
«Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ». եզրափակչին ընդառաջ

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և կտրվի տարվա ֆուտբոլային ամնասպասված հարցերից մեկը՝ ո՞վ կդառնա ակումբային ամենաբաղձալի տիտղոսի հաղթողը: «Լիվերպուլը» երկար տարիներ տիտղոս չի նվաճել եվրագավաթներում, իսկ մադրիդյան ակումբը ցանկանում է ցույց տալ, որ ներքին առաջնությունում ոչ կայուն խաղը չի անդրադարձել իրենց վրա, և իրենք կկարողանան երեք անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան:
Մադրիդցիները կարողացել են երրորդ անգամ անընդմեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, և բաղձալի ռեկորդին հասնելու համար մնացել է անել միայն մեկ քայլ:
Բուքմեյքերների կանխատեսմամբ՝ մադրիդյան ակումբը բացահայտ ֆավորիտ է: Բացի այդ, մասնագետների կարծիքով՝ սա Զիդանի թիմի համար ամենաբարդ խաղը չի լինելու:
Անգլիական ակումբի համար այս մրցաշրջանն արդեն իսկ համարվում է պատմական, սակայն լիվերպուլցիները պատմության մեջ այս մրցաշրջանը կարող են գրել ոսկե տառերով: Յուրգեն Կլոպն Անգիայի առաջնությունում կարողացավ փոխել մեզ հայտնի «Լիվերպուլի» դեմքը և ստեղծել էլ ավելի համարձակ, գեղեցիկ ֆուտբոլ դավանող և պայքարող թիմ:
Խաղին ընդառաջ՝ առանձնացրել ենք փաստեր այս հանդիպման մասին.
- Առաջին անգամ «Լիվերպուլը» և «Ռեալ Մադրիդը» հանդիպել են հենց Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Խաղը տեղի է ունեցել 1981 թվականին: Այդ խաղում մերսիսայդցիները հաղթեցին 1:0 հաշվով:
- Չեմպիոնների լիգայում մրցակիցները հանդիպել են 4 անգամ: 2009 թվականին 1/8 եզրափակչում հաղթեց անգլիական ակումբը՝ 3:0 և 1:0 հաշիվներով: Իսկ 2014 թվականի երկու խաղում էլ հաղթանակը մադրիդցիներինն էր՝ 4:0 և 1:0:
- Չեմպիոնների լիգայում այս թիմերի բոլոր խաղերում գոլ է խփել ակումբներից միայն մեկը:
- Մադրիդյան ակումբը եվրագավաթների 15 եզրափակիչներից հաղթել է 12-ում: Ընդ որում՝ վերջին 6 եզրափակիչները եղել են հաղթանակած:
- Անգլիական ակումբը եվրագավաթներում հաղթել է 6 եզրափակչից 5-ում:
- «Լիվերպուլն» իր պատմության ընթացքում իսպանական թիմերի նկատմամբ տարել է 14 հաղթանակ, 12 անգամ խաղացել է ոչ-ոքի և 11 անգամ պարտվել է:
Սիրարփի Աղաբաբյան