Դարո՞ն, թե՞ Տիգրան. Ինչու է նյարդայնանում ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը

Օրեր առաջ ԵԱՏՄ ինստիտուտ կոչված կառույցի տեղեկատվական կայքում հրապարակվեց մի հոդված, որը ոչ միայն կատարյալ անգրագետ էր ու ապատեղեկատվացնող, այլև, իմ ավագ գործընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ թունոտ։

Վերնագիրն արդեն իսկ ամեն ինչ ասում է՝ «Правительство Пашиняна нацелилось на продажу Армении» (Փաշինյանի կառավարությունը նպատակադրվել է վաճառել Հայաստանը)։ Այս հոդվածին չէի անդրադառնա, եթե դրա հեղինակը չլիներ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի՝ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։ Այսինքն՝ բավականին «լուրջ» մասնագետ։ Հիմա անդրադառնանք այս մարդու արտահայտած առավել ուշագրավ մտքերից մի քանիսին։

Լեպյոխինն իր հոդվածը սկսել է ՀՀ կառավարության ծրագրից և նշել, որ դրանում թվեր և կոնկրետություն չկա։ «Փաշինյանի «ծրագիրը», ըստ էության, առաջին քայլն է՝ Հայաստանը որպես սուվերեն պետություն լուծարելու ճանապարհին»,- գրել է հեղինակը։

Իր ասածը հիմնավորելու համար Լեպյոխինը ետ է գնացել մինչև 2013 թվականը և հիշեցրել, որ երբ քննարկվում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը, ինքը (Լեպյոխինն) առաջարկում էր Հայաստանում մեկնարկել ազգային տնտեսության արդիականացման ծրագիր, որի շարժիչ ուժը կլինեին ռուսաստանյան խոշոր ընկերությունների մասնակցությամբ խոշոր ներդրումային ծրագրերը։ Սակայն, արի ու տես, որ, ըստ Լեպյոխինի, այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին հետաքրքրել է ոչ թե տնտեսական զարգացման ծրագիրը, այլ որոշ պրեֆերենցիաների ստացումը։ «Սրա արդյունքում՝ Հայաստանի տնտեսության լճացում և բնականոն սոցիալական պայթյուն՝ իշխանությունից զրկելով Սերժ Սարգսյանին և նրա կուսակցությանը, որոնք հասարակության զարգացման ծրագիրը ներկայացրեցին ուշացումով, լուրջ սահմանափակումներով և դրանում դրված համակարգային սխալներով»,- գրել է Լեպյոխինը։

Փաստորեն, Հայաստանի տնտեսական խնդիրների պատճառը, ըստ Լեպյոխինի, ռուսների առաջարկած զարգացման ծրագիրը չընդունելն է։ Հեղափոխությունն էլ, ըստ նրա, սոցիալական պայթյունով էր պայմանավորված։

Իսկ ո՞րն է Փաշինյանի սխալը, և ինչպե՞ս է նա պատրաստվում «վաճառել Հայաստանը»։ Հեղինակն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը պատրաստվում է ոչ թե տնտեսության արդիականացում (մոդեռնիզացիա) իրականացնել, այլ բարեփոխումներ։ Իսկ բարեփոխումների մեջ ի՞նչ վատ բան կա՝ կհարցնեք դուք։ «Այսինքն՝ խոսքը գնում է ոչ թե տնտեսության զարգացման մասին՝ սեփական հիմքերի վրա, այլ ընդամենը ռեֆորմների։ Արևմտամետ ռեֆորմների։ Ոչ ավելին»,- նշել է Լեպյոխինը։

Այսինքն, բարեփոխումը, ըստ նրա, վատ բան է։ Սակայն շատ ավելի վատ է, երբ այն արևմտյան գծեր ունի։ Հաջորդ տողերում հեղինակն ավելի է անկեղծանում և խոստովանում, թե ինչն է խոցել իր (և իր գործընկերների) մասնագիտական ինքնասիրությունը։ Լեպյոխինը նշում է, որ կառավարության ծրագրի կազմման համար քննարկումներ չեն ծավալվել, ավելին՝ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ծրագիրը մշակելու ժամանակ չի դիմել եվրասիական գործընկերների օգնությանը, օրինակ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Փոխարենը՝ Փաշինյանի առաջին գործը եղել է Դարոն Աջեմօղլուի օգնությանը դիմելը։ «Դուք հավատո՞ւմ եք, որ Աջեմօղլուին մտահոգում են Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները, տնտեսական և քաղաքական սուվերենության ամրապնդումն ու հասարակ հայաստանցիների բարեկեցության աճը։ Ես՝ ոչ»,- ասում է Լեպյոխինը։

Ըստ նրա՝ Արևմուտքը Հայաստանին առաջարկելու է մեծ ֆինանսավորում, քանի որ Հայաստանը սեփական ռեսուրներ չունի ենթակառուցվածքների մեջ ներդնելու համար։ Ու որպես հետևանք՝ Հայաստանը պարտքերի մեջ է խրվելու, կախվածության մեջ է ընկնելու ԱՄՀ-ից և այլ միջազգային կառույցներից։

Լեպյոխինը համոզված է, որ Հայաստանի տնտեսությունը եվրասիական (հետխորհրդային) տնտեսական համակարգի անբաժանելի մասն է։ «Այդ պատճառով, քաղաքակրթական չափանիշերով փոքր Հայաստանում տնտեսական աճի բազային պայման է գազի ցածր գինը, որը թույլ կտա զարգացնել մրցունակ գյուղատնտեսություն և ունենալ սննդի արտահանման երաշխավորված աճ։ Ո՞ւր։ Հենց այնտեղ, որտեղից գալիս է գազը։ Դեպի Ռուսաստան»,- գրել է Լեպյոխինը։

Միայն այն պնդումը, որ Հայաստանի տնտեսության ճակատագիրը կախված է գազի գնից, բավարար է՝ այս մարդու հետագա մտքերը չկարդալու համար։ Սակայն եկեք ընդունենք, որ մասնագետ է, և ի տարբերություն Աջեմօղլուի՝ մտահոգ է Հայաստանի մասին։

Իսկ հոդվածն ավարտվում է արդեն կատարյալ ապատեղեկատվությամբ կամ անգրագիտությամբ՝ ինչպես կուզեք, կարող եք հասկանալ։

«Հիշեցնեմ, որ 2016-2017 թվականներին Հայաստանում սկսվել է իրական տնտեսական աճ։ Ռուսաստանից այդ երկիր են հոսել զգալի ներդրումներ։ Եվս 2-3 տարի նույն տեմպը եթե պահպանվեր՝ Հայաստանը կարող էր վերածվել կայուն կերպով աճող տնտեսություն ունեցող երկրի»,- գրել է Լեպյոխինը։

Այս 3 նախադասության մեջ այնքան սխալներ կան, որ մանրամասն անդրադառնալու համար 3 էջը բավարար չէր լինի։ Նախ, 2016 թվականին մեզ մոտ գրեթե զրոյական աճ է գրանցվել։ Երկրորդ՝ 7,5% տնտեսական աճը ինքն իրենով ոչինչ չի նշանակում, եթե այն ներառական չէ և չի նպաստում բնակչության բարեկեցության աճին։ Երրորդ՝ 2017 թվականին ունեցել ենք օտարերկրյա ներդրումների զգալի անկում՝ թե՛ պորտֆելային, և թե՛ ուղղակի ներդրումների գծով։ Իսկ ներդրումների մեծ մասն ապահովվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի հաշվին, որն ընդհանրապես կապ չունի Ռուսաստանի հետ։

Ինչ վերաբերում է նրան, որ աճի տեմպերը պահպանելու դեպքում Հայաստանը կարող էր վերածվել կայուն կերպով աճող տնտեսություն ունեցող երկրի, ապա այսօր Հայաստանը հնարավորություն ունի վերածվել թռիչքաձև աճ ունեցող երկրի։

Վերջում եկեք հիշենք, թե վերջին տարիներին ինչ տնտեսական աճ են գրանցել Հայաստանը և Ռուսաստանը։

2013թ. – Հայաստան՝ 3.3% աճ,

                Ռուսաստան՝ 1.7% աճ

2014թ. – Հայաստան՝ 3.6% աճ,

                Ռուսաստան՝ 0.7% աճ

2015թ. – Հայաստան՝ 3.2% աճ,

                Ռուսաստան՝ 2.8% անկում

2016թ. – Հայաստան՝ 0.2% աճ,

                Ռուսաստան՝ 0.2% անկում

2017թ. – Հայաստան՝ 7.5% աճ,

                Ռուսաստան՝ 1.5% աճ:

Այսինքն՝ վերջին տարիներին Հայաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցել է Ռուսաստանին, որը գազի և նավթի խոշորագույն արդյունահանող է։ Ու եթե այդքան լավ զարգացման ծրագիր կարող էին առաջարկել Հայաստանին, միգուցե նախևառաջ սեփական երկրի՞ն օգնեին։

Տեսանյութեր

Լրահոս