Բաժիններ՝

Թիվ 70 դպրոցի նախկին տնօրենը դատապարտվել է՝ զրկվելով կրթության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Մի շարք խարդախությունների մեջ մեղադրվող «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը դատապարտվեց տուգանքի: Միևնույն ժամանակ, դատավճռով նա 3 տարի ժամկետով զրկվել է կրթության ոլորտում որևէ գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև՝ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Շափաղաթյանը թիվ 70 դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2011թ. մինչև 2014 թվականի ապրիլը:

Այսպիսով, Շափաղաթյանը նշված դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2011թ. նոյեմբերի 25-ից և մեղադրանքի համաձայն՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով դպրոցի աշխատակիցների աշխատավարձերի ստացման համար բանկերում առկա հաշվեհամարների վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից դրվել է արգելանք, այդ ժամանակահատվածում դպրոցի մի շարք աշխատակիցներ աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին:

Բացի այդ, Շափաղաթյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել աշխատակիցների իրավունքներին ու օրինական շահերին:

Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2 դրվագով՝ դատապարտելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 200 000 ՀՀ դրամի չափով տուգանքի, 3 տարի ժամկետով էլ զրկելով կրթության ոլորտում գործունեությամբ զբաղվելու և պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Միևնույն ժամանակ նշանակվող պատժին լրիվ գումարվել է նախորդ՝ 07.07.2017 թվականի մեկ այլ խարդախության գործով դատավճռով նշանակված 800.000 ՀՀ դրամ տուգանքը և վերջնական պատիժ է սահմանել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը՝ պահպանելով կրթության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումը:

Հիշեցնենք նաև, որ դեռևս տարիներ առաջ ընդդեմ Շափաղաթյանի ներկայացվել էին 10-ից ավելի քաղաքացիական հայցեր:

Քաղգործերից մեկով դեռևս 2013թ. «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի: Հայցվորը դպրոցի տնօրենից պահանջում էր բռնագանձել 3 175 100 ՀՀ դրամ գումար:

Բանն այն է, որ թիվ 70 դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10-ը նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90 -օրյա ժամկետում վճարել գումարը։

Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև հուլիս 31-ը։ Սահմանված երկրորդ ժամկետում ևս գումարը չի վճարվել և հայց ներկայացնելով դատարան հայցվորը պահանջում էր նաև պատասխանողից բռնագանձել տույժեր, դատական ծախսերը, ինչպես նաև հայցվորի ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Դավթյանի մատուցած ծառայությունների համար արդեն իսկ վճարված 820 000 ՀՀ դրամը: Ինչ վերաբերում է տույժերին, ապա հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ այն քիչ են հաշվարկել` նկատի ունենալով, գործ ունեն դպրոցի հետ:

Թե ի՞նչ էր արել դպրոցի համար գնված այդ նեթբուքերը Շափաղաթյանն այդպես էլ դատարանում չէր հայտնել, սակայն իր խոսքով՝ անգամ իր ֆինանսական միջոցներով է փորձել դպրոցը «կարգի բերել, դուռ ու պատուհաններ է փոխել, ավել ու փոշի է գնել»: Ըստ նրա՝ իր մեղավորությունը կայանում է նրանում, որ ծանր «լուծ» է վերցրել իր վրա:

Շափաղաթյանի վերաբերյալ հաջորդ խարդախության գործը, որը քննվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի, դատավոր Դավիթ Բալայանի վարույթում՝ կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:

Հիշյալ գործով էլ՝ Հերմինե Շափաղաթյանը բարձր վարձատրվող աշխատանքի խոստում էր տվել և տուժողից հափշտակել էր 800 ԱՄՆ դոլար գումար:

Թերևս Շափաղաթյանի կողմից կատարված խարդախությունների շարքը շարունակվում է՝ ընդամենը օրեր առաջ նոր գործ է մուտք եղել դատարան՝ կրկին խարդախության հոդվածով, այս անգամ էլ Շափաղաթյանը Էմմա Քոչարյանին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 74 դպրոցում որպես կազմակերպիչ աշխատանքի ընդունելու վերաբերյալ խոստումներ է տվել և վերջինիցս 2017թ․ հունիսի սկզբին պահանջել և ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար, որը և խարդախությամբ հափշտակել է։

Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ի մասով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս