: Այո՛, խնդիրներն առկա են, դրանք մտահոգում են մեզ և անպայման պետք է գտնեն իրենց լուծումները՝ սկսած ամենաբարդ խնդիրներից, այդ թվում՝ ԱԺ վերաբերող, մինչև մեր ժողովրդին մտահոգող ցանկացած օրենսդրական կամ սոցիալ-տնտեսական բնույթի խնդիր:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ համախմբելու բոլոր ռեսուրսները ստեղծված վիճակից պատվով դուրս գալու համար: Կուսակցությունն ամեն ինչ անում է՝ լուծելու մեր երկրի և մասնավորապես՝ նրա քաղաքական դաշտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման խնդիրը:

Հարգելի՛ գործընկերներ, եկել է պահը՝ դրսևորելու առավելագույն ողջամտություն, համախմբվածություն և միասնականություն: Երկրի առջև ծառացած խնդիրները, նրանց լուծման ուղիների փնտրտուքը պետք է լինեն միայն և միայն քաղաքական հարթությունում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում։
Ազգային գերակա շահ հասկացությունը հատկապես հիմա բոլորիս ենթարկում է ճակատագրական քննության, որի արդյունքից է կախված մեր պատմական հեռանկարը:
Աստված մեզ պահապան»:

Տեսանյութեր

Լրահոս