Գլոբալ զինաթափման մարմինը կգլխավորի Սիրիան. ՄԱԿ-ի անդամները դժգոհություն են հայտնել
ՄԱԿ-ի անդամները դժգոհել են, որ Սիրիան դառնում է Ժնևում Զինաթափման կոնֆերանսի նախագահողը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրիտանացի դիվանագետների տարածած հայտարարությունում նշված է՝ Միացյալ Թագավորությունը դժգոհում է, որ Սիրիան պիտի ստանձնի Զինաթափման կոնֆերանսի նախագահությունը՝ պատճառաբանելով, որ «այդ ռեժիմը մշտապես անտեսել է միջազգային զինաթափման նորմերը և համաձայնագրերը»:
Միևնույն ժամանակ Ժնևում Վաշինգտոնի դեսպան Ռոբերտ Վուդն իր թվիթերյան էջում գրել է, որ մայիսի 28-ը կարող է լինել պատմության մեջ Զինաթափման կոնֆերանսի ամենամութ օրերից մեկը՝ Սիրիայի չորսշաբաթյա նախագահությամբ: Դամասկոսի ռեժիմը չունի ոչ վստահություն, ոչ էլ բարոյական իշխանություն ղեկավարելու այն: Միջազգային հանրությունը չպետք է լռի:
Ավելի վաղ կատարած գրառմամբ՝ նա կոչ էր արել Ռուսաստանին՝ խնդրելու Սիրիային մի կողմ քաշվել: Եվ, ըստ երևույթին, դա պատասխան չի ստացել:
Զինաթափման կոնֆերանսը ՄԱԿ-ի մարմին չէ, սակայն իր հանդիպումներն անցկացնում է ՄԱԿ-ում Ժնևում: