
Ստալոնեն ֆիլմ կնկարահանի Թրամփի կողմից ներման արժանացած բռնցքամարտիկի մասին. TMZ

Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն ֆիլմ է նկարահանելու բռնցքամարտիկ Ջեկ Ջոնսոնի մասին, որին ավելի վաղ հետմահու ներում է շնորհել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնել է TMZ-ն: Ինչպես գրում է հրատարակությունը, Ստալոնեի Balboa Productions ընկերությունը համագործակցելու է Metro Goldwyn Mayer ստուդիայի հետ:
Մայիսի վերջին Թրամփը ներում է շնորհել բռնցքամարտիկ Ջեկ Ջոնսոնին, որը 20-րդ դարի սկզբին դարձել էր ծանր քաշում աշխարհի առաջին սեւամորթ չեմպիոնը:
Ներման փաստաթղթի ստորագրմանը ներկա է եղել Ստալոնեն, որն էլ, ինչպես ավելի վաղ գրել է Թրամփը, իրեն ներկայացրել է այդ մարդու պատմությունը: Ջոնսոնին 1913 թվականին դատապարտել են այսպես կոչված Մաննի օրենքով, որն ընդունվել է 1910 թվականին եւ պատիժ էր նախատեսում կանանց «անբարո նպատակներով» նահանգից նահանգ տեղափոխելու համար:
Նրա դեմ ցուցմունքներ էր տվել այն կինը, որի հետ նա հանդիպում էր 1909 եւ 1910 թվականներին: Չնայած այն բանին, որ մեղադրանքի համար առիթ դարձած իրադարձությունները տեղի էին ունեցել նախքան օրենքի ընդունումը, բռնցքամարտիկին դատապարտել էին մեկ տարի եւ մեկ օրվա բանտարկության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: