Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին
Գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ Հայաստանում շարունակելու է բարեգործական ծրագրերը: Դիլիջանում լրագրողների հետ զրույցում, նա նշեց, որ անկախ իշխանությունների փոփոխությունից, ինքը շարունակելու է իր գործունեությունը:
«Արել ենք, անում ենք և շարունակելու ենք անել մեր գործը, անկախ նրանից, թե ովքեր են իշխանությունում: Կոնկրետ մեր գործի հետ կապված ոչինչ չի փոխվել»,-ասաց Ռուբեն Վարդանյանը: Լրագրողների հարցին, թե գործադիրում նոր իշխանությունների պարագայում արդյո՞ք ներդրումային միջավայրի բարելավում չի նկատվում, Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ ինքը Հայաստանում բարեգործությամբ է զբաղվում:
Ինչ վերաբերում է երկրում իրավիճակային փոփոխությանը, ապա Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ Հայաստանում մթնոլորտ է փոխվել, երիտասարդությունը ժպտում է:
«Երիտասարդությունը հավատաց, որ կարող է իրավիճակի վրա ազդել, փոփոխություն կատարել: Մեր նպատակն է աշխատել, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա փոփոխությունների ընթացքում սատարում էր Նիկոլ Փաշինյանին, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի կարող սատարել կամ չսատարել: Նա հույս հայտնեց, որ նոր կառավարությունն իր հայտարարած ծրագրերը կյանքի կկոչի: «Տեսնենք, ժամանակ է պետք, դեռ 20 օր է անցել, եկեք սպասենք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը: