Դիարբեքիրի ժողովուրդը ոգևորությամբ կընդունի Գարոյին. Դեմիրթաշը հաջողություն է մաղթել Փայլանին
Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականից բանտում է, ազատազրկման մեջ գտնվելով, շարունակում է իր նախընտրական քարոզարշավը:
Նա պատասխանել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հարցերին՝ խոսելով ընտրություններից իր սպասումների մասին: Նա անդրադարձել է նաև Դիարբեքիրում հայազգի Գարո Փայլանի թեկնածությունն առաջադրելու փաստին՝ մեկնաբանելով այդ քաղաքում հայ թեկնածու առաջադրելու իմաստը:
Դեմիրթաշն ասել է, որ Գարոն համապատասխանում է Դիարբեքիրին, Դիրաբեքիրն էլ՝ Գարոյին: Նա հիշեցրել է, որ Դիարբեքիրն անցյալում մշտապես բազմէթնիկ, բազմամշակութային քաղաք է եղել: «Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո տեղի ունեցածները Դիարբեքիրի այդ յուրահատկությունը վերացրին: Մինչև 1980-ական թվականները հայկական ընտանիքներ էին ապրում Սուր գավառում: Անգամ իմ մանկության տարիներին հայերը շարունակում էին այստեղ ապրել: Սակայն 80-90-ականների ճնշումներն ու բռնությունները ստիպեցին երկրից հեռանալ «վերջին հայերին»:
Դա վերին աստիճանի ողբերգական ու տրավմատիկ երևույթ է: Հայերը Դիարբեքիրում հյուրեր չեն, տեղացիներ են: Գարոյի առաջադրումը Դիարբեքիրում այս առումով իմաստավորված պատասխանն է այդ ցավոտ պատմությանը: Վստահ եմ, որ Դիարբեքիրի ժողովուրդը Գարոյին այդ պատմական գիտակցությամբ ոգևորությամբ տեր կկանգնի ու գրկաբաց կողջունի: Բացի այդ, Գարոն էլ Դիարբեքիրում օտար չէ: Հավատացած եմ, որ տեղի երիտասարդների հետ շատ լավ հարաբերություններ է հաստատելու ու լավ ներկայացուցչություն ունենա: Նրան հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Դեմիրթաշը:
Քրդամետ կուսակցության թեկնածուն խոսել է բանտային պայմաններում նախընտրական քարոզչություն իրականացնելու բարդության մասին՝ նշելով, որ սոցցանցերում անգամ մեկ գրառում կատարելը երկարատև ու բարդ գործընթացի արդյունք է:
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ սկսված դատական գործընթացների հիմնական պատճառը 2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններում տարած հաղթանակն է: Այդ օրվանից մինչ օրս հազարավոր կուսակցականներ համակարգված կերպով կալանավորվում են կամ հեռացվում են քաղաքականությունից: Ես էլ այդ գործողությունների շրջանակում գերի եմ պահվում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա ոչ թե դատական որոշման արդյունք է, այլ քաղաքական հետապնդում: