Բաժիններ՝

Բաղրամյան գյուղի դպրոցում կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին
էր ուղարկվել «Ազատություն ռադիոկայան»-ի կայքում հրապարակված «Բաղրամյան
գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով
հրապարակումը՝ դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն
ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը
լուծելու ցուցումով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մաիսն, որ
2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մի բնակչի կողմից
նույն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Շ. Ո.-ին ծրարով 25.000 ՀՀ
դրամ գումար է տրվել, որի դիմաց վերջինս նրա երեխայի՝ 2016թ. սեպտեմբեր
ամսից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի բացակաները ճանաչել է
հարգելի:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են կաշառք
տալու և ստանալու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ Արմավիրի մարզի
դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին
մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի
նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային
քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս