
Կառավարությունն առաջարկում է համաներել գույքի օտարումից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները

Հայաստանի կառավարությունն առաջարկում է համաներել գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները:
ՀՀ կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը»: Նախագծով առաջարկվում է համաներումն իրականացնել պայմանով, որ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:
Անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից: