
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխվեց. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրեց ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: Այս մասին «Իրավաբաններ և լրագրողներ» ֆեյսբուքյան խմբում գրել է պաշտպանը:
«Սասնա ծռերի գործով իմ պաշտպանյալ Խաչատուր Գիչյանն արդեն ազատության մեջ է: Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանավորումը փոխարինեց ստորագրությամբ` չհեռանալու մասին», -գրել է Մարինե Ֆարմանյանը:
Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլիսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելուն, ապա զավթածն ազատելու պայմանով պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ 2016 հուլիսի 16-ին թվականին նախապես խոստացել , իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր տիրապետման տակ գտնվող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի 09 SS 424 հ/հ բեռնատար ավտոմեքենա ՝ օժանդակելով նշված հանցավոր արարքի կատարմանը։
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: