«Խիղճս հանգիստ է, որովհետև մի 30 լավ լուսանկար ունեմ, որ երկրի պատմության մի մասն է ու պետք կգա երևի»

Զավեն Խաչիկյան. ավելի քան 35 տարի զբաղվում է լուսանկարչությամբ: 1982-ին որոշում և կտրուկ փոխում է մասնագիտությունը՝ զբաղվելով կինո-ֆոտո դոկումենտով:

168.am-ի հետ զրույցում իր այդ որոշումը Զավեն Խաչիկյանը մեկնաբանում է այսպես. «Երևի ներքին ազնվությունս խռովեց իրավիճակից. կարծում էի, որ գիտությամբ այդպես պետք չէր զբաղվել: Այդ տարիներին բնորոշ մի լճացում կար՝ սուտ, ես պատրաստ չէի «պրիբոր» սարքելով զբաղվել, հիմնարար գիտությունն էի սիրում, որովհետև մեր կրթությունն այդ էր պահանջում ինձանից: Քանի որ այն երկիրը կառուցվել էր կոմունիզմի ստի և արյունաքամվող սոցիալիզմի գաղափարի վրա, հետևաբար՝ ստի վերջին տարիներն էին. պատահական չէր փլուզումը: Սուտը արագ եմ զգում. մի քիչ երեխա եմ մնացել մանկությանս Մեղրիում… Ինքս էլ շատ սխալներ եմ թույլ տվել, չգիտեմ ինչը` լավ, և որը՝ վատ եմ արել, ինչի՞ եմ հասել և ի՞նչ եմ բաց թողել: Ապրում եմ, ստեղծում, փնտրում»:

Շնորհավորում եմ ձեզ: Մեր հանդիպումը համընկավ պատմական օրվա հետ, երբ մեր երկիրը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձը:

– Բոլորիս եմ շնորհավորում: Կամաց-կամաց սկսում ենք ուշադրություն դարձնել պետության սիմվոլներին, հպարտանալ դրանցով. հետաքրքիր ժամանակներ են:

Կարդացեք նաև

Ի՞նչ խորհուրդ ունի այս օրը, հատկապես մեր երկրում տեղի ունեցած վերջին հայտնի իրադարձությունների ֆոնին:

– Այդ օրը վերջապես մեր պատմության հիմնաքարային դիրքն է առնում. պատմության քառուղիներում երկար ժամանակ քարշ եկողի, հալածվողի կարգավիճակից հայտնաբերեցինք մի Ուժ, որ մեզ աստվածախնամ էր դարձնելու: Շքերթը Սարդարապատում… սուրճի ընկերակցությամբ դիտեցի հեռուստատեսությամբ, ռեժիսորը` «գործ ա՝ անում ենք» տարբերակն էր ընտրել, չհասկանալով ոչ մեծ Տոնի բովանդակությունը, ոչ ռիթմը, ոչ մասշտաբը: Հեղափոխություններով չեմ ոգևորվում, հետո էլ, այն, ինչ կատարվեց, վաղուց էի սպասում. կատարվածն ընկալեցի սերնդափոխություն, ինչն ավելի արժեքավոր է՝ քան հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյան վարչապետի ելույթը հավանեցի. ելույթում կընդգծեի ձայնի ելևէջը. ազնվության մղում կար ներսում:

Ինչո՞վ է արտահայտվում Ձեր ոգևորությունը:

– Մասնագիտությունս դաստիարակել է լինել զուսպ. ոչ թե ինքնաոգևորվել, այլև գործով ոգևորել դիմացինին: Շատերին թվում է, որ իրենց գործը ճառելն է. հիմա գործ անելու ժամանակն է:

Վերադառնանք անցյալ: Դուք լուսաբանել եք ինչպես՝ 1988-ին սկիզբ առած շարժումը, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները

– Այո, բայց երբեք վերլուծություններով չեմ զբաղվել: Ինֆորմացիայի հետ գործ չունեմ, այլ զգացողությունների, ինտուիցիայի: Այս անգամ էլ՝ դեռևս ապրիլի 21-ին զգացի կատարվելիքը, 22-ին գեղանկարիչ Էդուարդ Խարազյանի հետ գինով նշեցինք հաղթանակը: Տեսնում էի, որ սերնդափոխության խնդիրն է դրված փողոցային Պաստառին, իսկ 23-ին արդեն հանձնման «պաշտոնական» արարողությունն էր տեղի ունենում:

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի աշխատանքն այդ օրերին հեղափոխական աշխատանք էր, գնահատելի, մարդկանց մեծամասնությանը ոգևորող… բայց նույնքան էլ անհայտ մի թիմի (որի հասցեն կարծես չեմ կարողանում մատնանշել), ողջամտությունն էր գնահատելի, որը որոշում կայացրեց (երկու կամ երեք տարի առաջ)՝ ինչ-որ մի ձևի մեջ հանձնել իշխանությունը:

Իմ ընկալումը չի արժեզրկում մեծաթիվ զանգվածի` այս իրադարձությունները հեղափոխություն ընկալելու միտքը, այլև, ընդհակառակը, ընդգծվում է հայերիս, ինքներս մեզ հավաքական տեսնելու իմաստնությունը: Լավ է, որ սթափվեցինք; Հասել էինք մի քարի, որին կամ պետք էր նստել-մտածել, կամ վերցնել ու ինքներս մեր գլխին խփել. մեր գոյությունը հարցականի տակ էր: Ինչևէ, սերնդափոխության էստաֆետը կայացած է:

Ի՞նչ եք ակնկալում այս սերնդափոխությունից:

– Աշխատանք, եռանդ, տաղանդ և նորից` աշխատանք, եռանդ ու տաղանդ:

Դուք երկու հեղափոխության ականատեսն եք՝ 1988-ին և 2018-ին: Շատերն այս երկու հեղափոխությունները նմանեցնում են իրար. Ձեր կարծիքը

– Երկու դեպքում էլ հանձնման արարողություն էր. 1988-ին Սովետ Միությունը հանձնում էին Արևմուտքին, ասելով՝ այլևս անհնար է այդ հոգնած, փչացած մեքենան պահել, բայց նախապայմանով` Արևմուտք, քո զենքով չպետք է գրոհես այն տարածքներից ներս, որի սահմանները փակ դռների հետևում նախանշված են… Իսկ հիմա, պետության ծռված ղեկը հանձնվում է իրեն նոր հայտագրած սերնդին, պայմանով, որ…

Տեխնիկական մանրամասները ճշտելիք են: Միշտ գալիս է պահը, երբ պետք է փոխվես` արվեստում, շրջապատում թե ավելի գլոբալ իրավիճակում. զգալու, հասկանալու բան է: Ինչ-որ բաներ հաճախ արագ են փոխվում, ու հայտնվում ենք այլ իրողության մեջ: Գիտության լեզվով ասածս ծիծաղելու չափ պարզ էր թվալու, մինչդեռ սոցիոլոգիայում չափազանց բարդ է ընկալել, ու շատ ավելի բարդ է իրականացնել: Հիմա ժամանակն է եկել գործելու. գործ, գործ, գործ:

Ես պետք է լուսանկարեմ, դու պետք է շարունակես զբաղվել լրագրությամբ, ոստիկանը պետք ծառայի, զինվորին պետք է օգնենք Հայրենիքը պաշտպանելու… Մեզ մոտ պրոֆեսիոնալ աշխատանքը երկար ժամանակ անտեսվել է:

Անբանները  կուսակցություններում խրամատավորվել էին, ու պարզ չէր՝ նրանք թշնամո՞ւ կողմ են կրակելու, թե՞ մի շիշ վիսկուց հետո` ժողովրդին… Այն պատկերն էր, որ մեկը թե հարբում, անկեղծանում էր` սա երկիր չի դառնալու… ոստիկաններ, կուսակցականներ, Ֆեյսբուքում բամբասանք գրողներ-տարածողներ, մի ծառ տնկողին տասը հոգով խրատ տվողներ…

Բայց դուք էլ հաջողված լուսանկարիչ եք

– Կուզենայի շոշափելի արտադրանք ստեղծող մեկը լինել: Կուզենայի տիրապետել Երկիր փող բերելու «փեշակին»… Մեկ-մեկ ամաչում եմ, որ լուսանկարիչ եմ: Կուզենայի զինվորական լինել կամ խոհարար, պրոֆեսիոնալ գյուղատնտես, և այլն: Հիմա դոկումենտին առնչվող կենտրոն ստեղծելու գաղափարով եմ տարված. Դոկումենտալը՝ որպես գաղափար, հասկացություն, փիլիսոփայություն, նրա դրսևորումները, ոչ միայն լուսանկարի իմաստով:

Հայաստանյան վերջին զարգացումներին ներկա՞ էիք:

– Մի քանի կադր արեցի…Դեռևս մայիսի 1-ին ֆեյսբուքյան իմ էջում գրել էի, որ մայիսի 9-ը կգա մայիսի 7-ին, բայց եկավ 8-ին: Զգում էի, որ հանձնման արարողություն է ընթանում: Իջա հրապարակ, որ տեսնեմ, զգամ մարդուն, լուսանկարեմ… Վերջին երկու ամսում նոր գրքիս նյութի հետ էի… Նախորդ գրքիս՝ «Սև, սպիտակ Եռագույն»-ում խնդիրը մարդն էր՝ կերպարներ, դեմքեր…

Այս մի դեպքում մարդուն հեռու եմ տարել՝ փոխարենն առաջնագիծ բերելով մաքուր լուսանկարը: Համարում եմ, որ նոր եմ սկսում լուսանկարչությունը, և այս գիրքը նախորդից ավելի լավը կլինի:

Ավելի քան 35 տարի զբաղվում եք լուսանկարչությամբ և հիմա ասում եք՝ նոր եմ սկսելԹեև համամիտ չեմ ասվածի հետ, բայց հարց է ծագում՝ իսկ մինչ հիմա ի՞նչ եք արել, եթե նոր եք սկսում լուսանկարչությամբ զբաղվել:

– (ժպտում է.- Ն.Մ.) Մինչև հիմա՞… սիրում էի մարդու առաջ կանգնել, զգալ նրան, հիանալ նրանով կամ ասել` բարև, Անի… Մարդը տիեզերականի խտացումն է կրում իր ներսում, փորձել եմ հասկանալ և լուսանկարի լեզվով պատմել: Հիմա վերանայում եմ ընկալումներս, խմբագրում, համադրում, ընթերցում…

Ո՞րն եք համարում ոլորտի մեծագույն բացը:

– Բացերը շատ են. բոլորս էլ մեր գործերը վաճառելու խնդիր ունենք, բայց անդուր է, երբ արվեստ վաճառելու աշխատանքը վերածվում է վաշխառուական առուծախի: Պետք է լինի արվեստ վաճառող գեղագետ միջնորդը:

Դուք հետևո՞ւմ էիք արվեստագետների վերջին հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հետ, այնտե՞ղ էիք:

– Տնից հատվածաբար դիտել եմ: Այնտեղ կային իրենց մասնագիտության մեջ շատ հարգված արվեստագետներ, որոնք պարզապես եկել էին ներկա գտնվելու, իրավիճակը զգալու, հասկանալու: Շատերը լռում էին, այսինքն` լսում: Մարտնչող տգիտությունն իրեն մշտապես առաջ է գցել ու գցելու է: Ինքնախաբեությունը վերաճում է ամենաթող խաբեբայության:

Վերջերս վավերագրական արվեստի բնագավառում «Դիմանկար Հայաստան՝ ստուդիական իրականությունից մինչև սևսպիտակեռագույնը» դիմանկարային պատկերաշարքի առիթով ՀՀ նախագահի մրցանակին արժանացաք: Սպասո՞ւմ էիք:

– Ստացա և շնորհակալական խոսքս հայտնեցի արհեստավարժ հանձնաժողովին, «Պողոսյան Հիմնադրամին», «Հայաստան Հիմնադրամին»: Անցած տարիներին կարող էր մեկ ուրիշն ավելի արժանավոր մի գործ արած լինել, ու հենց նա արժանանար այդ մրցանակին: Յուրաքանչյուր մրցանակ իր մեջ սուբյեկտիվության դետալ է կրում:

Տարիների ընթացքին, նաև վերջին երեք տարում բավականին գործեր էի արել, իսկ այդ դիմանկարային շարքը պայմանականորեն առանձնացված էր 25 տարվա իմ գործունեությունից: Կուզենայի՝ այն ավելի լավ ցուցադրված լիներ, որպեսզի մարդիկ ավելի քիչ հարցեր ունենային. ինչո՞ւ հատկապես Զավենն արժանացավ այդ մրցանակին: Խիղճս հանգիստ է, որովհետև մի 30 լավ լուսանկար ունեմ, որ երկրի վիզուալ` ակնադիտական պատմության մասն են կազմելու:

Տեսանյութեր

Լրահոս