Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական փորձ՝ վստահություն հայտնելով, որ ապագայում այն առավել արդյունավետ կլինի: «ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտը, և լայնածավալ ծրագրեր իրականացնելու մտադրություն ունի: Մեր հիմնական մարտահրավերը կրթության համակարգի մթնոլորտի փոփոխությունն է, որովհետև այս ոլորտի հետ են ասոցացվում մի շարք բացասական երևույթներ՝ կոռուպցիա, քաղաքականացվածություն և այլն: Մարդկային ռեսուրսները շատ կարևոր են այս առումով. դա այն գլխավոր կապիտալն է, որն ունի ներկայիս կառավարությունը, ուղղակի անհրաժեշտ է դրա շուրջ ստեղծել համապատասխան միջավայր, նոր գիտելիքներ և հմտություններ տալ մարդկանց: Ներկայումս նախանշել ենք մի շարք երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ խնդիրներ, որոնցից հրատապ է կարճաժամկետների լուծումը: Իրականում կրթության ոլորտում միջոցները քիչ չեն, պարզապես պետք է դրանք արդյունավետ բաշխել: Մեր առաջնահերթությունները հանրակրթության ոլորտում են, քանի որ գտնում ենք, որ հենց այստեղ է ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման բանալին: Հետևաբար մեզ համար առաջնային է դպրոցների կառավարման խորհուրդների և Կրթության ազգային ինստիտուտի ամբողջական վերափոխումը: Բուհական ոլորտում առաջնային է «Բարձրագույն կթրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը պետք է այնպես վերափոխել, որ ոլորտն ամբողջությամբ ապաքաղաքականացվի և բարձրացվի բուհերի ակադեմիական ինքնավարությունը: Բոլոնիայի գործընթացով պայմանավորված՝ ներկայումս զբաղվում ենք համալսարանների ցանցի գործարկմամբ, որը թույլ կտա ապահովել ուսանողների շարժունությունը և զգալի մեծացնել մրցունակությունը: Այս ամենի արդյունքում՝ որոշ բուհեր և մասնագիտություններ ինքնաբերաբար կփակվեն, որոշները՝ կզարգանան: Եթե այս ամենը չարվի, ապա գիտության զարգացման մասին միջնաժամկետ կտրվածքով դժվար է խոսել: Այս բոլոր բարեփոխումները ենթադրում են լուրջ օրենսդրական և այլ կարգավորումներ, որոնց համար ակնկալում ենք նաև ԵՄ դրական փորձը և աջակցությունը: Կրթության ոլորտում ռեսուրսներ ներգրավելով՝ ինստիտուցիոնալ առումով այն լուրջ ազդեցություն կունենա ընդհանուր կրթական համակարգի վրա: Առանձին հաջողված կրթական ծրագրեր նախկինում էլ են եղել, բայց դրանք լուրջ ազդեցություն չեն թողել ընդհանուր համակարգի վրա և ցանկալի կլինի, որ մեր համագործակցությունն այս տրամաբանությամբ ընթանա»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ լուրջ անելիքներ կան «Հորիզոն-2020» ծրագրի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում: «Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովում ընդունվել է կոմյունիկե, որը գրեթե ամբողջությամբ համահունչ է մեր քաղաքականությանը, որի գլխավոր կարգախոսն է՝ կրթություն բոլորի համար: Եվրոպական կրթական տարածքը մեզ հարազատ է, և Հայաստանի կրթության ոլորտը զարգանում է հենց այս տրամաբանությամբ»,- ընդգծել է նախարարը:

Վասիլիս Մարագոսի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի լայն համագործակցության դաշտ ապահովել՝ կրթության ոլորտը զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացը կարևոր է, որի մեջ մեծ դերակատարություն ունի որակյալ կրթության ապահովումը: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Էրազմուս+ և «Հորիզոն-2020» ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտի զարգացումը, և ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել նոր ծրագրերի իրականացման և դրանց շարունակականության ապահովման հարցում:

Կողմերը քննարկել են նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի մանրամասներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս