
Մակեդոնիայի և Հունաստանի միջև համաձայնագիրը հայտնվել է ձախողման սպառնալիքի ներքո

Մակեդոնիայի նախագահն սպառնացել է չստորագրել բալկանյան երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու համաձայնագիրը: Ձեռ բերված փոխզիջումից դժգոհ են նաեւ Հունաստանում, տեղեկացնում է BBC-ին:
Ավելի վաղ Հունաստանի եւ Մակեդոնիայի վարչապետները համաձայնության էին եկել վերջ դնելու անվանման շուրջը վեճին, որը 27 տարի բարդացրել է երկրների միջեւ հարաբերությունները եւ խոչընդոտել Մակեդոնիայի անդամակցմանը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը:
Հույներն առարկում են այն բանի դեմ, որ հարեւան բալկանյան երկիրն անվանվել է ճիշտ այնպես, ինչպես եւ հունական պատմական մարզը Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հետ սահմանին՝ զգուշանալով հնարավոր տարածքային հավակնություններից: Իսկ Մակեդոնիան պնդում էր այդ անվանումը, որն ինքն ընտրել է Հարավսլավիա նախկին պետության տրոհումից հետո:
«Պատմական համաձայնագրի» կնքման հաջորդ օրը հունական «Նոր դեմոկրատիա» ընդդիմադիր կուսակցությունը սպառնացել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասին անվստահության քվե ներկայացնել խորհրդարան: Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը պայմանագիրը համարել է հակասահմանադրական՝ ազգին հղած ուղերձում հայտարարելով, որ այն ստորագրել չի պատրաստվում: Երկրի Սահմանադրության համաձայն՝ Մակեդոնիայի նախագահը վետոյի իրավունք ունի նման օրենքներ ընդունելիս, որոնք նախագահի հավանությանն արժանանալուց հետո պետք է հաստատվեն խորհրդարանի կողմից: Մակեդոնիայի վարչապետն ավելի վաղ ասել Է, որ վերանվանման հարցը հանրաքվեի կդրվի:
Հանուն մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցությունը (VMRO-DPMNE) պաշտպանել է նախագահի որոշումը՝ Հունաստանի հետ գործարքը համարելով «մակեդոնական դիվանագիտության լիակատար պարտություն բոլոր հնարավոր իմաստներով»:
Լուսանկարը` REUTERS