Բաժիններ՝

Մարտին Յորգանցի համերգից մինչև հաշմանդամություն ունեցողների հոկեյի առաջնություն. «Երևանյան ամառ»-ն այս տարի բազմաբովանդակ է լինելու

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրն այս տարի բազմաբովանդակ է լինելու: Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրեց միջոցառումներ, որոնք այս տարի կանցկացվեն առաջին անգամ:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների միջև կայանալիք ստուգատես-մրցույթն արդեն ավարտվել է, որի գալա համերգը ևս ընդգրկված է «Երևանյան ամառ 2018» ծրագրում և որը կկայանա հունիսի 16-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: «Այս տարի ծրագրում իր ընդգրկուն տեղն ունի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը, որտեղ այս տարի անցկացվելու է հաշմանդամություն ունեցողների հոկեյի առաջնություն»,-ասաց նա:

Անդրադառնալով հունիսի 1-ին մայրաքաղաքում անցկացվելիք միջոցառումներին, Հովհաննիսյանն ասաց, որ կենտրոնական միջոցառումը կայանալու է Ազատության հրապարակում, որը մեկնարկելու է կավճանկարչությամբ: Կարապի լճում, Հաղթանակի զբոսայգում, Մանկական զբոսայգում երեկոյան կլինի հայկական մուլտֆիլմերի ցուցադրություն: Երևանի վարչական շրջանների կենտրոնական պուրակներում նույնպես կայանալու են բազմաբնույթ միջոցառումներ:

Ռուբեն Հովհաննիսյանն ասաց, որ մարզական միջոցառումներն այս տարի ևս շատ են լինելու և անցկացվելու են հիմնականում հուլիս ամսին: «Հունիսի 3-ին «Փորձիր քեզ մարզաձևերում» մարզական ցուցադրական ելույթներ կանցկացվեն Ազատության հրապարակում, որտեղ վոլեյբոլի, սուսերամարտի, հանդբոլի, բասկետբոլի պայմանական դաշտեր են հարմարեցվելու և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ցուցադրական ելույթներին, որոնց հաջորդելու է մարզական երիտասարդական դիսկոտեկը:

«Շատ մեծ տեղ է տրված նաև բնապահպանական միջոցառումներին, որոնցից են «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդեսը, որը կանցկացվի Սիրահարների այգում հունիսի 4-ին, ինչպես նաև Թումոյի այգում հունիսի 30-ին կանցկացվի «Իմ չորքոտանի բարեկամը» ընտանի կենդանիների ցուցադրական 2-րդ մրցույթ-փառատոնը»,-տեղեկացրեց բանախոսը:

Հունիսի 27-ին Հյուսիսային պողոտայում կերգի Մարտին Յորգանցը: Հունիսի 29-ին էլ առաջին անգամ որպես հարթակ կօգտագործվի Երևանյան լիճը, որտեղ մարզամշակութային միջոցառում կանցկացվի, կլինեն ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ:

««Երևանյան ամառ 2018» միջոցառումների շրջանակներում հուլիսի 26-ին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում կանցկացվի նաև «Երևան Քվեսթ» միջոցառումը, որի հիմնական թեմատիկան լինելու է Երևանը»,-հավելեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս